ԻՆՉԻ՞ ՄԱՍԻՆ ԱՐԺԵ ԽՈՐՀՐԴԱԾԵԼ ՆԱԽՔԱՆ ԻՆՉ-ՈՐ ՄԵԿԻՆ ԽՈՐՀՈՒՐԴ ՏԱԼԸ


Թերևս մեզանից յուրաքանչյուրի մոտ ժամանակ առ ժամանակ առաջանում են, հիասթափության, վհատության, անորոշության և նմանատիպ բացասական զգացումներ։ Դրանք կարող են կապված լինել մեր կյանքում կայացվելիք կարևոր որոշումների, բարդ, երկընտրելի իրավիճակների, դրանցում համարժեք կողմնորոշվելու անհրաժեշտ գիտելիքների ու փորձի պակասի, անձնական պատասխանատվության, վճռականության և այլնի հետ։ Շատերը խորհրդի և իմաստուն առաջնորդության համար դիմում են մտերիմ մարդկանց, հարուստ կենսափորձ ունեցող իրենց ավագ ընկերներին, բարեկամներին, քահանաներին, երեցներին, քարոզիչ եղբայրներին և այլոց, ովքեր քիչ թե շատ հեղինակություն են վայելում խնդիրը կրող անձի մոտ։ Խորհրդատուների մի մասը զգուշավորություն է հանդես բերում՝ խուսափելով մասնավորապես անձնական պատասխանատվություն ենթադրող հարցերի դեպքում խորհուրդներ կամ խրատներ տալուց։ Նրանցից մի քանիսն էլ խորապես շոյվում են իրենց դերին վերագրվող նշանակալիությամբ և, ոչ հազվադեպ, «աչքը սարքելու տեղը, ունքն էլ հետն են հանում»։ Ինչու՞ է ստացվում այնպես, որ, հաճախ լավագույն նկատառումներն ունենալով հանդերձ, մարդիկ վնասում են` օգնելու փոխարեն։ 
Պատճառը, որպես կանոն, պրակտիկ հոգեբանի աշխատանքին ներկայացվող համապատասխան անձնային և մասնագիտական որակերի բացակայությունն է, ոչ հոգեբան լինելը։ Քիչ չեն դեպքերը, երբ ուրիշներին խորհրդատվական աջակցություն ցուցաբերել ցանկացող, մասնագիտությամբ ոչ հոգեբաններից ոմանք հավակնում են իրենց կենսափորձով մրցակցել համապատասխան կրթություն ստացած հոգեբան/հոգեթերապևտների հետ։ Ընդ որում, այդպիսիք, սովորաբար, սիրում են ընդգծել, որ բաներ կան, որոնք հասկանալու համար «ինստիտուտ պետք չի» և անցնում գործի։
Ինչևէ, որքան էլ անկեղծ և անշահախնդիր լինեն այդխիսի մարդկանց մղումները, արժե խորհրդածել մի շարք հանգամանքների շուրջ։
Նախ, նմանօրինակ պարզ, «սրտի տրամաբանությամբ»  հատկանշվող  մարդկանց  ընկալումների վրա խոր ազդեցություն են թողնում իրադրային հույզերը, դիրքորոշումները, տրամադրություններն ու ակնկալիքները: Նրանց մոտ խիստ արտահայտված է հատկապես սպասումների ազդեցությունը ընկալումների վրա։ Իրականության «անկոնֆլիկտ» ընկալման միտումը ոչ միայն բացառում է էական նշանակություն ունեցող հանգամանքների բացահայտումն ու վերլուծությունը, այլև հախախ բերում է արդեն իսկ բացահայտվածների համահարթեցմանը, դրանց նշանակության թերագնահատմանը։ Դիտարկենք օրինակ, որը լուսաբանում է այդ օրինաչափությունը:
