ԱՐՏԱԳԱՂԹԻ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ
(Շվեդիա արտագաղթած
հայերի սոցիալ-հոգեբանական հիմնախնդրիների վերլուծություն)

Նախապես գնահատել ռիսկերը
Շատերն այնքան հիասթափված են լքում
Հայաստանը, որ նույնիսկ չեն էլ ցանկանում մի պահ կանգ առնել և խորհրդածել նոր
երկրում իրենց սպասվելիք հնարավոր դժվարությունների շուրջ։ Իհարկե, հասկանալի է այդպիսի շտապողականությունը, որը հաճախ թելադրված է լինում զայրույթից, անելանելիության
զգացումից և այլ բացասական հոգեվիճակներից։ Սակայն, իսկապես արժե լրջորեն ծանրութեթև
անել մի շարք հանգամանքներ, որոնք անտեսելը կամ դրանց նշանակությունը թերագնահատելը կարող է թանկ նստել երկրից գաղթելու որոշումը
կայացնողի վրա։ Քիչ չեն դեպքերը, երբ մեր հայրենակիցները, չկարողանալով հաղթահարել
օտար մշակույթի, աշխատանքի, լեզվական արգելապատնեշի, օրինական կերպով արտերկրում հաստատվելու՝
իրենց ճանապարհին ծառացած խոչնդոտները, ծանրագույն հոգեկան տառապանքներ են կրում և,
բնակության թույլտվության իրավունք չստանալու պատճառով, արտաքսվում։ Իսկ, քանի որ նրանցից շատերը Հայաստանում իրենց պատկանող
անշարժ գույքը վաճառելու գնով են հասել Եվրոպա, հայրենիք վերադառնալուն պես, բախվում են կացարանի, նոր աշխատանք գտնելու խնդիրներին,
որոնք է՛լ ավելի մեծ սրությամբ են հանդես գալիս Եվրոպայում հարաբերականորեն բարեկեցիկ
կյանք ճաշակելուց հետո։
Կարոտը և նախկին
սոցիալական կապերից կտրվելը

Նոր սոցիալական
միջավայրը
Այն արտագաղթողների համար, ովքեր տվյալ երկրում արդեն իսկ ունեն հարազատներ կամ
ընկերներ, սոցիալական հարմարումը կարող է որոշակիորեն հեշտ ընթանալ։ Բնական է, որ նախքան
նոր երկիր տեղափոխությունը քննարկվեն բազմաթիվ նրբություններ՝ սկսած օդանավակայանում
դիմավորելուց մինչև աշխատանքի տեղավորում կամ միգրացիոն ծառայությանը ապաստանի միջնորդության
դիմումի ներկայացում և այլն։ Բացի այդ, նրանք կարող են որոշ ժամանակ ապրել իրենց հարազատի
(ընկերոջ, բարեկամի) տանը, հաղթահարել ճանապարհոորդության և միջավայրի փոփոխության
պատճառած սթրեսները, համախմբել իրենց ուժերը և անցնել վճռական գործողությունների։
Միանգամայն այլ է իրավիճակը, երբ արտագաղթողը չունի հարազատ, ազգական կամ ընկեր։
Այստեղ նա միայնակ պետք է դիմագրավի հարմարվելու և բնակության իրավունք ստանալու հետ
կապված խնդիրները։
«Դուդուկի ձենը
հեռվից քաղցր է․․․»

Լեզուն
Ոչ բոլորն են աչքի ընկնում որևէ օտար լեզու արագ յուրացնելու
փայլուն ընդունակությամբ, իսկ լեզվի իմացությունը սոցիալական և մասնագիտական հաջող
ինտեգրման կարևորագույն պայման է։ Oտար լեզվով հաղորդակցվելու անկարողությունը
սթրեսածին գործոն է, առաջ է բերում նյարդա-հոգեկան լարվածություն, խոչնդոտում
է ինքնաիրացմանը և սոցիալապես մեկուսացնում մարդուն։ Շվեդերենը հեշտ լեզու է, միայն եթե այն սիրում
ես․․․ Հետևապես, լեզվական արգելապատնեշը նույնպես ոչ
պակաս կարևորություն ունեցող հանգամանք է, որի շուրջ արժե խորհել։
Մշակութային
և էթնոհոգեբանական տարբերությունները
Մշակութային տարբերությունները նույնպես կարող են զորեղ սթրեսորներ հանդիսանալ,
ավելին՝ կոնֆլիկտածին նշանակություն ձեռք բերել որոշակի իրավիճակներում։
Ցավոք, Շվեդիա արտագաղթած հայերից ոմանք աչքի են ընկնում շվեդական նիստուկացի,
շվեդների հագուկապի ընդունված բարքերի, ընտանեկան հարաբերությունների, արժեհամակարգերի,
էթնոհոգեբանական առանձնահատկությունների (ազգային մենթալիտետի) նկատմամբ խիստ անհանդուրժողական
և անճկուն դիրքորոշմամբ։ Նրանցից շատերի համար զարմանալի է, թե ինչպես կարելի չծեծել
