ԻՆՉՊԵՍ Է ԴԻՏԱՐԿՈՒՄ ԴԵՊՔԵՐԸ ՇՎԵԴԻԱՅԻ ՄԻԳՐԱՑԻՈՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ



Մեր անկայուն ժամանակներում դեռևս կան մարդիկ, ովքեր անկեղծորեն կարծում են, թե Շվեդիայի միգրացիոն ծառայությունը բարեխղճորեն է դիտարկում ապաստանի համար միջնորդությունները` ցուցաբերելով խիստ անհատական մոտեցում և հաշվի առնելով դեպքերի յուրահատկությունները: Այսպիսի պարզամտությունը, ըստ էության արդյունք է այն բանի, որ ապաստան խնդրողներից շատ շատերը, որպես կանոն, անարդար վերաբերմունքի այնպիսի դրսևորումների են բախվել իրենց երկրներում, որ զազրելի և սահմռկեցուցիչ ոչինչ չեն սպասում Շվեդիայի միգրացիոն ծառայության չինովնիկների կողմից: Մասնավորապես Հայաստանի պետական պաշտոնյաների հետ համեմատած` շվեդները սրբեր են: 
Այդուհանդերձ, ինչպես ցանկացած այլ պետություն, Շվեդիան նույնպես ունի իր շահերը և դրանից բխող համապատասխան միգրացիոն քաղաքականություն, ինչը լիովին հասկանալի է: Խնդիրն այստեղ կայանում է հետևյալում. Շվեդիայի միգրացիոն ծառայության կողմից իրականացվող քաղաքականությունը արդյո՞ք համապատասխանում է մի երկրի քաղաքականությանը, որը միջազգային հանրության կողմից ընկալվում է իբրև հումանիզմի խորհրդանիշ: Դեպքերի քննության ժամանակ միգրացիոն ծառայության քննիչների կողմից կիրառվող մեթոդական հնարքները իսկապե՞ս մարդասիրական են: Արդյո՞ք դրանք ուղղված են կոնկրետ փախստականի հետ տեղի ունեցած դեպքերի ամբողջական և ճշմարտացի պատկերի վերականգնմանը: Փորձենք պատասխանել այս հարցերին` անցնելով հարցաքննության ժամանակ միգրացիոն ծառայության քննիչների կողմից ամենից հաճախ կիրառվող հնարքների նկարագրությանը:

Կեղծ վերահարցումը կամ ապակողմնորոշիչ ճշգրտումը: Այս հնարքի էությունը կայանում է նրանում, որ քննիչը փորձում է տպավորություն ստեղծել, թե, իբր, ցանկանում է ճշտել և առավել հստակ դարձնել ապաստան խնդրողի պատմության մեջ թվացյալ անորոշ որևէ դրվագ, վերաձևակերպում է հարցը, ընդ որում ընդամենը կրկնում է քիչ առաջ ասած ձեր բառերը, բայց` մասնակի, մտցնելով դրանց իմաստի և իրական արժեքի մեջ իր համար անհրաժեշտ փոփոխությունները, որոնք հետագայում պետք է ծառայեցվեն որպես միջնորդության մերժման հիմք:
Օրինակ. «Ինչպե՞ս տեղի ունեցավ, որ դուք Ձեր անձնագիրը պահաջեցիք Հայաստանից», _ հարցնում է քննիչը` այն դեպքում, երբ դուք արդեն ասել էիք, որ «անձնագիրը ստացել եք հայրենիքում»:
Ուստի հարկավոր է լինել չափազանց զգույշ։ Ուշադիր լսեք այն, ինչ է ասում քննիչը և, նկատելով որոգայթը, պարզաբանեք` ինչ եք նախկինում ասել, նույնիսկ եթե քննիչը ձևացնում է, թե, իբր, չի նկատում իրողությունները ըստ էության լուսաբանելու ձեր ցանկությունը և փորձում է անցնել ուրիշ թեմայի:

