«ՄԵՂԱՎՈՐ ԶԳԱՑՈՒՄՆԵՐԸ» ՃՆՇԵԼՈՒ ՄԱՐՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ: Ո՞ՐՆ Է ՀԱՄԱՐԺԵՔ ԼՈՒԾՈՒՄԸ

Բանն այն է, որ ամենից առաջ մենք պետք է սովորենք գիտակցել մեր զգացումներն
այնպիսին, ինչպիսին դրանք իրականում կան: Եթե մարդը չի կարող խոստովանել իր
սեփական զգացմունքները նույնիսկ իրեն, ապա նա կիսով չափ մեռած է: Իսկական դժոխքը,
այս դեպքում, կարելի է բնորոշել որպես սեփական իրական բնությունից հավերժ
օտարվածություն:
Զգացումները զսպանակի տակ պահելը ամենևին էլ չի խոսում ոգու արիության մասին:
Իսկական արիությունը` դա այն է, երբ մենք մեզ ներկայացնում ենք այնպիսին, ինչպիսին
իրականում կանք, նույնիսկ, եթե շրջապատողները միանգամայն այլ սպասումներ ունեն
մեզանից: Ինչևէ, եթե յուրաքանչյուր պարագայում չունենանք մեր զգացումներն ազատորեն
արտահայտելու հնարավորություն, ապա դա չի խանգարի անկեղծ լինել ինքներս մեզ հետ:
Խանգարել կարող են միայն անքննադատաբար ընդունված վարքի նորմերն ու կանոնները,
որոնք կաթվածահար են անում ազատորեն ինքնորոշվելու մեր ունակությունն ու ենթարկում
մեզ հեղինակություններին կուրորեն հնազանդվելու սկզբունքին:
Եթե մեր վարքը մեծապես պայմանավորված է շրջապատողների գնահատականների ու
սպասումների ճնշումից, ապա մենք ներքին ազատության խնդիր ունենք: Կախված այն
հանգամանքից, թե ինչպես կզարգանա մեր հասկացողությունը և կփոխվի իրականության մեր
ընկալումը, համապատասախանաբար փոփոխության կենթարկվեն նաև այսպես կոչված
«անպարկեշտ» կամ «սխալ» զգացումները: Դրանք կփոխվեն ավելի արագ, եթե մենք մեզ
թույլ տանք դրանք վերապրել: Զգացումների ժխտումը մեզ զրկում է վերջիններս ըստ
էության ճանաչելու հնարավորությունից: Գուցե դրանք ինչ-որ բան են ուզում մեզ
«ասել»:
Բացի այդ, ոչինչ այնպես չի նպաստում «անպարկեշտ» զգացումների արմատավորմանը,
որքան դրանցից ձերբազատվելու անճկուն մարտավարությունը: Երբ մեր գիտակցությունը
արտամղում է ինչ-որ զգացում, դա անհետ չի կորչում: Մնալով անգիտակցական ոլորտում,
այն շարունակում է ազդել մեր վարքի և գործողությունների վրա: Լինելով ինչպես հարկն
է չճանաչված, չհասկացված և չիմաստավորված` այդ զգացումները մեր անգիտակցական
ոլորտից պարտիզանական կռիվներ են մղում գիտակցության տիրույթ ներխուժելու համար:
Իսկ երբ մարդը շարունակում է ղեկավարվել սեփական զգացումները ճնշելու կուռ
տրամաբանությամբ, ապա երկարատև ու հյուծիչ այդ պայքարի պայմաններում նրա
գոյությունը դառնում է տառապալից, վարքը` բռնազբոսիկ, գործողությունները`
ավտոմատացված, դիմախաղը` հուզականորեն ժլատ, ժպիտը` հոլիվուդյան, ահա և այն գինը,
որ մենք վճարում ենք թույլ ինքնաճանաչողության դիմաց:
Բայց, եթե զգացմունքներն ընդունվում են, մեզ համար անհամեմատ հեշտ է դառնում
դրանք կառավարելը կամ փոխելը: Չընդունելով մեզ և կաղապարելով մեր գոյությունը
անհարկի ու անտեղի սահմանափակումներում, մենք ինքնաբերաբար նույնպիսի կաղապարներ
ենք պարտադրում նաև ուրիշ մարդկանց: Իսկ հետո, երբ նրանք շրջանցում են այդ
կաղապարները, առաջանում է հիսաթափության, անբավարարվածության, հաճախ նաև
նեղացածության զգացում: Բալզակի գնահատմամբ` նման մարդիկ երբևէ գոհ չեն լինում
իրենց դրությունից, իրենց խաբված են զգում կյանքի «մեծ տոնավաճառում» և բոլորին հյուրասիրում
են խայթիչ խոսքերում, ճիշտ այնպես, ինչպես չճանաչված տաղանդները: Եթե մարդն այնքան
բարեհաճ չէ ինքն իր նկատմամբ, որպեսզի ազատագրի սեփական գոյությունը ստրկացնող
ազդեցություններից, ապա, պատկերացրեք, թե նա ինչպիսի անողոք վերաբերմունք կարող է
հանդես բերել իր բնորոշմամբ` «ազատամիտների» նկատմամբ:
Ուստի, եթե
իսկապես ցանկանում ենք ազատվել «մեղավոր» ապրումներից, ինքնամաքրվել և զարգանալ,
ապա հարկավոր է դեն նետել դրսից մեզ պարտադրված արհեստածին կաղապարները, որոնք
հիմնված են «ճշմարիտ կրոնի» հավակնություն ունեցող որևէ կոնկրետ կազմակերպության՝
առաջին հայացքից օգտակար և համակողմանիորեն զորեղ փաստարկներով հիմնավորվող
բարոյախոսության վրա, բայց իրականում արտահայտում են տվյալ կրոնական
կազմակերպության նեղ շահերը։ Ի վերջո, իրական բարոյական ինքնակատարելագործումը,
համենայնդեպս, մարդասիրական արժեհամակարգի տեսանկյունից՝ դա բնությամբ մեզ տրված
պոտենցիալ հնարավությունների իրացումն է, մեր անհատականության կերտումը և նրա
լիարժեք, կառուցողական դրսևորումը։ Պետք է սկսել ինքնաճանաչողությունից...
Комментарии
Отправить комментарий