երեխային, երբ վերջինս «չարություն» է անում կամ ինչպես կնոջը մի լավ «թաթալոշ» չտալ,
եթե ենթադրվում է, որ դրա հիմքերը կան։ Հատկապես հայ տղամարդկանց որոշակի հատվածի համար
ծանր է գիտակցել, որ Շվեդիայում կնոջ իրավունքները պաշտպանված են․ դա նրանց կողմից ընկալվում է որպես տղամարդկանց իրավունքների ոտնահարում։ Կանայք էլ իրենց
հերթին չեն կարողանում պարպել վերոնշյալ տիպի տղամարդկանց հետ գոյակցության արդյունքում
ծագող հայտնի, բայց չբարձրաձայնվող խնդիրներից իրենց մեջ կուտակված ագրեսիան․ երեխաներին «քավության նոխազ» ծառայեցնելը՝ անկախ կիրառվող բռնության տեսակից,
Շվեդիայում համարվում է բռնություն, շվեդ կանանց հետ հարևանություն անել, այսինքն՝
առավոտյան սուրճի սեղանի շուրջ ամուսնուց, սկեսուրից բամբասել գործնականում չի լինում։ Ուստիև, իր դժբախտ գոյավիճակի փոխհատուցման միակ միջոցը մնում է շոփինգը։ Ուրիշներն
էլ նեղվում են հագուկապի, բնակարանի ներքին հարդարանքի չափազանց պրակտիկությունից, միօրինակությունից, հասարակ լինելուց և այն ամենն ի ցույց դնելու հնարավորության բացակայությունից, ինչն Հայաստանում մեծապես կբարձրացներ իրենց նշանակալիությունը, ինքնագնահատականը։
Շվեդիայում գտնվող նախկին հայաստանաբնակ հայերից ոմանք շվեդներին ընկալում են որպես
սառը, անհյուրընկալ մարդիկ։ Նրանց համար դժվար է ապրել՝ առանց հայկական ջերմության
և հյուրընկալության, որ ցանկացած պահի չեն կարող թակել հարևանի դուռը, ինչ-որ հարցի
հետ կապված օգնություն հայցել, անմիջականորեն հաղորդակցվել, ազատորեն արտահայտել իրենց
հույզերը, հերսը թափել շրջապատողների վրա և այլն: Եթե այս ամենը արտագաղթողի համար կենսական նշանակություն ունի, ապա
արժե դրանք ևս հաշվի առնել՝ նախքան երկրից երկիր տեղափոխվելը:
Աշխատանքը
Շվեդիայում գործազրկությունը
մեծ տոկոս է կազմում: Որոշ փորձագետների գնահատմամբ՝ այդ խնդիրը զարգացման միտում ունի:
Բացի այդ, գոյություն ունեն կրթական չափորոշիչների, որակավորման համապատասխանելիության
և սրանցից բխող բազմաթիվ այլ խնդիրներ: Այնպես որ, բարձր որակավորում և համապատասխան
փորձ ունեցող բազմաթիվ մասնագետներ (մասնավորապես բժիշկներ, մանկավարժներ և այլն)
ստիպված
են լինում իրենց ընտանիքների կարիքները հոգալու համար ոչ մասնագիտական աշխատանք կատարել՝
տաքսի վարել, տարածքների մաքրությամբ զբաղվել, արագ սննդի կետերում աշխատել և այլն:
Սակայն, նույնիսկ եթե հետագայում հաղթահարվում են լեզվի, ՀՀ ուսումնական հաստատությունների
կողմից տրված ավարտական փաստաթղթերի ճանաչման և որակավորման խնդիրները (Högskoleverket-ում, տես՝ http://www.hsv.se/), միևնույն է,
որևէ մասնագիտական հաստիքի համար, հասկանալի պատճառներով, նախապատվությունը կարող է
տրվել շվեդ թեկնածուին, անգամ եթե հայ թեկնածուն առավել լավ տվյալներ ունի: Սրան ևս
պետք է պատրաստ լինել:
Տարիքի, երեխաների և այլնի հետ կապված որոշ նրբություններ…
Ի տարբերություն Հայաստանի,
որտեղ, օրինակ, քաղաքային տրանսպորտի սպասարկման ոլորտում ուղեվարձը դեռևս վճարում
են («ստանում») բացառապես կանխիկ դրամով, Շվեդիայում վաղուց անցել են քարտային տարբերակի,
իսկ սպասարկման ոլորտում ներդրված են տեղեկատվական տեխնոլոգիաների նորագույն լուծումներ,
որոնցից պետք է օգտվել կարողանալ: Մասնավորապես տարեցների համար սա կարող է գլխացավանք
հանդիսանալ: Նրանք պետք է սովորեն առցանց (օնլայն) ստուգել ավտոբուսների, գնացքների
չվացուցակները, տոմս պատվիրել, բժշկի հետ հանդիպան համար օր և ժամ պայմանավորվել և
