ԵՐԲ ՁԵԶ ՈՒԺԱՍՊԱՌ ԵՔ ԶԳՈՒՄ

Ահա արդեն մի քանի ամիս է, ինչ նորմալ չես կարողանում քնել, արյան ճնշումդ տատանվում է, սիրտդ արագ է աշխատում, իսկ գլխացավերը երբեմն, պարզապես, անտանելի են։ Շատերս գուցե նկատում ենք մեր օրգանիզմի կողմից ստացվող այսօրինակ ահազանգերը, սակայն, ցավոք, հաճախ նաև անտեսում ենք դրանք։
Անելիքները շատանում են։ Թվում է թե մի քանիսի դեպքում գործը գլուխ ենք բերել, բայց ահա նորերն են ավելանում։ Դրան գումարվում է ապագայի նկատմամբ անորոշությունը, ընտանեկան խնդիրները, աշխատավայրում ղեկավարության չափազանց բարձր կամ անհեթեթ պահանջները, ֆինանսական դժվարությունները․․․ Դուք հայտնվում եք անվերջանալի սթրեսների հորձանուտում։ Ինչ-որ պահի առաջանում է դատարկության զգացողություն․ ոչինչ չես ուզում անել, ոչինչ նույնիսկ ուզել, ոչ մեկի հետ շփվել, ամեն ինչ կարծես միևնույն է դառնում ձեզ համար։ Ինչպե՞ս հաղթահարել այս ամենը, ի՞նչ անել։
Եթե վերոհիյալ իրավիճակները ձեզ են վերաբերում, ապա օգնել ձեզ կարող է ցանկացած բան, ինչ ուժ կարող է հաղորդել։ Ամենից առաջ պետք է լավ քնել և հանգստանալ։ Այնուհետև, եղեք անկեղծ ինքներդ ձեզ հետ և փորձեք պատասխանել հետևյալ հարցերին
Ø  Ե՞րբ եք վերջին անգամ արել այնպիսի բան, որն իսկապես հաճելի է եղել ձեզ համար։
Ø  Դուք բավարար շարժվում ե՞ք, թե օրերով նստած եք տանը (աշխատավայրում՝ գրասեղանի, տանը՝ հեռուստացույցի կամ համակարգչի առաջ)։ Ակտիվության ինչպիսի՞ ձևերն են ձեզ թարմացնում։ Միգուցե փորձեք վազքը, առավոտյան մարմնամարզությունը կամ զբոսանքը այգում։
Ø  Որքա՞ն ժամանակ եք անցկացնում մաքուր օդում։
Ø  Փորձեք այնպիսի զբաղմունքներ, որոնք վերականգնում են հոգևոր հավասարակշռությունը։ Դիտեք գեղեցիկ տեսարաններ պարունակող ֆոտոշարքեր, կարդացեք հետաքրքիր գրքեր, պատրաստեք նոր, բացառիկ խոհանոցային բաղադրատոմսեր։ Ունեցեք մտերմիկ զրույցներ ընկերոջ/ընկերուհու հետ։ Արեք դա հենց հիմա և մի հետաձգեք։
Ø  Թուլացման ինչպիսի՞ մեթոդներ են ձեզ հայտնի՝ շնչառական վարժություններ, աուտոթրեյնինգ, մեդիտացիա, յոգա։
Ø  Հետևեք ձեր սննդակարգին։ Առավելապես սնվեք թարմ մրգերով ու բանջարեղենով։ Փորձեք խուսափել կիսաֆաբրիկատներից և պահածոյացված սննդամթերքից։
Ø  Ե՞րբ եք վերջին անգամ արձակուրդ վերցրել։ Գուցե մեկնեք որևէ տեղ հանգստանալու։
Ø  Ունե՞ք մեկը, ում հետ կարող եք կիսվել ձեր խնդիրների, մտատանջությունների և կասկածների շուրջ։
Վերը ներկայացված իրավիճակները կօգնեն ձեզ կողմնորոշվելու՝ ինչն է ձեր կյանքում  դուրս եկել վերահսկողությունից և ձեր ո՛ր պահանջմունքներն եք դուք տևականորեն արհամարել։ Հնարավոր է, դուք տարիներով փորձել եք հաջողության հասնել աշխատավայրում, վեր բարձրանալ կարիերայի աստիճանասանդուղքով, սակայն այդ առումով ձեզ ձախողված եք համարում։ Կամ գուցե դուք չեք համարձակվում անկեղծորեն ինքներդ ձեզ խոստովանել, որ ձեր կյանքը կապել եք մարդու հետ, ով իրականում ձեզ չի համապատասխանում, և ում հետ կապված ձեր պլանները սոսկ պատրանք էին։

Ամեն դեպքում, ձեր ներկայիս վիճակն ահազանգում է այն մասին, որ պետք է անհապաղ ինչ-որ բան փոխել ձեր կյանքում, որ այսպես ալյևս հնարավոր չէ։ Երբ դուք հասկանաք, թե կոնկրետ ձեր որ գործողությունները չեն ապահովել ձեզ համար ցանկանալի արդյունքը, ապա արդեն կիմանաք ինչպես վարվել։

Комментарии

Популярные сообщения