ԿՆՈՋԸ ԲՆՈՐՈՇ ՄԱԶՈԽԻԶՄԸ ԵՎ ԻՄԱՑԱԿԱՆ ԱՆՆԵՐԴԱՇՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ

Աշոտ Թորոսյան


«Տղամարդը պետք է լինի էնպիսին, որ կինը կարողանա նրա վրա հենվել, լինի առնական, հաստատակամ, իր խոսքի տերը, մի խոսքով` տղամարդու հոտ գա վրայից: Թե չէ, որ «ղզիկ» եղավ, տան մեջ իր խոսքը չունեցավ, էտ էլ ի՞նչ տղամարդ»:

Այսօրվա հայաստանյան իրականության համար ամենևին էլ տարօրինակ չէ նման տեսակետը հնչեցնելը կամ այն ջանադրաբար պաշտպանելը: Մի կուռ աշխարհայացք, մի ողջ կենսակերպ է կառուցված այս դատողության վրա: Այն ոգեշնչում է տղամարդկանց, մխիթարում՝ կանանց: Քանի դեռ կենսունակ է «ձեռքը սեղանին» խփելու կենսափիլիսոփայությունը տղամարդու և կնոջ սեռա-դերային բաժանման մեջ, տղամարդը իրեն կարող է հանգիստ զգալ իր «աթոռի» վրա: Սակայն խնդրի հոգեբանական վերլուծության դիրքերից բավականաչափ հետաքրքական երեսակներ կարելի է նկատել կնոջ` ավանդականորեն պայմանավորված ստորադաս վիճակում:

