ԻՆՉՈՒ՞ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՄԱՐԴԻԿ ՉԵՆ ԴԻՄՈՒՄ ՀՈԳԵԲԱՆՆԵՐԻ

Աշոտ Թորոսյան

Ներկայումս, ամբողջ ախարհում հոգեբանին դիմելը սովորական երևույթ է։ Գնալով ավելի շատ մարդիկ են սկսում հասկանալ հոգեբանի և հոգեբույժի միջև տարբերությունները, ինչը կարելի է առաջընթաց համարել։ Սակայն, այդուհանդերձ, մարդկանց զգալի մի հատված չի դիմում մասնագիտական հոգեբանական օգնության՝ որոշակի պատճառներից ելնելով։ Հայաստանում ես ծանոթ չեմ այս խնդրի վերաբերյալ որևէ պաշտոնական վիճակագրության, բայց կան որոշ դիտարկումներ, որոնց մասին կցանկանայի կիսվել։
1 Շատերը մեր երկրում չեն դիմում հոգեբանի՝ անվճարունակության պատճառով։ Հայտնի է, որ մեկ հանդիպման համար ծառայության սակագինը տատանվում է 7 000-15 000 դրամի սահմաններում, իսկ շաբաթական 30 000 դրամ (կամ ավելի) հոգեբանական օգնության վրա ծախսելու ճոխություն իրենց կարող են թույլ տալ միայն բարձր աշխատավարձ ստացողները կամ հարուստները։ Մյուս կողմից, ովքեր «մարդավարի» են ապրում, գործնականում հազվադեպ են զգում հոգեբանին դիմելու անհրաժեշտություն։ Վերջին դեպքում, խնդիրները հիմնականում կապված են լինում ֆինանսականի հետ․․․ Իսկ ահա նրանք, ովքեր զգում են հոգեբանի կարիք և լիարժեք գիտակցում են մասնագիտական հոգեբանական օգնության դիմելու անհրաժեշտությունը, ցավոք, հաճախ գումար չեն ունենում դրա համար։  Ինչպես երևում է, մեր երկրում ոլորտի պատասխանատուները հոգացել են, որպեսզի ժողովուրդը՝ ֆինանսականից բացի, այլ խնդիրներ չունենա, ոչ էլ ժամանակ՝ դրանց վրա կենտրոնանալու․․․ 
2 Հոգեբանին օգնության համար չդիմելու մյուս պատճառը թաղված է հասարակական գիտակցության մեջ։ Մի փոքր զարմանալի է, բայց Հայաստանում մարդիկ, հոգեբանական խնդիրներ ունենալիս (ասենք, վախի դեպքում), դեռ դիմում են մոմ թափողների, բախտագուշակների և այլոց։ Շառլատանների զոհը դառնալուց հետո միայն, թերևս, նրանք գալիս են հոգեբանի մոտ։
3 Ոչ պակաս կարևորություն ունի նաև շառլատան հոգեբանների կամ անբավարար մասնագիտական մտահասությամբ հոգեբանների խնդիրը։ Ինչպես բազմաթիվ այլ հարցերում, այնպես էլ այստեղ՝ մարդկանց համար դժվար է տարածական մտածել։ Շատերը անկեղծորեն կարծում են, որ եթե հոգեբանական կրթություն ունեցող որևէ անձ հաճախակի է երևում հեռուստաէկրանի վրա, ունի գիտական կոչում կամ դասախոսում է հայտնի բուհերում, ուրեմն, նա անպայմանորեն լավ մասնագետ է։ Իհարկե, երբեմն իրավական փաստաթղթերը կամ մասնագետի վարկանիշը իսկապես համապատասխանում են նրա իրական մտահասությանը և դա, ինչ խոսք, հնարավոր է իրավամբ վաստակել։ Կան հետբուհական կրթություն ստացած և արտերկրում վերապատրաստված հրաշալի պրակտիկ հոգեբաններ, ովքեր մեծ հարգանք են վայելում ինչպես գործընկերների, գիտական շրջանակներում, այնպես էլ՝ իրենց այցելուների մոտ։ Սակայն, լինել լավ տեսաբան և լավ պրակտիկ հոգեբան՝ տարբեր բաներ են։ Վերջին դեպքում առանձնակի կարևորություն է ձեռք բերում առավելապես թերապևտի անձը։ Ընդ որում, հոգեբանական օգնության/հոգեթերապիայի արդյունավետությունը կախված է ոչ միայն տվյալ թերապևտիկ մեթոդի գործուն լինելուց կամ նրա տեսությանը և առանձին հնարքների տիրապետման աստիճանից, այլև՝ հոգեբանի/հոգեթերապևտի հուզական հասունությունից, նրա ճկունությունից, սեփական հուզերն ու դրանց բովանդակությունը հասկանալու ընդունակությունից։ Դիտարկումները ցույց են տալիս, որ արդյունավետ աշխատող հոգեբաները, որպես