Կեղծ անտարբերությունը: Այս հնարքը, սովորաբար, կիրառվում է միգրացիոնային դատարանում, երբ որոշ դատավորներ ճգնում են տպավորություն ստեղծել, թե ցրված են կամ ծույլ անտարբերությամբ են ընկալում խոսողին և նրա հաղորդած տեղեկությունները: Այսօրինակ մարտավարությունը թույլ է տալիս միգրացիոնային չինովնիկին անսպասելի հակազդել փախստականի խոսքում երևութապես առկա հակասություններին: Դիտման ենթարկելով դատավորների վարքը միգրացիոնային դատաքննության ընթացքում, կարելի է տեսնել, թե ինչպես են նրանք, ասես, արթնանում քնից և նշումներ անում իրենց նոթատետրերում: Դուք կարող եք նկատել նաև զսպված հրճվանքի զգացում նրանց դեմքերին, երբ, վերջիններիս թվում է, թե կարողացել են վիճահարույց կամ կասկածելի որևէ բան հայտնաբերել փախստականի խոսքում:
Այդպիսի հնարքները ճանաչելու համար հարկավոր է զարգացնել բարձր կամային վերահսկողություն և հուզական հավասարակշռվածություն: Այդպիսով՝ դուք կկարողանաք նշմարել նրանց կողմից կիրառվող շահարկումները և տուրք չտալ դրանց:
Մասնավորի գործոնը կամ դետալից դեպի սխալ: Այս հնարքի կիրառման պարագայում, մանիպուլյատորը փորձում է իր զոհի ուշադրությունը բևեռել որևէ առանձին մասի վրա՝ հնարավորություն չտալով տեսնելու ամբողջը: Դիտարկելով մասն՝ ամբողջից անջատ, միգրացիոնային քննիչը համապատասխան հետևություններ է անում և պարտադրում դրանք դատավորներին:
Այսպես, քննիչն  ասում է, որ այն հարցին, թե ՀՀ Սահմանադրությունը հաստատում է արդյոք կրոնի ազատության իրավունքը, դուք պատասխանել եք՝ «այո»: «Դա նշանակում է, որ ձեր սահմանադրական իրավունքների նկատմամբ հնարավոր ոտնձգությունների դեպքում, դուք կարող եք դիմել ձեր երկրի իրավապահ մարմիններին», _ փաստարկում է քննիչը: Խղճի և դավանանքի ազատության օրենքի` ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված լինելու մասին ձեր հաղորդած տեղեկությունը ընդամենը մասն է այն ամբողջի, որ դուք ասել եք: Իսկ ո՞րն է ամբողջն այդ դեպքում: Ամբողջն էլ այն է, որ դուք ողջամիտ մարդու կողմից իրերի համարժեք ընկալման համար բավարար փաստական նյութ և համապատասխան տրամաբանական հիմնավորումներ եք ներկայացրել Շվեդիայի միգրացիոն ծառայությանը Հայաստանում մարդու իրավունքների վիճակի մասին, դատա-իրավական համակարգի գերկոռումպացվածության և գործադրից նրա անվերապահ կախվածության մասին, մարդկանց այն աշխարհն ուղարկելու՝ օլիգարխիայի հնարավորությունների մասին, օրենքի և օրինականության հանդեպ այսօրվա հայերի մեծամասնության մոտ առկա վերաբերմունքի մասին, սոցիալ-մշակութային և էթնո-հոգեբանական մի շարք գործոնների մասին, որոնք համաժողովրդական ատելության և անհանդուրժողականության մթնոլորտ են ձևավորում Հայ Առաքելական եկեղեցուց բացի որևէ այլ դավանանք ունեցողների նկատմամբ և այլն: Այստեղից էլ հետևում է, որ Շվեդիայի միգրացիոն ծառայությունը կամ չի ցանկանում հաշվի առնել այդ ամենը, կամ էլ ոլորտի մասնագետների մտահասությունը չի բավարարում Հայաստանում դավանանքի ազատության փաստացի լինելու մասնավոր գործոնը տեսնել ընդհանուր առմամբ գոյություն ունեցող հասարակական հարաբերությունների համատեքստում:

