«ՍՈՒՐԲ-ԳՐԱՅԻՆ» ՀԻ՞ՄՔ, ԹԵ ԽԵԼԱՑԻ PR ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ



Մի շարք կրոնական կազմակերպություններում որպես ամուսնալուծության միակ հիմք ընդունվում է ամուսնական անհավատարմությունը։ Որպես փաստարկ բերվում են Քրիստոսի այն խոսքերը, թե «ամեն ով որ իր կինն արձակի, առանց պոռնկության պատճառի և ուրիշն առնե, շնություն է գործում, և արձակված առնողը շնություն է գործում»։ (Մատթեոս 19։9) կամ Մաղաքիա մարքարեի գրքում արձանագրված հետևյալ խոսքերը«Որովհետև ես ատում եմ ապահարզանը, ասում է Իսրայելի Տեր Աստվածը» (Մաղաքիա 2։16)։ Ընդ որում, տպագրվում են բազմաթիվ հոդվածներ ամուսնության ամրության, այն հնարավոր բոլոր միջոցներով փրկելու անհրաժեշտության, ամուսնական հարաբերությունները բարելավելու և այլնի մասին։
Առաջին հայացքից տպավորությունն այնպիսին է, որ տվյալ կրոնական կազմակերպության հետևում կանգնած ուժերին լրջորեն անհանգստացնում է ընտանիքի ինստիտուտի ներկա վիճակը, և նրանք ջանում են ամեն կերպ փրկել փլուզման եզրին գտնվող ամուսնությունները։ Փոքր-ինչ ավելի խորքային վերլուծության դեպքում,  սակայն, նրբամիտ դիտողը կարող է ի հայտ բերել ոչ ավանդական կրոնական կազմակերպությունների կողմից ընտանիքի ամրության շուրջ ցուցահանվող հոգածության առավել հավանական դրդապատճառները։
Սկսենք նրանից, որ երեցների, քարոզիչ եղբայրների, «հոգևորապես հասուն անհատների» և տվյալ կրոնական խմբի ներսում նշանակալի այլ անձնանց «սուրբ-գրային» խորհուրդներով «փրկված» ընտանիքների պարագայում, տղամարդու և կնոջ միջև հարաբերություններում, ըստ էության, որակապես ոչինչ չի փոխվում։  Ճիշտ է, լինում են, իհարկե, դեպքեր, երբ ամուսնական խնդիրները խորը կոնֆլիկտածին հիմքեր չեն ունենում և, «Աստվածաշնչի իմաստուն առաջնորդությամբ», զույգին իսկապես հաջողվում է հաղթահարել իրենց տարաձայնությունները և կանխել ամուսնալուծությունը: Սակայն, տողերիս հեղինակի կատարած դիտարկումները ցույց են տալիս, որ «այն, որ աստված միավորեց մեկ լծի տակ, թող մարդը չբաժանի» կամ «Եհովան ատում է ապահարզանը» սկզբունքները, որոնք հիմնավորվում են ամուսնալուծությունների թվացյալ կանխարգելիչ նշանակությամբ իրականում չեն չեզոքացնում խնդիրը, այլ միտված են՝ շոյելու կոնֆլիկտող ամուսինների տագնապներն ու անվճռականությունը` համարժեք լուծում տալու իրենց հարաբերություններում առկա ճգնաժամին, երբ համատեղ կյանքը արդեն իսկ բացահայտել է միմյանց միջև հոգեբանական անհամատեղելիությունը, ինչպես նաև օբյեկտիվորեն գոյություն ունեցող այլ անհամապատասխանություններ: Այդ «սկզբունքները» օգնում են նորահավատներին ապաստան գտնել իրականության ժխտման և այլ պաշտպանական հոգեբանական մեխանիզմների մեջ, որոնց գործառնության դեպքում, նրանք, խնդիրները լուծելու փոխարեն, պարզապես շրջանցում են դրանք` ջանալով, ինչպես իրենք են սիրում ասել, «չկենտրոնանալ» դրանց վրա: Նման միտումները, այսպես ասենք, պարզապես ստիպում են կոնֆլիկտող ամուսիններին իրավաբանորեն չամուսնալուծվել` այն դեպքում, երբ դրան հանգեցնող ներհոգեկան շարժիչ ուժերը շարունակում են պահպանել իրենց կենսունակությունը: Ստացվում է այնպես, որ վարքի մակարդակում, կարծես, ամեն ինչ կարգին է, մինչդեռ ներհոգեկան պլանում խնդիրները շարունակում են հանդես գալ նույն սրությամբ: Սևակն ասում է 




«․․․․ երբ խոր վերքից

Մարդ ժպտում է համառությամբ,
Այդ ժպիտը վերջ ի վերջո

Փոխարկվում է ծամածռության...