Երբ մարդուն տեսնելուց առաջ ասում ենք, որ քիչ հետո սենյակ է մտնելու, ասենք, մի կին, որը շուտով կամուսնալուծվի, ապա «պարզ», սպասումներով ապրող մարդու մեջ դիրքորոշում ենք ստեղծում տվյալ անձի նկատմամբ: Դիրքորոշումը ակտիվացնում է տվյալ անձի մոտ առկա բոլոր նախապաշարմունքները, կոշտ հայացքները, կարծրատիպերը, որոնցով լցվում է  կոնկրետ անձի ընկալման բովանդակությունը: Ընդ որում, եթե ընկալվող օբյեկտը կամ երևույթը տվյալ անհատի համար ունի հուզական նշանակություն, ապա տարաբնույթ մեկնաբանություններն անխուսափելի են: Մասնավորապես քրիստոնեա-հուդայական որոշ կրոնական խմբերում, որտեղ ամուսնալուծությունները միանշանակ կերպով դատապարտվում են, շատերը չափազանց սուր են արձագանքում դրանց։ Վերոհիշյալ կնոջ ամուսնալուծության փաստի առթիվ, ոմանք, օրինակ կարող են հնչեցնել, մի դատողություն, համաձայն որի,  «եթե տան կտուրը ծակվում է, ապա պետք է այն նորոգել և ոչ թէ տունը փոխել»: Իհարկե, խելամիտ չէ ամուսնական կյանքում ի հայտ եկող կոնֆլիկտներն ու տարաձայնությունները որպես պատրվակ օգտագործելը հիմք համարել նրանց դեպի շուտափույթ ամուսնալուծությունը հակելու համար: Բայցևայնպես, յուրաքանչյուրս պետք է հաշվի առնի հետևյալը. մի՞թե ամուսնական հարաբերություններում գոյացող ցանկացած խնդիր կարելի է բնութագրել սոսկ տան կտուրի ծակման տեսանկյունից, կամ մի՞թե խնդրո առարկա անձանց ամուսնությունը կարելի է «տուն» անվանել` ելնելով զուտ այն փաստից, որ նրանց միավորում է ամուսնական գրանցման վկայականը: Այլ կերպ ասած, նախքան տան կտուրի վերանորոգման աշխատանքները սկսելը, խելամիտ կլիներ պարզել, թէ առ հասարակ տուն գոյություն ունի՞ այդ կտուրի տակ: Այնուհետև պետք է պարզել՝ ով, երբ և որտեղ է կառուցել այդ տուն կոչվածը: Ինչու՞ ով, քանզի լինում են դեպքեր, երբ ծնողները կամ այլ անձինք են ներգործում հարաբերությունների որոշակի փուլում գտնվող անձանց՝ ամուսնանալու որոշման վրա: Ինչու՞ երբ, քանի որ երբեմն ամուսնացողները բավարար հասունություն չեն ունենում իրենց որոշումների (այդ թվում և կողակցի ընտրության) պատասխանատվությունն ու լրջությունը ամբողջովին գիտակցելու համար: Եվ վերջապես ինչու որտեղ՞ քանի որ Քրիստոսը, որպես «շինարարական հարցերով» խորհրդատու, հետևյալ տեղին ազդարարությունն է տվել Ավետարանում. «Արդ ով որ իմ այս խոսքերը լսում է և նրանց պահում, կնմանեցնեմ նրան մի մարդի, որ իր տունը շինեց ժայռի վրա: Եվ անձրևն էլ եկավ, գետերն էլ վարարեցին, քամիներն էլ փչեցին և այն տանը զարկեցին, և նա չկործանվեցավ: Եվ ամեն ով որ իմ այս խոսքերը լսում է և չէ կատարում, նա կնմանվի մի անխելք մարդի, որն իր տունը շինեց ավազի վրա: Եվ անձրևն էլ եկավ, գետերն էլ վարարեցին, քամիներն էլ փչեցին և այն տանը զարկեցին, և նա կործանվեցավ և նրա կործանումը