Բլոգում պարբերաբար տեղադրվում են հոգեբանության տարբեր բնագավառների, հոգեթերապիայի տեսության և պրակտիկայի հիմնախնդիրներին առնչվող, ինչպես նաև սոցիալական երևույթների վերաբերյալ հոգեբանական դիտարկում պարունակող նյութեր։
ԵԹԵ ԿՈՒՅՐԸ ԿՈՒՅՐԻՆ ԱՌԱՋՆՈՐԴԻ, ԵՐԿՈՒՍՆ ԷԼ ՓՈՍԸ ԿԸՆԿՆԵՆ
Լրջագույն որոշումներ կայացնելիս, մեզ հաճախ հետաքրքրում է մեր մտերիմների, հարազատների, ընկերների և այլոց կարծիքը։ Խորհրդակցելը, ինչ խոսք, կարող է օգտակար լինել։ Սակայն, եթե դրա նպատակը կյանքում կատարելիք մեր ընտրությունների, քայլերի վերաբերյալ կանխավ նրանց հավանությանն անվերապահորեն արժանանալն է, ապա այդպիսի կողմնորոշումը կարող է խնդրահարույց լինել։ Դա խոսում է դատապարտվելու երկյուղի մասին։ Մենք կարող ենք ամաչել, եթե մեզ համար նշանակալի մարդիկ քննադատեն մեր ընտրությունը, քայլը, որոշումը և, նրանց հետ ամեն ինչ համաձայնեցնելով, ըստ էության, ցանկանում ենք ապահովագրել մեզ ավելորդ լարվածությունից։ Ընդ որում, այստեղ մենք չենք վստահում ինքներս մեզ, իրերը, մարդկանց համարժեք ընկալելու մեր ունակությանը, վախենում ենք սխալվելուց, ինքնուրույն գործելուց և մեզ վրա, անկասկած, հեշտ կլինի ազդել։ Միևնույն ժամանակ, ուրիշների դիտողություններով կուրորեն առաջնորդվելու մեջ մի յուրատեսակ ձեռնածություն էլ կա, որոգայթ, որ մենք անգիտակցաբար լարում եք մեր խորհրդատուի դեմ․ չե՞ որ, անհաջողության մատնվելու դեպքում, մենք ազատում ենք մեզ սեփական գործողությունների համար պատասխանատվությունից և դնում այն նրա ուսերին։ Իսկ ի՞նչ, եթե ուրիշներն իրենց նախաձեռնությամբ են որոշում մեզ խորհուրդներ տալ։ Լավ նկատառումներից ելնելով, մեր մտերիմներն ու հարազատները կարող են մեզ ուղղություն ցույց տալ, միջամտել մեր գործերին։ Պարզ է, որ նրանք սիրուց մղված են դա անում։ Սակայն, դրական շարժառիթները բավարար չեն խելամիտ և արդյունավետ կողմնորոշվելու համար։ Հետևապես, կյանքի դժվար, երկընտրելի, միանշանակ ճիշտ կամ սխալ լուծում չենթադրող իրավիճակներում առավելագույնս արդյունավետ կողմնորոշվելու համար, իսկապես մտահաս, չեզոք և օբյեկտիվ դիտող է հարկավոր, քան մեկը, ում կողմից մեր նկատմամբ վերաբերմունքը շաաաատ հուզական է։
Комментарии
Отправить комментарий