ՎԻԶ ԴՆԵ՞Լ

"...Տղամարդը պետք է ջանա ամեն գնով նվաճել իր սիրելի կնոջը և չզիջել: Նա պետք է ձեռնարկի հնարավոր և անհնարին բոլոր միջոցները իր սիրած էակին հասնելու համար: Չտրվող կին չկա, վատ ուզող տղամարդ կա... Ի վերջո, նպատակն արդարացնում է միջոցները":

Եթե այստեղ նկատի ունենանք փոխադարձ իսկական սիրո դեպքում, որոշակի արտաքին խոչնդոտների հանդիպելիս, սիրող զուգընկերների կողմից փոխադարձաբար և միասին պայքարելը սեփական երջանկության համար, ապա, ապա այս կողմնորոշումը միանգամայն ռացիոնալ է: Այո, իսկական սերը չի ընկրկում դժվարությունների դիմաց, այլ, ինչպես, ավետարանում է գրված, «ամեն ինչ հաղթահարում է, ամեն ինչի տոկում է, ամեն բանի հույս ունի և այլն»: Սակայն, եթե մենք հնարավոր ու անհնարին միջոցների տակ հասկանում եք միակողմանի սիրո դեպքում տղամարդու կողմից կնոջ «խելքն ուտելը», ապա նման հայացքը իրերի նկատմամբ խնդրահարույց է, եթե խելացի կողակից ունենալը մեզ համար կարևոր է․․․: Ընդ որում, ուտում են խելքն այն մարդու, ով երբեք էլ այն չի ունեցել։ Բացի այդ «վիզ դնելու» մարտավարության հետ կապված մի շարք հարցեր կան, որոնք արժե հաշվի առնել։



1. Նպատակին հասնելու միջոցները կարող են սահմանափակվել իրավական և բարոյական նկատառումներով: Քաջ հայտնի է, որ Հայաստանում երբեմն կոնկրետ հանցագործություններ են կատարվում «սիրո» հողի վրա։ Սիրո հարցում նպատակը չի արդարացնում բոլոր միջոցները:
2. Չտվող կին, անխոս, կա: Յուրաքանչյուր կին, ով ունի սեփական ես-ի գիտակցում, զգում է իր անհատականությունը, նրա դիմադրությունը պարզապես անհնար է կոտրել, եթե վերջինս առաջարկություն է ստանում տղամարդու կողմից, ով չի համապատասխանում իր իդեալներին և ում հետ նա ընդհանուր ոչինչ չի տեսնում: Այդպիսի կնոջը չեն նվաճում: Փոխարենը, արժանանում են նրա սիրուն: Նա՛ է ընտրողը բոլոր դեպքերում: Հակառակ սրան` անփորձ աղջիկներին են ընտրում` իբրև զոհի: Թերևս հենց դա է պատճառը, որ Հայաստանում իրենց կատարած ընտրության համար գովասանքներ են հնձում ավելի շատ տղամարդիկ, քան` կանայք: Ամեն դեպքում, եթե Ձեզ ասում են, որ շատ համապատասխան զույգ եք, և Դուք դրանից չեք վիրավորվում կամ ներքին անհարմարավետության զգացում ապրում, նշանակում է՝ ամեն ինչ կարգին է…
3. Ինչ վերաբերում է ուզող տղամարդկանց, ապա նրանք առանձնացնում են ցանկալիին հասնելու կամակոր ձգտմամբ: Իսկ ցանկալիին հասնելու ձգտումը որևէ առնչություն չունի սիրո հետ: Ցանկալիին հասնելու ձգտումը զուտ ցանկալիին հասնելու ձգտում է: Այդ ձգտմամբ սովորաբար աչքի են ընկնում ցածր ինտելեկտուալ մակարդակ ունեցող և քրեածին վարքով տղաները, ովքեր նույնիսկ քառասուն տարեկանում դուրս չեն գալիս դեռահասության տարիքից: Այդպիսի անձանց բնորոշ է ներքին շոշափելի դատարկությունը և արտահայտված ագրեսիվությունը: Վերջիններս, նպատակին հասնելուց հետո, իրենց դրսևորում են այն մանկահասակ երեխաների նման, որոնք նախքան տենչալի խաղալիքի ձեռք բերելը ուժգին լացում են, մինչև անգամ ընկնում հիստերիայի մեջ, բայց հենց ունենում են, արագ կորցնում են հետաքրքրությունը նրա նկատմամբ կամ կոտրում այն` ժամանակին իրենց այդպես դառնորեն լացացնելու համար: Եթե չեն կոտրում, ապա գցում են ինչ-որ անկյունում և վերստին ուշադրություն դարձնում իր խաղալիքի վրա միայն այն ժամանակ, երբ ուրիշ երեխա է հետաքրքրություն է հանդես բերում նրա նկատմամբ։ Կենսաբանական տարիքով և չափսերով այդպիսիք մեծանում են, պահանջմունքներն են մի փոքր փոխվում, բայց դրանց բավարարման ձևերը բոլոր տարիքային շրջափուլերում մնում է նույնը։ Ի վերջո, ուզող տղամարդկանց միջոցները կենսունակ են, երբ անփորձ աղջիկները չգիտեն ինչ են ուզում:
4. Վատ ուզող տղամարդիկ ըստ ամենայնի նրանք են, ովքեր բավարար անձնային հասունություն ունեն գիտակցելու համար, որ սիրո հարցում պայքարը գլխավորապես վերաբերում է արդեն իսկ կայացած հարաբերությունները փրկելուն, երբ զույգը հայտնվել է ճգնաժամի մեջ: Մինչդեռ փոխադարձություն մուրալը ինքնասիրության, ինքնահարգանքի և ռացիոնալ կողմնորոշման խնդիր է... Դիմացինի մեջ զգացմունքներ առաջացնելը անհնար է և միանգամայն անիմաստ, արժեքներ սերմանելը մանկավարժների գործն է, փախցնելը՝ հանցագործների ու թարմ մսի սիրահարների։ Բացի այդ, իսկական սիրո դեպքում, տղամարդը և կինը, ասես, միաժամանակ են սիրահարվում իրար և ամրապնդում իրենց կապը: Հարաբերությունները զարգանում են սահուն և գեղեցիկ գեղեցիկ կերպով՝ զերծ ամեն տեսակ պայմանականություններից։
Սերն ազատության զավակ է․․․․ Ինչպես հայտնի ֆիլմում է ասվում․ «Բաց թող նրան, ինչպես Նոյը տապանից բաց թողեց աղավնուն, եթե նա վերադարձավ, ուրեմն քոնն է․․․»

Комментарии

Популярные сообщения