ԱՆՁԻ ՏԱԳՆԱՊԱՅԻՆ/ԽՈՒՍԱՓՈՂԱԿԱՆ ԽԱՆԳԱՐՈՒՄ

Անձի տագնապային/խուսափողական խանգարումով մարդիկ չափազանց մտահոգված են իրենց կարծեցյալ թերությունների և ուրիշների հետ իրենց փոխհարաբերությունների շուրջ։ Նրանց մոտ արտահայտված է լքված կամ մերժված լինելու վախը։ Հնարավոր կորստի և մերժվածության զգացումները այնպես ցավագին են ապրվում տագնապային այցելուների կողմից, որ վերջիններս նախընտրում են միայնակ մնալ, քան փորձել հարաբերություններ հաստատել ուրիշների հետ։ [3] Նրանք սեփական անձի հանդեպ անարգանքի զգացումով են համակվում, երբ գնահատում են իրենց ֆիզիկական և անձնային բնութագրերը։ Ճիշտ է, բացակայում են էմպիրիկ հետազոտությունները, սակայն, մի շարք մասնագետների կարծիքով, անձի տագնապային/խուսափողական խանգարման հիմքում ընկած է ծնողներից մեկի կամ երկուսի կողմից մերժվածությունն է։ [4]


Ախտանշանների նկարագրությունը և այցելուի խոստովանություն


·        Գերզգայունությունը քննադատության/մերժվածության նկատմամբ
·        Ինքնակամ մեկուսացումը սոցիալական շփումներից
·   Չափազանց ամոթխածությունը կամ տագնապը սոցիալական իրադրություններում, նույնիսկ եթե տվյալ անձը զգում է մտերիմ հարաբերությունների պահանջ[11]
·        Խուսափումը ֆիզիկական հպումներից, քանի որ դրանք զուգորդվում են տհաճ և ցավագին ազդակների հետ
·        Ոչ համարժեքության, անբարեհարմարության զգացողություն
·        Ցածր ինքնագնահատականը և ինքնահարգանքի ընդգծված պակասը
·        Անվստահությունը ուրիշների նկատմամբ
·        Մտերմությունից խուսափումը, շփումներում հուզական տարածություն պահպանելը
·        Սուր ինքնաքննադատությունը
·        Աշխատավայրում խնդիրները ՝ կապված դժվարություններից խույս տալու և այլնի հետ
·        Ուրիշների համեմատ ստորադաս լինելու զգացումը
·        Որոշ դեպքերում՝ ագորաֆոբիա /վախ ազատ տարածության նկատմամբ/

·        Երևակայության գործածումը որպես ցավագին զգացողություններից խույս տալու միջոց։

Հիշում եմ, փոքր տարիքում շատ հուզական աղջիկ եմ եղել: Մայրս ավելի մեծ ուշադրություն էր հատկացնում քրոջս, քան ինձ. և ես ինձ շատ լքված էի զգում: Առանձնանում էի սենյակում և լաց լինում: Պատահեց այնպես, որ 18 տ. հասակում, ես տեղեկացա ինձ համար շատ մտերիմ ընկերների խնդրի մասին: Նրանք ամուսիններ էին: Խնդիրը կապված էր կնոջ սեռական սառնության հետ, նա չէր սիրում իր ամուսնուն: Ամուսինն էլ հիանալի անձնավորություն էր: Ես շատ էր տառապում նրանց համար, անդադար մտածում էի՝ ինչպես օգնել նրանց՝ հաղթահարելու խնդիրը և պահպանել ամուսնությունը: Ես խղճում էի երկուսին էլ, բայց ավելի շատ՝ ամուսնուն: Ժամանակի ընթացքում ինչ-որ աննորմալ կապվածություն առաջացավ այդ տղամարդու նկատմամբ: Պատահել է, որ մենք երկուսով ենք լաց եղել նրա ցավալի իրավիճակի պատճառով: Ես ամեն ինչ չափազանց ծանր եմ տանում և հոգնել եմ ինձնից: Չեմ ուզում, որ ինձ խղճան, բայց, անկախ իմ կամքից, իմ ընկերների ուշադրությունն եմ հրավիրում ինձ վրա: Չգիտեմ ինչպես դուրս գալ այս վիճակից:




Ես, ինչ ինձ հիշում եմ, շատ ամաչկոտ և բարդույթավորված եմ եղել: Խուսափում էի առիթներից, մարդկանց մեծ կուտակումներից և շատերն ինձ կեղծավոր էին թվում: Ես չէի վստահում նրանց և ամեն կերպ ձգտում էի տարածություն պահպանել: Չգիտեմ, ինչպես էր դա պատահում, բայց ես ամեն անգամ նույնատիպ խնդիրների մեջ էի հայտնվում: Հոգնում էի ամեն ինչից, սակայն, ինչ-որ տարօրինակ կերպով բուռն ակտիվություն էի զարգացնում: Ես բազմազբաղ առօրյա ունեի, և այդ ամենը կարծես ինձ օգնում էր, անընդհատ ինչ-որ բանով զբաղված մնալը: Ամեն ինչ փորձում եմ հասցնել: Բայց ես հոգնել եմ, չգիտեմ արդեն՝ ինչից: Երբեմն ոչինիչ չեմ ուզում լսել, ոչինչ իմանալ, ոչինչ չզգալ: Ուզում եմ գնալ մի անմարդաբնակ կղզի, որտեղ ինձ ոչ մեկ չի գտնի: Վախենում եմ նորից միևնույն ժամանակ, շատ եմ սիրում սկզիբը և այն փչանալուց նույնպես վախենում եմ։ Չգիտեմ․․․

Комментарии

Популярные сообщения