Ցավոք, քայքայիչ կրոնական կազմակերպություններում գլխավորապես հենց այդպես ժպտալուն են մարդկանց վարժեցնում, քան վերքերը բուժում։ Այդ երկատվածությունն էլ, իր հերթին, անխուսափելիորեն հանգեցնում է տարաբնույթ հոգեբանական խնդիրների:

Հասկանալի է, որ կրոնական կազմակերպությունների պարագլուխներին ձեռնտու չեն ամուսնալուծությունները, սակայն ոչ այն պատճառով, որ երևույթն ինքնին բացասական է և սթրեսածին, այլ որ ամուսնալուծվող հավատացյալների վիճակագրությունը ամենից առաջ սպառնում է իրենց վարկանիշին։ «Աղանդավորների»՝ ամուսնալուծության գործերով դատական նիստերի ժամանակ, հատկապես, երբ վեճը հետագայում ծավալվում է երեխայի դաստիարակության իրավունքի շուրջ, կարող են արծարծվել հարցեր, որոնք գուցե բացասաբար անդրադառնան տվյալ կրոնական կազմակերպության հեղինակության վրա։ Իսկ եթե դեպքը հասարակական մեծ հնչեղություն ստանա, ապա հնարավոր է լուսաբանվեն ԶԼՄ-ների կողմից, ինչը կարող է հասարակության լայն շերտերի մոտ համապատասխան բացասական վերաբերմունք ձևավորել և բորբոքել կրքերը կրոնապես բաժանված ընտանիքներում։ Այս ամենը, բնականաբար, կտրուկ հակասում է կոնկրետ կրոնական կազմակերպության ռազմավարական շահերին։ Ուստի, պարագլուխները գործի են դնում գաղափարական ազդեցության բորոր հնարավոր լծակները, որպեսզի ամուսնական վեճերը լուծվեն կրոնական համայնքների ներքին խոհանոցում, համապատասխան «իրավասություն» և «մտահասություն» ունեցող երեցների կողմից։ Կարևորն այստեղ ամեն գնով ամուսնալուծության կանխումն է։ Իսկ եթե զուգընկերները, այնուամենայնիվ, որոշում են իրավաբանորեն ամուսնալուծվել եւ ուրիշի հետ վերամուսնանալ՝ այն դեպքում, երբ բացակայում է ամուսնալուծության միակ «սուրբ-գրային» հիմքը՝ ամուսնական անհավատարմությունը, ապա վերջիններս վտարվում են տվյալ կրոնական կազմակերպությունից, և այդ մասին պաշտոնապես հայտարարվում է հերթական հավաքույթի ժամանակ։
Ամուսնալուծության վաղ կանխարգելումը, որպես կանոն, սկսվում է ամուսնությունից առաջ, իսկ հաջող ամուսնության համար անհրաժեշտ է, որպեսզի զուգընկերները լավ ճանաչեն իրենք իրենց և միմյանց։ Թե որքանով են այս խնդրականները լուծելի մի կրոնական խմբում, որտեղ սովորեցնում են, որ սեփական սրտին վստահելը հիմարություն է, այն խորամանկ է և ապականված, ուր մարդիկ հատկանշվում են գերկախյալությամբ, բարձր տագնապայնությամբ, սեփական ուժերի հանդեպ անվստահությամբ (թե վստահությունն էլ կա, ապա գործնականում միայն որպես քարոզիչ), դատեք ինքներդ։ Հավատացյալները երբեմն այնպես են օտարացած լինում իրենց ներքին բնությունից, որ, զուգընկերոջ ընտրություն կատարելիս, տեսնում են ոչ թե սեփական ես-ի շարունակությունն ու համալրումը, այլ սոսկ հավատակցին կամ, եթե բարոյագիտակցության մակարդակն ավելի ցածր է՝ համայնքի ներսում պատասխանատու պաշտոն զբաղեցնողին՝ երեցին, քարոզիչ եղբորը և այլոց, ովքեր նշանակալի դիրք ունեն «աստվածապետական» աստիճանակարգում։ Երբ համատեղ կյանքը բացահայտում է զուգընկերների միջև անհամատեղելիությունը, ապա կազմակերպությունը հոգ է տարել, որպեսզի դրանից բխող նյարդահոգեկան լարվածությունը փոխհատուցվի «հոգևոր» համարվող գործունեության տեսակների մեջ բուռն ակտիվությամբ սեփական խնդիրներից, իրենք իրենցից փախչողները ակտիվորեն քարոզում են, ուսուցանում են իրենց կրոնի դավանաբանությունը, տարբեր միջոցառումների են մասնակցում և այլն։ Ստացվում է, որ ամուսնալուծության վրա դրված արգելքը, որը հանվում է միայն զուգընկերներից մեկի կողմից անհավատարմության դեպքում, ծառայում է բացառապես տվյալ կրոնական կազմակերպության շահերին։ 
 Ամուսնալուծությունը, իհարկե, ծայրահեղ միջոց է և զորեղ սթրեսոր կողմերից յուրաքանչյուրի համար։ Խրախուսել զուգընկերներին կամ հակել նրանց, որպեսզի ամուսնալուծվեն, թերևս խելամիտ չէ։ Նման դեպքերում, ինչպես ասում են՝ «եթե տան կտուրը ծակվում է, ապա պետք է այն նորոգել և ոչ թէ տունը փոխել»: Բայցևայնպես, յուրաքանչյուրս պետք է հաշվի առնի հետևյալը. մի՞թե ամուսնական հարաբերություններում գոյացող ցանկացած խնդիր կարելի է բնութագրել սոսկ տան կտուրի ծակման տեսանկյունից, կամ մի՞թե խնդրո առարկա անձանց ամուսնությունը կարելի է «տուն» անվանել` ելնելով զուտ այն փաստից, որ նրանց միավորում է ամուսնական գրանցման վկայականը: Այլ կերպ ասած, նախքան տան կտուրի վերանորոգման աշխատանքները սկսելը, խելամիտ կլիներ պարզել, թէ առ հասարակ տուն գոյություն ունի՞ այդ կտուրի տակ:
 Այս ամենից հետո, ամուսնալուծվողների նկատմամբ սանկցիաների կիրառումը անմտություն է, եթե ոչ՝ անմարդկայնություն։ Դա ամենաիսկական ոտնձգություն է մարդու ազատության դեմ։ Այդպիսի վերաբերմունքը որևէ կերպ չի արտացոլում Քրիստոսի ուսմունքների ոգին։ Հակառակ ծայրահեղության հետ կապված, որի դեպքում, ամուսնալուծվելու և ավելի երիտասարդ ու գրավիչ կնոջ ամուսնանալու նպատակով, մովսիսական օրենքն անխնա շահարկվում էր հրեաների կողմից, Քրիստոսն ասաց․ «Մի՞թե Մովսեսը ձեր քարասրտության համար թույլ տվեց ձեր կանանց ազատ արձակել»։ Այսօր էլ նույն հարցն առաջանում է իրենց անդամների անձնական երջանկությունը, նրանց հոգեբանական բարօրությունը նեղ ռազմավարական շահերին զոհաբերող ժամանակակից քրիստոնեական կազմակերպությունների առնչությամբմի՞թե Քրիստոսը ձեր քարմտության (ինչու չէ` նաև քարսրտության) համար ասաց, թե առանց պոռնկության հիմքի ամուսնալուծվելը պոռնկություն է՝  (հիմա ՈՒՇԱԴԻՐ) այն դեպքում, երբ երկուսը երբեք էլ մեկ մարմին չեն եղել և դեռ հարց է՝ արդյո՞ք Աստված է նրանց միավորել․․․․




Ա․ Թ․ 12․05․2015

Комментарии

Популярные сообщения