Բլոգում պարբերաբար տեղադրվում են հոգեբանության տարբեր բնագավառների, հոգեթերապիայի տեսության և պրակտիկայի հիմնախնդիրներին առնչվող, ինչպես նաև սոցիալական երևույթների վերաբերյալ հոգեբանական դիտարկում պարունակող նյութեր։
ԸՆԿԵՐԱԿԱՆ ԽԱՆԴԻ ՎՆԱՍԱԿԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՇՓՄԱՆ ՄԵՋ ԸՆԴԼԱՅՆՎԵԼՈՒ ԿԱՐԵՎՈՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Աշոտ Թորոսյան
Մենք բոլորս սոցիալական
արարածներ ենք և կարիք ունենք շփման։ Սակայն, որոշակի պատճառների բերումով, շատերի
մոտ չի ստացվում ուրիշների հետ լիարժեք շփում ապահովել և ընդլայնել ընկերների շրջանակը։
Տողերիս հեղինակի դիտարկումներով, շփման մեջ ընդլայվելուն խոչնդոտող ամենից հաճախ հանդիպող
պատճառներից մեկը ընկերության ոչ համարժեք ըմբռնումն է։ Մասնավորապես, լայնորեն տարածված է
նախապաշարմունքը, համաձայն որի՝ իսկական ընկերը միայն մեկը կարող է լինել։ Դա բերում է նրան, որ
երբ ընդլայնվելու, նոր ծանոթություններ ձեռք բերելու իրավիճակներ են ստեղծվում, ոմանց
մոտ այնպիսի զգացում է առաջանում, որ իրենց կյանք նոր մարդկանց ներս թողնելով,
իրենք, այդպիսով, դավաճանում են մտերիմ ընկերոջը։ Եթե վերջինս էլ, իր հերթին, նկատելով,
ընկերոջ շուրջը գտնվող նոր մարդկանց, սկսում է խանդի նոպաներ դրսևորել, ապա խնդիրներն անխուսափելի են։ Այն,
թե ինչու են ընկերությունը պատուհաս դառնում երկու մարդկանց համար, խոսում է նրանց ոչ բավարար հասուն լինելու
և ներքին խնդիրների մասին։ Միթե՞ ընկերությունն այնպիսի հարաբերություն է, որը պետք
է գրանցել ՔԿԱԳ բաժնում։ Գուցե հարկ լինի մտերմությունը հանրությանն ի ցույց դնող արարողությու՞ն
կազմակերպել, որպեսզի դրա մասին հանդիսավոր կերպով հայտարարվի բոլորին և ոչ ոք երբևէ հանդգնություն չունենա՝ հայտնվելու իրենց արանքում:
Իսկական մտերմությունը երբեք չի ընդգծվում։
Չկան մարդիկ, որոնց կարելի է քիչ և շատ սիրել։ Կա անհատականացված վերաբերմունքի ողջամիտ սկզբունք,
որը կառուցվում է տվյալ մարդու անհատականության համարժեք ընկալման վրա։ Շփման մեջ սահմաններն
այստեղ շատ ճկուն են և դինամիկ։ Այդ սկզբունքի հիման վրա կայացած հարաբերությունները
հարստացնում են մարդու սոցիալական փորձը, շփման հմտությունները, ստեղծում բարենպաստ
մթնոլորտ աշխատանքային կոլեկտիվում, խթանում թիմային ոգին հնարավորություն տալիս խմբի
անդամներին ազատորեն և անկաշկանդ ինքնադրսևորվելու, ինքնաիրացման։ Այն խմբերում, որոնց անդամները միտված են իրենց շփումների շրջանակն ընդլայնելուն, քիչ են հանդիպում կոնֆլիկտներ, տարաձայնություններ, պառակտումներ,
«թայֆայացման» միտումներ, իսկ եթե, ինչ-որ հարցերի հետ կապված անհամաձայնություններ
են ծագում, ապա, շնորհիվ յուրաքանչյուրի անձնային հասունության, հաջողությամբ
քննարկվում են ու հաղթահարվում։ Ստորև բերված են մի շարք կետեր, որոնք կիրառելու դեպքում,
կարելի է շփումների և կապերի ընդլայնման մեջ դրական արդյունքներ ակնկալել։
Անկեղծ հետաքրքրվածություն հանդես բեր՝ առանց խառնվելու դիմացինի
անձնական կյանքին։ Հարգիր դիմացինի տարածությունը։
Խուսափիր անընդհատ միևնույն մարդու հետ ընդմիջման դուրս գալուց։
Դա հասուն չէ և խոսում է աննորմալ կապվածության նախադրյալների մասին։ Եթե հնարավորություն կա աշխատասենյակում տարբեր տեղեր նստելու, ապա դա լավ է, քանի որ այդպես կարելի է հնարավորինս շատ մարդկանց հետ շփվել:
Ուշադիր եղիր գործընկերոջդ կարիքների նկատմամբ։ Եթե, օրինակ,
գիտես, որ նա առողջական խնդիրների պատճառով այդ օրը աշխատանքի չի եկել, ապա կարող ես
զանգ տալ և հետաքրքրվել նրա վիճակով։ Անհրաժեշտության դեպքում առաջարկիր օգնությունդ։
Ինքդ ստեղծիր կամ մի մերժիր աշխատանքային առօրյայից դուրս համատեղ
ժամանցի հնարավորությունը։
Комментарии
Отправить комментарий