ԲՌՆԱԿԱԼ «ՊԻՏԻ»-Ն։ ԿԱՐԸՆ ՀՈՐՆԻ

«Պիտի»-ի
բռնակալության պայմաններում, բնականաբար, մենք անտեսում ենք մեր իրական ցանկությունները,
ձգտումները, քանզի գլխավորապես գործում ենք մեր իրական էությունից օտար, արտաքին ազդակներից
ելնելով։ «Պիտի»-ն ոչ այլ ինչ է, քան փախուստ ինքներս մեզնից, մեր բնությունից։ Այդ «պիտի»-ի հիմա վրա էլ խարսխվում է այն, ինչ Հորնին
անվանում է համապարփակ նևրոտիկ լուծում, այլ խոսքով` ոչ միայն առանձին վերցրած ինչ-որ
կոնֆլիկտի լուծում, այլև լուծում, որը խոստանում է մարդու ներքին բոլոր պահանջմունքների
բավարարում, որոնք նա տվյալ պահին ունի: Ավելին` այն խոստանում է ոչ միայն ազատագրում
հիվանդագին ու անտանելի զգացողություններից (տագնապից, անլիարժեքության զգացումից և
այլն), այլև սեփական անձին կամ կյանքին առեղծվածային կերպով կատարելություն հաղորդելու
հավակնոտ հեռանկարներ է ներշնչում: Ուստի, զարմանալի չէ, որ երբ նևրոտիկին թվում է,
թե ինքը գտել է այդպիսի լուծում, ջղաձգորեն կառչում է դրանից և դառնում կոմպուլսիվ:
Կոմպուլսիվ պահանջմունքները ոչ մի ընդհանուր բան չունեն այն ամենի հետ, ինչ մարդը ցանկանում
և զգում է իրականում, այլ որոշվում են նևրոտիկ կառուցվածքի ներքին անհրաժեշտությամբ,
որը մարդուն ստիպում է տարերային ակտիվության (անձը կարող է բուռն ակտիվություն զարգացնել՝ նոր օտար լեզուներ սովորել, որևէ երաժշտական գործիքի վրա նվագել սովորել, նոր մասնագիտություն ձեռք բերել, մի խոսքով, ցանկացած ակտիվություն, որի նպատակը, ոչ թե ինքնիրացումն է, սեփական ներուժի ստեղծագործական դրսևորումը, այլ փախուստ ինչ-որ ներքին խնդիրներից, անցյալի հետ կապված որևէ տառապալից իրադարձություն մոռացության տալը և այլն): Ուստի, երբ մենք խոսում ենք կոմպուլսիվ
հակումների մասին, ապա նկատի ունենք այն միտումները, որոնք հակադիր են անհատի ինքնաբուխ,
իր էության խորքից դուրս ժայթքող ցանկություններին և ձգտումներին: Իր կոմպուլսիվ պահանջմունքների
բավարարմանը նևրոտիկը ջանում է հասնել պարտավորվածության և չի կարելիների բարդ համակարգերի
միջոցով: Մարդն ստիպված է դրանց ենթարկվել, մի կողմ թողնելով իր սեփական ցանկությունները,
զգացումներն ու հետաքրքրությունները, այլապես նա կտառապի մեղքի զգացումից ու տագնապից:
Ուրիշ խոսքերով եթե ասենք, կոմպուլսիվության և ինքնաբուխության միջև տարբերությունը`
դա «ուզում եմ»-ի և «պետք է»-ի միջև տարբերությունն է: Թեպետ, հնարավոր է, որ անհատը
իր կոմպուլսիվ հակումները բացատրի գիտակցական նպատակադրմամբ, թե նա ինքն է ցանկանում հասնել այս կամ այն ոլորտում ձեռքբերումների
կամ հաջողությունների, իրականում, սակայն, նա ստիպված է դրանց հասնել:
Անկախ «պիտի»-ի
հիմքում ընկած անգիտակցական հոգեբանական մեխանիզմներից, միանգամայն հնարավոր է դրանից
ձերբազատվել, պարզապես պետք է դա իսկապես
ուզել, շաաաա՜ ուժեղ․․․ վերոհիշյալ «պետք է»-ն այն դեպքն է, որտեղ վերջինս համարժեք
է ուզելուն։
Գրականություն։
Карен Хорни, НЕВРОЗ И ЛИЧНОСТНЫЙ РОСТ, Борьба за
самореализацию, Б.С.К. Восточно-Европейский институт психоанализа
Санкт-Петербург 1997 ББК88 Х86, Перевод Е И Замфир Научная редакция проф М М
Решетникова
Комментарии
Отправить комментарий