կանոն, հոգեպես առողջ են և հաջողությամբ են լուծում սեփական խնդիրները։ [2] Այնպես որ, թերապևտի անձը հաջող հոգեթերապևտիկ աշխատանքի ամենակարևոր գործիքն է։ Եթե հոգեբանի մասնագիտությունը իր կրողի համար պարզապես «փեշակ» է, փող աշխատելու միջոց, ապա վաղ թե ուշ այցելուն դա կարող է զգալ՝ անկախ իր նկատմամբ կիրառվող մանիպուլյացիաներից։ Բացի այդ, որքան էլ սահմանափակ լինեն մարդկանց՝ համակարգված մտածելու հնարավորությունները, միևնույն է, դժվար չէ նկատել՝ տվյալ հոգեբանը մարդասեր է, թե փողասեր, կաշառակեր՝ թե արդարամիտ, հավասարակշռված՝ թե բռնկվող և այլն։ Այցելուներից շատերը, արդեն սեփական փորձից ելնելով, հասկանում են, որ հանրապետությունում ճանաչված հոգեբաններից մի քանիսն իրենց թեստավորում են ավելի շուտ հետազոտական, քան՝ հոգեախտորոշիչ նպատակներով։  Թերևս հենց դա է պատճառը, որ, հիասթափվելով անպտուղ հանդիպումներից, մարդիկ այլևս չեն ցանկանում ավելորդ ծախսերի մեջ թաթախվել։ Նրանցից ոմանք էլ, հասցնելով ֆինանսապես բավարար տուժել, ակտիվ հակաքարոզչություն են ծավալում արդեն ոչ թե կոնկրետ հոգեբանի, այլ, ընդհանրապես, հոգեբանի մասնագիտության դեմ։ Ստացվում է, որ «մի հիմար քարը գցում է ջրհորը, յոթ իմասուն չեն կարողանում հանել այն»։ Ճիշտ է, եթե, օրինակ, մեզանից որևէ մեկը նեխած միս գնի, դրա հետևանքով առաջացած խնդիրները և բարկությունը դժվար թե մեզ ստիպի հրաժարվել ընդհանրապես մսամթերքից։ Տրամաբանական է, որ նույն սկզբունքը պետք է աշխատի նաև հոգեբանի մասնագիտության պարագայում, սակայն, չպետք է մոռանալ, որ մարդկանց պահանջմունքները և դրանց գիտակցման աստիճանը տարբեր են։
Ցավոք, մեզանից ոչ ոք ապահովագրված չէ «վատ» մասնագետի ձեռքն ընկնելուց։ Դրա ռիսկը նվազեցնելու համար, պետք է ապավինենք մեր ներքին ձայնին և լայնախոհություն դրսևորենք գնահատման մեր չափանիշների մեջ։ Եթե մեզ համար արժեք է, ասենք, գիտական աստիճանը, ապա թերևս խելամիտ լինի կշռադատել, թե Հայաստանում, բացի սովորելուց, ուրիշ է՛լ ինչ ճանապարհներով կարելի է գիտական կոչում կամ աստիճան «վաստակել»։ Եթե տվյալ հոգեբանը աշխատում է որևէ հեղինակավոր կազմակերպությունում, ապա կարելի է հետաքրքրվել, թե նա ինչպիսի վարկանիշ ունի առաջին հերթին որպես մարդ, հետո՝ որպես գործընկեր, աշխատակից, այլ խոսքով՝ հարկավոր է բավարար տեղեկութուններ ստանալ նրա մարդկային տեսակի, ուրիշների հետ նրա փոխհարաբերությունների վերաբերյալ, ինչը լավ մասնագետի ընտրության հարցում կարող է համարժեք կողմորոշման հիմք ծառայել։
4․ Հոգեբանի դիմելուց հետ պահող մեկ այլ հանգամանք է վերջիններիս վերագրվող ամենատեսությունը, վախը, որ մասնագետը կարող է բացահայտել այն, ինչն այցելուն չէր ցանկանա ի հայտ բերել կամ ակամա դրսևորել իր վարքում։ Մեզանում բավականին տարածված է այն մոլորությունը, թե հոգեբանների աչքից ոչինչ չի վրիպում և որ գործնականում անհնար է նրանցից որևէ բան թաքցնել։ Ճիշտ է, հոգեբանները՝ համեմատած ուրիշների, գուցե ավելի շատ բան են հասկանում մարդու վարքում կամ ոչ խոսքային  դրսևորումներում, սակայն, նրանք հասարակ մահկանացուներ են, և նրանցից նույնպես կարելի է որոշակի հանգամանքներ թաքցնել, էլ չեմ ասում՝ խաբել։ Պարզապես, դրա իմաստը չկա։ Եթե ցանկանում ենք հաղթահարել մեր խնդիրները և որոշել ենք դիմել հոգեբանի, ապա մեր իսկ շահերից է բխում առավելագույնս բաց և անկեղծ լինելը։ 