այլն: Ինքնուրույնաբար այս ամենից գլուխ հանելու դժվարությունները նրանց մոտ կարող
են առաջացնել անօգնականության, անլիարժեքության զգացում:
Երեխաները նույնպես սթրեսի
են ենթարկվում միջավայրի փոփոխությունից. նոր ընկերներ, նոր դպրոց, բազմալեզու շրջապատ:
Բացի այդ, մոլորություն է կարծելը, թե բազմազավակ ընտանիքներին Շվեդիայի միգրացիոն
ծառայությունը անպայմանորեն հատկացնելու է առանձին կացարան: Բազմաթիվ են դեպքերը, երբ
նրանց տեղավորում են հյուրանոցներում կամ հատուկ կացարաններում, որտեղ սանհանգույցը
և ճաշարանը ընդհանուր են:
Ֆիզիկական և հոգեկան առողջության հետ կապված խնդիրները
Ճիշտ է, Շվեդիայում բուժսպասարկումը (Akutvård) արտոնյալ պայմաններով է իրականացվում փախստականների
համար, և այստեղ որևէ խնդիր հիմնականում չի դիտվում, սակայն, երբ հարցը վերաբերում
է հոգեկան առողջությանը, ապա այդ դեպքում լեզվական դժվարությունները զգացնել են տալիս:

Բազմաթիվ հայեր փախստականի
միջնորդություն են ներկայացրել Շվեդիայի միգրացիոն ծառայությանը և սպասում են, թե գործի
քննությունն ինչ ընթացք կստանա: Հատկապես, եթե ապաստան հայցողը Հայաստանում անշարժ
գույք է վաճառել շենգենյան գոտի մուտքի վիզա ձեռք ստանալու համար, նրա համար սպասումը
և անորոշությունից բխող բացասական ապրումները կարող են տարաբնույթ հոգեմարմնական խանգարումների
առաջացման պատճառ դառնալ (անքնություն, արյան ճնշման տատանումներ, գլխացավեր, տագնապ,
խուճապ և այլն): Այս դեպքում հանձնարարելի է դիմել հոգեկան առողջության ոլորտի մասնագետի՝
թեկուզ առցանց (online) ձևաչափում:
Ինչպե՞ս կարող են արտագաղթյալները նվազեցնել իրենց մոտ
հոգեկան առողջության խնդիրների ռիսկերը
· Յուրացրեք շվեդերենը որքան հնարավոր է արագ: Եթե արդեն
ունեք Շվեդիայում բնակության իրավունք (Uppehållstillstånd), ապա կարող եք դիմել
SFI (Svenska för invandrare), եթե ոչ, ապա փորձեք ինքնուս սովորել լեզուն: Օրական
մի քանի ժամ դիտեք շվեդական հեռուստահաղորդումներ, օգտվեք համացանցում առկա անվճար/վճարովի
ռեսուրսներից (http://lexin.nada.kth.se/lexin/ կոնկրետ այս կայքում
կան բազմաթիվ օգտակար հղումներ), այցելեք Շվեդական կարմիր խաչի սրճարանները (օրինակ՝
http://kommun.redcross.se/soderhamn/), որտեղ մարդիկ հավաքվում
են շվեդերենով հաղորդակցվելու իրենց կարողությունները զարգացնելու համար, բաժանորդագրվեք
գրադարաններում:
· Հաղորդակից եղեք նոր մշակույթին: Մասնակցություն բերեք
տարբեր միջոցառումների, պարզապես զբոսնեք մենակ կամ ձեր ընտանիքի անդամների հետ, կարդացեք
գրականություն Շվեդյայի պատմության, մշակույթի, աշխարհագրության և այլնի վերաբերյալ,
ձեռք բերեք ազգությամբ շվեդ ընկերներ:
· Պահպանեք ֆիզիկական ակտիվության ռեժիմ: Վազեք, վարժություններ
կատարեք. դրանք չեզոքացնում են սթրեսը և լարվածությունը:
·
Փորձեք օրվա ընթացքում մեկ ժամ հանգստացնող երաժշտություն
լսել:
· Ձեռք բերեք նոր մասնագիտություն, որակավորումներ: Ակտիվ
եղեք աշխատանք գտնելուն ուղղված ձեր որոնումներում: Զբաղվեք ձեզ համար հաճելի և օգտակար
որևէ բանով:
· Հիշեք. հոգեկան առողջության ոլորտի մասնագետներին դիմելը
ամենևին էլ գիժ լինելու նշան չէ: Խորհրդավտական հոգեբանության և հոգեթերապևտիկ միջամտությամբ
լուծվող խնդիրների շրջանակը բավականին մեծ է: Տվյալ դեպքում այն կարող է ներառել կենսագործունեության
տարբեր բնագավառներում ձեր անհատական արդյունավետությունը խթանումը, հոգեբանական բարեկեցության
ապահովումը, կյանքի որակի բարելավումը նոր սոցիալական միջավայրում:
Ա․ Թ․ 25․06․2015
Комментарии
Отправить комментарий