ՄՏՔԵՐԸ ԶԳԱՑՄՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Աշոտ Թորոսյան


հոգեբան – Ի՞նչ եք դուք զգում։
այցելու – Ոչինչ։
հոգեբան - Անհնար է ոչինչ չզգալ։
այցելու – դե, հիմա, չգիտեմ։
հոգեբան – Ձեր զգացմունքները, հույզերը այն ոլորտն է, որ լիովին հասանելի է միմիայն ձեզ, և ձեզնից լավ ոչ ոք չգիտի, թե Դուք ինչ եք զգում։
այցելու -  դե, ես մտածում եմ՝ դա ինձ դուր չի գալիս։
հոգեբան - Այդպես դուք մտածում եք, իսկ ի՞նչ եք զգում։
այցելու -  ճիշտն ասած, չեմ հասկանում ինչ եք դուք ուզում ինձանից։

Մեր հասարակության մեջ, սովորաբար, ընդունված չէ ազատորեն արտահայտել սեփական հույզերը։ Դեռևս փոքր տարիքից տղաներին սովորեցնում են զսպել իրենց՝ լաց չլինել, աղջիկներին ու կանանց չժպտալ, որպեսզի վերջիններս երես չառնեն, լինել սառնասիրտ և այլն։ Աղջիկներին՝ ապագա հարսներին, պատվիրում են ցանկացած իրավիճակում լեզուն ատամների տակ պահել սկեսուրի տանը, զսպել, համբերել և լռելյայն տոկալ այն դժվարություններին, որոնք նախատեսում է տվյալ ընտանիքում իր դերը։ Մեծ սոցիալական խմբերում նույնպես իրավիճակը էապես չի տարբերվում։ Այսպես, ավետարանում հորդորվում է հնազանդվել իշխանություններին, «որովհետև չկա իշխանություն, որ Աստվածանից կարգված չէ»։ Ըմբոստությունը, անհնազանդությունը միանշանակորեն դատապարտվում է։
Արդյունքում, ի՞նչ է տեղի ունենում։ Մարդիկ չեն կարողանում հասկանալ՝ իրենք իսկապե՞ս զգում են, թե՞ պետք է  այդպես զգալ կամ այդպես զգալը ճիշտ է։ Երկփեղկվում են մարդու արտաքին և ներքին աշխարհները, և ամեն ինչ վերածվում է իսկական խառնափնթորի։ Բարկացությանն ու չարացածությանը փոխարինման են գալիս տագնապն ու տարատեսակ վախերը։ Անինքնավստահությունը հաճախ սքողվում է խանդով, միայնության վախը մարդուն հակում է անկազմակերպ ակտիվության, բազմապիսի անիմաստ կապերի և մոլեռանդության, ցածր ինքնագնահատականը հանդես է գալիս առերևույթ վճռական կեցվածքով, երբեմն՝ հանդգնության աստիճանի հասնող ինքնավստահությամբ, անբավարարվածությունը սեփական կյանքից մարդուն դարձնում է անողոք քննադատ և հոռեստես։ Վերջիններս, չունենալով իրենց կյանքն ըստ իրենց ուզածի կառուցելու բավարար խիզախություն, հարձակվում են ուրիշների վրա, ովքեր ի զորու են սեփական հայացքները պաշտպանել և արժանի դիմադրություն ցույց տալ անհատականությունների գոյությունը չհանդուրժող ամբոխին։ Հույզերի տևական կուտակումներն էլ, իրենց հերթին, հանգեցնում են բարկության անկառավարելի պոռթկումների, առաջ են գալիս տարաբնույթ հոգեմարմնական խանգարումներ և այլն։ Ստացվում է այնպես, որ մարդկանց համար անհամեմատ հեշտ է թաքնվել հազարավոր դիմակների տակ, քան համարձակություն ունենալ՝ խոսելու որևէ երևույթի վերաբերյալ իրենց ապրումների շուրջ։
Կարելի է, իհարկե, խաբել ցանկացած մեկի, սակայն, ինքն իրեն խաբելը անշնորհակալ և բարդ գործ է։ Մենք, ինչ խոսք, կարող ենք խուսափել այն իրադրություններից, որոնք մեզ վախ կամ անհանգստություն են ներշնչում, բայց անհնար է անտեսել այն զգացումները, որոնք ծնվում են դրանցում հայտնվելիս։ Նույնիսկ եթե մենք դա չենք գիտակցում, միևնույն է, դրանք էապես ազդում են մեր ինքնազգացողության վրա։
«Մտածել այնտեղ, որտեղ հարկավոր է զգալ, հատուկ է սլացում չունեցող հոգիներին», - գրում է Բալզակը։ Մեր կյանքի որակը, մեր գոյության իմաստը, գերխնդիրը լուծելու համար, անհրաժեշտ է գիտակցվածություն և ակտիվ աշխատանք՝ դրանք լուծելու ուղղությամբ։ Անքննադատաբար ընդունված գաղափարները, կրոնական ուսմունքները, ավանդական կոչվող դաստիարակության անտրամաբանական և անփաստարկելի դրույթները, սոցիալական տարաբնույթ նախապաշարմունքները և մարդուն ապանձնայնացնող մյուս գործոնները՝ բոլոր այս ամենը այնպես են խճճում մարդկանց, որ վերջիններս այլևս ոչինչ չի մնում, քան ապաստան գտնել զանազան նևրոտիկ ախտանշանների մեջ։ Արդեն վաղուց է հայտնի, որ նևրոզների, դեպրեսիվ վիճակների առաջաման գլխավոր պատճառներից մեկը՝ դա մարդու ներաշխարհում տիրող քաոսն է՝ իրավիճակ, որտեղ ճնշված են մարդու բոլոր բնական ձգտումները, հակումները, նրա ինքնաբուխությունը։

Այս արատավոր շրջանից դուրս գալու համար, պետք է սովորել չվախենալ սեփական հույզերից և ազատորեն ինքնադրսևորվել։ Մեր հույզերը մեր «օգնականներն» են իրականում։ Պատահական չեն Յունգի խոսքերը «Դեպրեսիան նման է սև զգեստով սգավոր կնոջ։ Եթե նա եկել է քեզ մոտ, մի վռնդիր, այլ ներս հրավիրիր նրան իբրև հյուրի և լսիր այն, ինչ նա մտադիր է ասել քեզ»։

Комментарии

Популярные сообщения