ԱՆԿԵՂԾ ԶՂՋՈՒՄ, ԹԵ՞ ՄԵՂՔԻ ԶԳԱՑՈՒՄ: ԴՐՍԵՎՈՐՈՒՄԸ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ

Մեղքի զգացումը համամարդկային է, և գրեթե բոլոր մարդկանց մոտ, ինչ-որ հարցեր հետ կապված, ժամանակ առ ժամանակ նման զգացումներ են առաջանում: Սակայն, ինչպես մեղքի զգացումն է իր բնույթով տարբեր լինում (գոյաբանական, իրական, նևրոտիկ), այնպես էլ դրա չեզոքացման ձևերն են, կախված անձնավորության հոգևոր զարգացվածության աստճանից, համապատասխանաբար տարբեր: Պետք է ընդամենը դիտարկել դրդապատճառները:
Անկեղծ զղջման դեպքում մեզ համար արժեքավոր են կոնկրետ մարդու հետ մեր փոխհարաբերությունները, որոնք պահպանելու համար մենք սիրով պատրաստ ենք մեր վարքում համապատասխան
փոփոխությունների, ինքնազոհողության: Եթե որևէ արարքով, խոսքով մենք ցավ ենք պատճառել մեր մերձավորին կամ անարդարացի կերպով վերաբերվել, ապա, անկեղծ զղջման դեպքում, խոսքին անպայմանորեն որոշակի գործողություններ կհետևեն՝ ուղղված խնդրի աղբյուրը վերացնելուն և հարաբերությունները որակապես ավելի լավը դարձնելուն:
Նույնը չի կարելի ասել մեղավորության զգացման կամ խղճի խայթի մասին։ Վերջին դեպքում, մենք ընդամենը ցանկանում ենք ձերբազատվել տագնապի և հոգեբանական անբարեհարմարության զգացումներից, որոնք խանգարում են մեզ «հանգիստ խղճով» կենտրոնանալ առօրյա գործերի վրա: Այստեղ մենք, իհարկե, չենք ցանկանում ուրիշների հետ խնդիրներ ունենալ, բայց ոչ այն բանի համար, որ ուրիշները կամ նրանց հետ փոխհարաբերությունները արժեք են ներկայացնում մեզ համար, այլ որ, պարզապես, զահլա չունենք՝ հարաբերությունների խնդրահարույց կողմերի շուրջ քննարկումների, վարքի փոխադարձաբար ընդունելի, կառուցողական
մոդելներ մշակելու: Մեր խնդիրը տվյալ մարդուց հաջողությամբ «պրծնելն» է և շփումը կոնֆլիկտներից ու լարվածությունից զերծ հարթության վրա պահելը: Վերաբերմունքը նրա նկատմամբ մնում է նույնը: Եթե այդպիսի մարտավարությունը մեր կողմից կիրառվում է ընտրողաբար, ելնելով կոնկրետ իրավիճակներում, կոնկրետ անձնանց հետ հարաբերությունները որոշակի մակարդակում պահպանելու նպատակահարմարությունից, և այդպես վարվելու ողջամտության օգտին խոսող ծանրակշիռ փաստարկներ ունենք, դա այլ հարց է: Սակայն, եթե մեր վարմունքը ոչ այլ ինչ է, քան ընդհանրական կողմնորոշում և տարածվում է անխտիր բոլորի վրա, ապա դա խոսում է հաղորդակցման բարդույթների և դրանց հիմքում ընկած ներքին չլուծված խնդիրների մասին: Քանի դեռ մենք չենք լուծել դրանք, շատ դժվար կլինի ուրիշների հետ առողջ փոխհարաբերություններ կառուցել։ Տրամադրության հաճախակի տատանումները, կասկածները, անվճռականությունը, տագնապները, ամաչկոտության, երկչոտության և նևրոտիկ բնավորության բազմաթիվ այլ բարդույթների արդյունքում առաջացող թյուրըմբռնումները՝ բոլոր այս ամենը որոշակի կերպով անդրադառնալու են մեզ հետ շփման կամ ընկերության մեջ գտնվող մարդկանց վրա, և մենք, հատկապես եթե զգայուն խղճմտանք ունենք, անդադար տառապելու ենք նրանց նկատմամբ իրական կամ երևակայական սխալներ գործած լինելու զգացողությունից։
Եթե ցանկանում ենք ազատվել մեղքի զգացման բեռից, ապա պետք է լուծենք մեր ներքին խնդիրները, ինչը հնարավորություն կտա ստեղծել բնականոն, ներդաշնակ զարգացող, առողջ, գեղեցիկ, հոգեպես փոխադարձաբար հարստացնող, մեր ներքին, խորքային իրական ցանկություններից բխող հարաբերություններ, որոնք զերծ կլինեն ներքին հարկադրանքից, արհեստածին սահմանափակումներից, անհիմն մտավախություններից և այլ բացասական ներհոգեկան պայմաններից։ Թող մեր բոլոր դրսևորումները լինեն սիրուց մղված։ Ի վերջո, կախված մեր հոգևոր-բարոյական զարգացման մակարդակից՝ մենք կամ լիարժեք սիրում ենք, կամ անվերջ տագնապում․․․
Комментарии
Отправить комментарий