5․ Ահա այստեղ էլ մենք բախվում ենք հոգեբանի չդիմելու «մաքուր» հոգեբանական պատճառին, որը կոչվում է «դիմադրություն»։ Վերջինս իրենից ներկայացնում է պաշտպանական մեխանիզմ, որն «օգնում» է մարդուն՝ զերծ մնալ իր համար անտանելի կամ տհաճ իրավիճակների հետ առերեսվելուց։ Դիմադրության գործառույթը հետևյալն է․ խոչնդոտել անգիտակցականից դեպի գիտակցության տիրույթ թափանցող տեղեկությանը, որը կարող է ցավ կամ այլ բացասական հույզեր հարուցել։ [1] Այն ակտիվանում է որոշակի փաստերի և իրավիճակների բախվելիս, որոնք ի զորու են որոշակի զուգորդություններ առաջացնել և բացասաբար անդրադառնալ տրամադրության, ինքնագնահատականի վրա։ Այդ միտումը հանգեցնում է նրան, որ մարդն սկսում է խուսափողական վարք դրսևորել։ Չնայած նրան, որ, գիտակցաբար, խնդիրը կրողը փորձում է  կոնկրետ իրադրություններում իր վարքը բացատրել «օբյեկտիվ» պատճառներով, իրականում, սակայն, նա կառչում է արդարացումներից և սխալ է մեկնաբանում իր հետ կատարվող դեպքերն ու իրադարձությունները։ Որպես օրինակ կարելի է բերել մշտական ուշացումները աշխատանքից։ Դրանք հաճախ փաստարկվում են զարթուցիչը չմիացնելով կամ փողոցում խցանումներով։ Սակայն, իրերի վրա խորը հայացք գցելու դեպքում, մենք նկատում ենք աշխատավայրում ղեկավարության հետ կոնֆլիկտային հարաբերություններ, անբավարարվածություն իր պաշտոնից, կարիերայից և այլն։   Ինչ-որ մեկը խուսափում է բժիկներից, ուրիշը՝ ուշանում, մեկ ուրիշը «չի կարողանում» բարձր վարձատրվող աշխատանք գտնել, մյուսը՝ հղիանալ և այլն։ Բոլոր այս դեպքերում կան «անտեսանելի» պատճառներ, որոնք մարդիկ անգիտակցաբար չեն ցանկանում նշմարել։ Դիմադրությունը հատկապես դրսևորվում է հոգեբանի հետ հանդիպումների պարագայում։ Մարդիկ տարբեր պատճառաբանություններ են բերում հանդիպումները հետաձգելու կամ դրանք ժամանակավորապես դադարեցնելու համար։ Թե ՛ սեփական կյանքը որակապես դեպի լավը փոխելու և ախտանշաններից մեկնդմիշտ ազատագրվելու ցանկությունը, թե՛ կյանքում փոփոխությունների նկատմամբ անգիտակցական վախը միաժամանակ առկա է հոգեբանական դժվարություններ ունեցող գրեթե յուրաքանչյուր մարդու մոտ։ «Պատահաբար առաջացող անհետաձգելի գործերը» ոչ այլ ինչ են, քան այդ փոփոխությունների հետևանքով առաջանալիք հնարավոր ցավագին ապրումներից պաշտպանվելու միջոց։ Իհարկե, «նոր կոշիկ» հագնելը դժվար է, և  հոգեթերապևտիկ աշխատանքում վերածնվող անհատը՝ ինչպես նորածինը, լացով է պատասխանում իրեն սպասվող ապագային։ Սակայն արժե իսկապես վերածնվել։
Հնարավոր չէ սպառիչ նկարագրել հոգեբանական օգնություն ստանալուց խուսափելու կամ հրաժարվելու բոլոր պատճառները և, անկասկած, ընթերցողը կարող է ավելացնել նաև իրեն հայտնիները։ Ինչևէ, ցանկացած դեպքում որոշումը մերն է։ Մենք ենք անձնական պատասխանատվություն կրում մեր խնդիրների համար։ Կարող ենք ընտել՝ հեռու մնալ հոգեբաններից՝ ելնելով սույն հոդվածում քննարկվող կամ մեզ հայտնի պատճառներից և փնտրել իրավիճակներ, որոնք կշոյեն հոգեբանների և հոգեբանի մասնագիտության շուրջ մեր նախապաշարմունքները, կամ խիզախություն և վճռականություն հանդես կբերենք՝ մեզ «լացացնողների մոտ»  գնալու․․․․




Գրականություն։

1.      Карамян Карина Рубеновна, Почему люди не ходят к психологам, http://www.all-psy.com/stati/detail/1708/1/

2.      Luborsky L. et al., 1975; Lambert M. J., Shapiro A. K., Bergin E. A., 1989; Garfield S. L., 1994; Boyatzis R. E., Goleman D., Rhee K., Cherniss C., 1999 

Комментарии

Популярные сообщения