Հանկարծակի հակափաստարկումը և ձեր ասած բառերի անսպասելի մեջբերումը իբրև փաստարկ՝ Ձեր խոսքում ենթադրաբար առկա հակասության: Այս պարագայում, մանիպուլյատորը մեջբերում է ձեր բառերը` մասնակի, համատեքստից դուրս` հավելելով իր հորինած շինծու վարկածը: Օրինակ, դուք ասել եք, որ իշխանություններն ի վիճակի չեն կամ չեն ցանկանում պաշտպանել ձեզ անհատ անձնանց կամ խմբերի հետապնդումից, բայց միգրացիոնային ծառայության ներկայացուցիչը համառորեն պնդում է, թե, իբր, դուք ասել եք, որ իշխանություններն իրենք են հանդես եկել հետապնդողի դերում:
Միգրացիոն ծառայության ներկայացուցիչը փորձելու է հնարավորության դեպքում շահարկել ձեր ասած յուրաքանչյուր բառ ձեր իսկ դեմ: Ուստի, պետք է լինել շատ ուշադիր:
Թվացյալ հակասությունները: Քանի որ հարցաքննության ժամանակ փախստականների մեծամասնությունը խոսում է իր մայրենի լեզվով, թարգմանիչները, հատկապես, եթե վերջիններս աչքի են ընկնում մասնագիտական ծայրահեղ ոչ մտահասությամբ կամ արևմտահայ բարբառով, կարող են անգնահատելի մեծ ծառայություն մատուցել Շվեդիայի միգրացիոն ծառայությանը դեպքերի արհեստական բարդացման և խճճման մեջ:
Հայտնի է, որ բառերը կարող են ունենալ սպեցիֆիկ իրավաբանական իմաստ և նշանակություն, իսկ դրանց ոչ ճշգրիտ, բովանդակային և իմաստային մասով ոչ համարժեք թարգմանությունը հիանալի հնարավորություն է ընձեռում միգրացիոն ծառայության վճիռ կայացնող մարմիններին՝ իրականացնել իրենց համար անհրաժեշտ մանևրումները խիստ երկընտրելի իրավական դաշտում: Դու ասում ես պաշտոնյա, թարգմանիչը թարգմանում է պետություն, ասում ես գործատեր, թարգմանիչ թարգմանում է մենեջեր: Թվում է, թե սրանք աննշան վրիպումներ են, բայց, հավատացած եղեք, կոնկրետ դեպքի վարույթի շրջանակներում այսօրինակ «վրիպումները» կարող են վճռորոշ նշանակություն ունենալ: Պատահում է նաև այնպես, որ թարգմանիչները խայտառակ սխալներ են թույլ տալիս, իսկ առանձին դեպքերում, միտումնավոր սխալ են թարգմանում (վերջին իրողության զոհը անձամբ եմ դարձել): Ես չգիտեմ՝ կա՞ արդյոք Շվեդիայում համապատասխան կառույց, որը պատասխանատու է թարգմանիչների որակավորման համար, բայց ներքին հանդուրժողականության և կողմնակալ դիրքորոշումների ախտորոշման համար փորձաքննությունը հայ թարգմանիչների դեպքում, կարծում եմ, սխալ չէր լինի:

Այս ամենն աներկբայորեն փաստում է, որ, անկախ ապաստանի համար միջնորդության բավարարման իրավական հիմքից և ձեր պատմությունը հիմնավորող փաստական նյութի առատությունից, անհնար է Շվեդիայում մշտական բնակության իրավունք ստանալ, եթե դուք և այն երկիրը, որտեղից եկել եք, համապատասխանաբար ներկայացված չեն Շվեդիայի միգրացիոն քաղաքականության հայեցակարգում: Հետևաբար, քանի դեռ իրերն այդպես են դասավորված, միգրացիոն ծառայությունը փորձելու է կողմնորոշվել փախստականների պատմությունները իր շահերին համապատասխան վերաձևելու, խեղաթյուրելու, դրանք վիճահարույց և ոչ արժանահավատ ֆոնի վրա ներկայացնելու սկզբունքով: Դրական պատասխաններ կստանան միայն նրանք, ովքեր եկել են, ասենք, պատերազմական երկրներից, ում չեն կարող հետ ուղարկել ծանր հիվանդության պատճառով կամ ում նկատմամբ բացասական որոշումը կարող է հարուցել միջազգային իրավապաշտպան կառույցների միջամտությունը (https://www.amnesty.org/en/who-we-are/): Ինչևէ, հաջողություն եմ մաղթում բոլոր նրանց, ովքեր այլ ակնկալիքներ ունեն ապաստանի համար իրենց միջնորդության պատասխանից:     

Комментарии

Популярные сообщения