ԲԱԼԶԱԿԸ ԱՂՋԿԱ ԵՎ ԿՆՈՋ ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

«Իրականում, երիտասարդ աղջիկը շատ պատրանքներ ունի, նա այնքա՜ն անփորձ է, և նրա սիրո մեջ խոշոր դեր է կատարում բնազդը․․․ Իսկ կինը ահագին զոհաբերությունների է գնում գիտակցված կերպով։ Առաջինը տարվում է հետաքրքրասիրությամբ, սիրույն խորթ հրապույրներով, մյուսը գիտակցաբար ենթարկվում է զգացմունքին։ Մեկը ենթարկվում է, մյուսը՝ ընտրություն անում։ Կյանքի ճանաչողությամբ զինված կինը, որի համար նա գրեթե միշտ թանկ է վճարում իր դժբախտություններով, տրվելով, կարծես, ավելին է տալիս, քան ինքն է, մինչդեռ դեռատի աղջիկը՝ անփորձ և դյուրահավատ, ոչինչ չիմանալով, չի կարող ոչինչ համեմատել, ոչինչ գնահատել, նա ընդունում է սերը և ուսումնասիրում է այն։ Աղջիկն ուզում է ամեն ինչ ճանաչել և միամիտ այն բանում, որում կինը քնքուշ է։ Առաջինը ձեզ միայն հաղթանակ է պարգևում, մյուսը ձեզ հարկադրում է մշտնջենական պայքար մղել։ Առաջինը միայն լալիս է և սփոփանքներ փնտրում, երկրորդը հեշտասիրություն և խղճի խայթեր ունի։ Եթե դեռատի աղջիկը սիրուհի է դառնում, նշանակում է նա չափազանց փչացած է, և նրան գարշանքով կլքեն, մինչդեռ կինը հազարավոր միջոցներ ունի՝ պահելու միաժամանակ թե՛ իր իշխանությունը, թե՛ իր արժանապատվությունը։ Դեռատի աղջկա պչրանքը միօրինակ է և ենթադրում  է, որ ամեն ինչ ասված է, երբ հանում է իր շորերը, բայց կինը հազարավոր պչրանքներ ունի և ծածկվում է հազարավոր քողերի տակ։ Վերջապես նա շոյում է բոլոր սնափառությունները, իսկ աղջիկը միայն մեկը։ Անվճռականություններ, սարսափներ, երկյուղներ, հուզումներ և փոթորիկներ են խռովում կնոջը՝ մի բան, որ չի կարելի հանդիպել դեռատի աղջկա սիրո մեջ։ Կինը պահանջում է, որ տղամարդը նրա նկատմամբ հարգանք տածի, դրանով հատուցելով այն, ինչ կինը զոհաբերել է նրան։ Նա ապրում է սոսկ նրա համար, մտահոգվում է նրա ապագայով, ցանկանում է, որ նա գեղեցիկ կյանք ունենա, նրան մղում է դեպի փառքը։ Կինը հնազանդվում է, խնդրում ու հրամայում, ընկնում է ու բարձրանում և գիտե սփոփել այն դեպքերում, երբ դեռատի աղջիկը միայն հեծում է։ Վերջապես, նրա կացության բոլոր առավելություններից զատ, կինը կարող է ձևանալ դեռատի աղջիկ, խաղալ բոլոր դերերը, ամոթխած և գեղեցիկ լինել նույնիսկ դժբախտության մեջ։ Նա այդ դրության մեջ կարող է ծիծաղել, կատակախոսել, զգացվել՝ առանց իրենց անվանարկելու։ Նա այն ժամանակ օժտված է տղամարդու բոլոր զգայուն լարերին դիպչելու և դրանցից բխող հնչյուններն ուսումնասիրելու անհրաժեշտ տակտով։ Նրա լռությունը նույնքան վտանգավոր է, որքան խոսքը։ Դուք երբեք չեք կռահում՝ նա անկեղծ է, թե կեղծ, ծաղրում է, թե սրտաբաց է իր խոստովանությունների մեջ։ Ձեզ իրավունք է տալիս իր դեմ մարտնչելու, բայց, հանկարծ, մի բառով, մի նայվածքով, այն ժեստերից մեկով, որի ուժը միայն նրան է հայտնի, դադարեցնում է պայքարը, ձեզ լքում է, մնալով ձեր գաղտնի տիրուհին, ազատորեն ձեզ սպանում է մի կատակաբանությամբ կամ զբաղվում է ձեզնով, հավասարապես պաշտպնավելով իր թուլությամբ և ձեր ուժով»։

Комментарии

Популярные сообщения