Նրանք, ովքեր դժբախտություն ունեն Հայաստանում իրերի վերաբերյալ առողջ մոտեցում ունենալու նկատած կլինեն, որ, պատմականորեն և սոցիալ-մշակութային այլ գործոններով պայմանավորված, մեր օերերում հայ հասարակությանը բնորոշ ընտանեկան հարաբերություններում, տղամարդու գլխավորությունը ոչ այլ ինչ է, քան ամենաիսկական դիկտատուրա: Հպանցիկ անդրադառնանք ընտանեկան բռնատիրոջ իրավունքներին. պարբերական ծեծեր, ուրիշերի ներկայությամբ կնոջ հասցեին նվաստացուցիչ արտահայտություններ, ամուսնական անհավատարմություն՝ վեներական հիվանդությունների հնարավոր ելքերով և այլն: Անդրադառնանք կնոջ պարտականություններին. լռություն, լռություն և դարձյալ՝ լռություն:
Գաղտնիք չէ, որ ամենակուլ իշխանության նկատմամբ, տարբեր հասարակական հարաբերությունների դեպքում, մարդիկ տարբեր վարքային հակազդումներ են դրսևորում: Եվրոպացի կանայք, օրինակ, ներընտանեկան բռնությունների դեպքում ահազանգում են իրավապահ մարմիններին, հայ կանայք, եթե «մոր թախտին արժանանալու» բարեբախտությունն են ունեցել՝ մորը: Եվրոպացի իրավապահները ձերբակալում են իրավախախտին՝ բռնություն կիրառող տղամարդուն և համապատասխան պատասխանատվության ենթարկում, հայ մայրերից ոմանք, նույնպես, դատապարտում են մեղավորին՝ սեփական դստերը, որը հիմարություն է ունեցել զանգահարելու իրենց. պետք է արժանապատվորեն տառապել սեփական դժբախտության մեջ: Անհաջող ամուսնության պարագայում, երբ սպառվել են կողակիցների՝ միմյանցից օտարվածության հաղթահարման բոլոր ողջամիտ տարբերակները, եվրոպացիները նախընտրում են բացահայտ խզումը, քան ձևական ամուսնության շարունակությունը, հայերը, որոնց հասնելու համար եվրոպացիները դեռ շատ հաց ու պանիր պետք է ուտեն, հասել են այն գիտակցության, որ «էշին նստելը մի աիբ ա, էշից իջնելն՝ երկու»: Վայրի Արևմուտքում՝ սոցիալական պաշտպանության ոլորտում, ամուսնալուծության հետևանքով առաջացած տարաբնույթ սթրեսների չեզոքացմանն ուղղված բազմապրոֆիլ մարդասիրական նախագծեր են գործում կնոջ և երեխաների հոգեվերականգնման համար, ինչպես օրինակ, «ամուսնալուծություն՝ առանց դիսթրեսի» և այլն: Վայրենի արևելքում նույնպես նախագծեր կան. թանկարժեք մեքենաներով անհատ անձինք մշտապես պատրաստ են առաջարկելու իրենց ծառայությունների լայն փաթեթը միայնակ կանանց: Բայց դե, այսքանից հետո, մենք դարձյալ մնում ենք այն կարծիքին, որ պոռնիկը Եվրոպան է...
Ինչևէ, դիտարկենք հայ կանանցից ոմանց վարքային ստրատեգիաները, որոնք թեպետ չեն ամուսնալուծվել, սակայն արդեն հասկացել են, որ «նախրի մեջ էշի ճակատն են պաչել»: Նման իրավիճակում շատերը որդեգրում են «ջայլամային մարտավարություն». գլուխը թաքցնում են ավազի մեջ, որպեսզի չտեսնեն ախոյանին: Սա պասիվ ինքնապաշտպանական ստրատեգիա է, որի դեպքում, երբ մարդու երեսին թքում են, ասում է՝ անձրև է գալիս: Մեկ այլ մարտավարություն է արժանապատիվ տղամարդկանց մեջ «չմոներ» փնտրելը: Այս մարտավարությունը լիովին տեղավորվում է ժողովրդական այն առածի տրամաբանության մեջ, որն ասում է. «Աղվեսի դունչը խաղողին չի հասնում, ասում է՝ պտուղը խակ է»: Վերոհիշյալ վարքային ստրատեգիայի դեպքում հայ մազոխիստները խորշանք են զգում կանանց նկատմամբ հարգալից վերաբերմունք հանդես բերող տղամարդկանց և ցանկացած հավասարակշռված մոտեցման նկատմամբ՝ ապաստան գտնելով ծայրահեղությունների մեջ: Վերջինս ենթադրում է՝ սեփական բռնապետի բարոյական նկարագրի վեհացում, նրանում առողջ բանականության և համամարդկային արժեքների տեսանկյունից նողկալի հատկանիշների բացասում և այլ: Կարճ ասենք՝ մազոխիզմ: Ընդհանրապես, մազոխիզմ ասելով մենք, սովորաբար, հասկանում ենք սեռական նախընտրության աղավաղում, երբ բավարարվածության զգացում է առաջանում ցավ և նվաստացում պատճառելու միջոցով, ընդ որում, եթե անձը գերադասում է ենթարկվել նման ներգործության: Չբացառելով հայ կանանց շատերի մոտ սեռական մազոխիզմի առկայությունը՝ շարունակենք նրանց բարոյական մազոխիզմի հոգեբանական առանձնահատկությունների նկարագրությունը: Այսպես, սեփական դժբախտ գոյության ողջ խորությունը գիտակցելուց խուսափելու միտումը արգելափակում է ցանկացած ինֆորմացիա, որը կապված է իրերն իրենց անուններով կոչելու կամ հասկացությունները ճշգրիտ ձևակերպելու հետ: Այդ երևույթը կոչվում է իմացական աններդաշնակություն կամ կոգնիտիվ դիսոնանս: Հասկացությունը ներմուծել է Լեոն Ֆեստինգերը: Իմացական աններդաշնակությունը բնութագրվում է անձի գիտակցության մեջ այս կամ այն երևույթին վերաբերող հակասական գիտելիքների, համոզմունքների, վարքային դիրորոշումների կոնֆլիկտային բախմամբ, որի դեպքում անձը պետք է ընտրի մեկը, բացասի՝ մյուսը: Այդ երևույթի հետ կապված հոգեկան ապրումները նշանակվում են կոգնիտիվ դիսոնանս հասկացությամբ: Վերջին ժամանակներում իմացական աններդաշնակության երևույթի վրա մեծ ուշադրություն է դարձվում գլխավորապես ազդեցության հոգեբանության, կրոնական խմբերում գիտակցության կառավարման մեխանիզմների ուսումնասիրության ոլորտում, սակայն, կարծում եմ, պակաս հետաքրքրական չէ այն դիտարկել նաև  հայ կնոջ վարքագծում:
Իմացական աններդաշնակությունը այստեղ ենթադրում է մի շարք «դիցեր» կամ կեղծ դատողություններ, որոնցից հիշյալ հայ կանայք հուսահատորեն կառչում են: «Ես չեմ կարող բաժանվել, որպեսզի երեխաներիս չզրկեմ «միասնական ընտանիք» ունենալու երանությունից», «Տղամարդը պետք է նաև սիրուհիներ ունենա, բավոնց», «Ավելի լավ ա վայրենի ըլնի, քան՝ «դոձիկ»» և այսպես շարունակ: Սրանք կազմում են ինքնախաբեության այն բուրգը, որի ներսում թաղված է սեփական անվճռականությունը:
Այդուհանդերձ սուտը երբեք չի կարող ամոքել գոյությունդ: Ճշմարտությունն է բարձրագույն արժեք, որքան էլ որ այն ցավալի լինի: Պատահական չէ, որ «ճանաչեցե՛ք ճշմարտությունը, և ճշմարտությունը կազատի ձեզ» ավետարանական հիմնադրույթը ընկած է հոգեթերապիայի հիմքում: Վաղ թե ուշ անխուսափելի է բախումը սևակյան տողերում արտացոլված դառն իրականության հետ....

Չեմ հարգում շանն էլ, որին չար տերը
Անտեղի տեղը որքան ծեծում է,
Այնքան նա լիզում տիրոջ ոտերը՝
Իրեն տրորո՜ղ-ջարդո՜ղ ոտերը,
Եվ կծելու տեղ լոկ կաղկանձում է..

Комментарии

Популярные сообщения