ՍԵՓԱԿԱՆ ԿՅԱՆՔԸ ԻՆՔՆԱՀՈՍԻ ՄԱՏՆԵԼԸ ԱՆՁՆԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԻՑ ԽՈՒՍԱՓԵԼՈՒ ՄԻՋՈՑ Է

«Ինքս էլ չհասկացա, թե ինչպես եղավ», «հանգամանքները ստպիցեցին», «հանգամանքներն այդպես դասավորվեցին», «նա ինձ ստիպեց»։ Լսել ե՞ք նման արտահայտություններ։ Եթե դուք ուշադրություն դարձնեք, ապա այդպես արտահայվողների մեջ ամենից առաջ կնկատեք առերևույթ սկզբունքային անձանց, որոնք երբեմն նույնիսկ մերժել գիտեն․․․ սակայն, առաջին իսկ արտաքին ճնշման դեպքում տեղի են տալիս և փոխզիջման գնում իրենց կարծեցյալ սկզբունքների մեջ։ Արդյունքը երկար չի սպասեցնում․ անանուն հարաբերություններ, խղճի խայթեր, իրար արագորեն հաջորդող բևեռային հույզեր, կենսական հարցերում փախուստի ռազմավարություն, տագնապներ, անվճռականություն և երբ հարցնում ես, թե ինչու այդպես ստացվեց, պատասխանը միանշանակ է՝ չգիտեմ, հանգամանքները այդ կերպ դասավորվեցին։ Աստվածաշնչում ասվում է, որ Ադամն էլ է նույն կերպ վարվել։ Երբ աստված նրան հարցնում է՝ ինչու՞ պտուղը կերար, նա պատասխանում է․ «Այն կինը, որ ինձ տվեցիր, նա տվեց, ես էլ կերա»։ Դե կներես էլի․․․ Ստացվում է այսպես, մենք ջանում ենք խուսափել ինքնուրույնաբար որոշումներ կայացնելուց, որպեսզի, սխալվելու դեպքում, մեր գիտակցությունը չխոցվի և բացասական ապրումներ չունենանք, իսկ իրադարձությունների անհաջող դասավորվելու դեպքում, հանգամանքները կան ու կան։ Բայց, մեկ րոպե․ մի՞թե հանգամանքներին տուրք տվող մենք չենք․․․ մի՞թե մեզ համար կարևոր որոշումների առաջ մեր անպատասխանատու «այո»-ի կամ չհիմնավորված «ոչ»-ի դեպքում հնարավոր փոխզիջման գնացողը, տարրերային ակտիվություն դրսևորողը և մեր հեղեհեղուկ, անկայուն բնավորության գծերի գիտակցման արդյունքում առաջացող բացասական ապրումների կրողը մենք չենք լինելու։ Ցանկացած դեպքում, մենք չենք կարող խույս տալ պատասխանատվությունից։ Ուստի, պետք է սովորենք ստանձնել այն և հասունանալ` սովորելով կյանքի դասերը մեզ բաժին ընկած փորձություններից։

Комментарии

Популярные сообщения