մեծ էր» (Մատթ. 7:24-27): Այս ամենից հետո հետևյալ հարցերն են ծագում. այն անձին, ում մենք խորհուրդ ենք տալիս տունը լքելու փոխարեն կտուրը  նորոգել, որքանո՞վ ենք համոզված այդ տան «սեյսմակայունության» մեջ, որ կարող է այն հաջողությամբ դիմակայել «բնության անկանխատեսելի տարերքներին», մենք անձամբ այդպիսի տան մեջ կբնակվեի՞նք, արդյո՞ք խնդիրը կտուրի մեջ է, թէ՞ տան հիմքի ամրության, ունե՞նք արդյոք «ճարտարագիտական» հիմնավոր գիտելիքներ կամ կրթություն՝ խնդրո առարկա տան վթարային կամ ոչ վթարային լինելու վերաբերյալ ծանրակշիռ հետևություններ անելու համար: Այս ամենին ի տես, պետք է մշտապես ի մտի ունենալ այն, որ մարդկանց կյանքում հանդիպող կոնֆլիկտներն ու պրոբլեմային իրավիճակները միշտ չէ, որ հանդես են գալիս այնպիսի պարզությամբ, ինչպիսին մեզ կարող է թվալ՝ իրերը ընկալելու մեր հնարավորությունների հետևանքով: Այնպես որ, մեր կողմից խելամտություն կլիներ՝ առանց մարդու խնդրի վերաբերյալ ամբողջական տեսքով տեղեկություններ ստանալու, որևէ խորհուրդ չտալ նրան։ Ի վերջո, լավատեսությունը, որը զերծ է  զգուշավորությունից, չի հաշվի առնում իրերի և երևույթների իրական, օբյեկտիվ բնութագրերը, կարող է այնպիսի տպավորություն ստեղծել, ասես, «ավազի վրա կառուցված տներ» իրական կյանքում գոյություն ունենալ չեն կարող: Իսկ ինչ վերաբերում է Քրիստոսի այն ազդարարությանը, թէ «անձրևները կարող են գալ, քամիները փչել ու այդօրինակ տներին «զարկել», ապա դա էլ, ըստ երևույթին, ավելորդ հոռետեսություն է: Շրջահայաց քրիստոնյան կխուսափի լավատեսության հարցում Քրիստոսին գերազանցելուց և չի հրաժարվի իրերի նկատմամբ սեփական ընկալումների հորիզոնը փոքր-ինչ ավելի ընդարձակելու գաղափարից: «Մարդ չի կարող անպատիժ կերպով խաբել բնությունը՝ գործելով նրա կամքին հակառակ: Բնությունն անողորմ է,… », - գրում է Բալզակը։
Վերոհիշյալը անժխտելիորեն փաստում է, թե որքան չոր, անճկուն կարող են լինել ոչ մասնագիտական հոգեբանական օգնության վրա չկառուցված մոտեցումները։ Թե ինչ բացասական հետևանքների կարող է հանգեցնել կամավոր խորհրդատուների առաջարկած մարտավարությունը կյանքում լուրջ խնդիրներ և դրանց համարժեք լուծում տալու հարցում կողմնորոշման դժվարություններ ունեցող մարդկանց, պատկերացրեք ինքներդ։ Մի բան պարզ է․ ինչպես ցանկացած պարագայում, այնպես էլ հոգեբանական դժվարությունների դեպքում «փինաչիությունը», ոչ պրոֆեսիոնալիզմը վնասակար է, առավել ևս, երբ խաղաքարտին դրված է մարդու կյանքը։ Ուստի ևս մեկ անգամ տեղին է հիշել մեծն Բալզակի խոսքերից մեկը․ «Երբեք մի մատուցեք ծառայություններ, որոնց մասին ձեզ չեն խնդրում»։

Աշոտ Թորոսյան


Комментарии

Популярные сообщения