ՊԱՍԻՎ ԱԳՐԵՍԻՎ ԿԵՑՎԱԾՔԻՑ ԴԵՊԻ ԱԿՏԻՎ ԿԱՌՈՒՑՈՂԱԿԱՆ ՎԱՐՔ



    Վերջերս պատահաբար լսեցի, թե ինչպես էր մեկը դժգոհում իր աշխատավարձի չափից, աշխատանքային պայմաններրից, իր զբաղեցրած հաստիքի/բաժնի նկատմամբ ընկերության ղեկավարների և առավել «կարևոր» բաժինների աշխատակիցների կողմից արհամարանքի և խտրականության տարատեսակ դրսևորումներից և այլնից: Երբ նրան թվաց, որ լսողների մոտ ընդունելություն գտավ, ավելի ոգևորվեց. ընկերության սեփականատերերին ընչաքաղց անվանեց, անբարոյական, որոնք գերշահույթ են հետապնդում և չեն ցանկանում, որպեսզի ուրիշներն էլ արժանապատիվ ու բարեկեցիկ կյանքով ապրեն։ Ընդ որում, նա չմոռացավ շեշտել այն, որ Հայաստանում բոլոր խոշոր բիզնեսմեններն են այդպիսին: 
  Առաջին հայացքից չափազանց արադարացի են այսպիսի դժգոհությունն ու գնահատականները, բայց՝ միայն առաջին հայացքից։ Ինչու՞։
    Նախ՝ աշխատանքի ընդունելության համար հարցազրույցի ժամանակ, HR-ի աշխատակիցները բողոքողին, ըստ ամենայնի, հարցրել են աշխատավարձի չափի հետ կապված՝ նրա ակնկալիքների մասին։ Եթե ի սկզբանե համաձայվել ես, ուրեմն էլ ինչու՞ ես բողոքում։ Մի՞թե կա ավելի հարմար առիթ՝ ցածր վարձատրության վերաբերյալ քո կարծիքներն ու գնահատականներն հնչեցնելու, քան երբ դրա մասին քեզ ուղիղ ասում են։ Մի՞թե բարոյական է արված առաջարկից, ստեղծված հնարավորության պայմաններից դժգոհելը կամ դրա նախաձեռնողին պիտակներ կպցնելը, երբ վերջինիս ձեռքը սեղմել ես և շնորհակալություն հայտնել։ 
  Հետո, ո՞վ ասեց, որ, օրինակ, զարգացած արևմտաեվրոպական երկրներում խոշոր բիզնեսմենները զերծ են գերշահույթ ստանալու մոլուցքից։ Ընչաքաղցությունը, նյութապաշտությունը, ինչպեսև մնացյալ բարոյական ախտերը համամարդկային են։ Ճիշտ է, գուցե Եվրոպայում ունևորներն այնքան չկամ չեն, որքան հայաստանաբնակ, «պատից կախ չտեսած, միանգամից ճակտից կախ տեսած» չտեսները, որոնք ուրախանում են ենթադրյալ չունևորների չքավորությամբ և սեփական դատարկությունը շոյում տխմար համեմատություններով ու հակադրություններով։ Եվրոպայի հարուստները թերևս ավելի թեթև են տանում այն փաստը, որ ուրիշներն էլ են կարողանում ապրել: Այստեղ հարցն այլ է․ կհամաձայնվի՞ արդյոք, ասենք, Գերմանիայում, Շվեդիայում, Նիդերլանդներում ապրող քաղաքացին աշխատել խղճուկ աշխատավարձով, կհանդուրժի՞ իր նկատմամբ՝ գործատուի կամայականությունները, կգնա՞ աշխատանքի անցելու այնպիսի ընկերությունում, որտեղ աշխատավարձի բարձրացման համար գործադուլ է հայտարարվել և այլն։ Հավանաբար, շատերս ենք լսում, թե ինչպես են այդ երկներում աշխատավարձի բարձրացման համար գործադուլ հայտարարում և հասնում իրենց ուզածին։ Բոլորովին վերջերս, այդպես արեցին Մյունխենի օդանավակայանի և երկաթգծի աշխատողները։ 
     Այնպես որ, եթե մեզ համար զարհուրելի են սոցիալական անարդարդարության հայաստանյան դրսևորումները, ապա թերևս տեղին լինի ինքներս մեզ հարցնել՝ ի՞նչ եմ ես անում, որպեսզի դրանք տեղի չունենան, ո՞րն է դրանց գոյության մեջ պատասխանատվության իմ բաժինը։ Երկի՞րը երկիր չի։ Երկիրը երկիր դարձնողը ես եմ և դու։ Եկեք, ուրեմն, գործատուի բարոյականությունը չարչրկելու փոխարեն, բարոյական գնահատման առարկա դարձնենք ինքներս մեզ, արժանապատիվ վարձատրության համար մեկ միասնական բռունցքով հանդես գալու, համախմբվելու ունակությունը, կամքը և վերջապես հասկանանք, որ բիզնեսում, ինչպես քաղաքականության մեջ, չկա բարոյականություն։ Կան շահեր։ Հետամուտ լինենք մերիններին։

Комментарии

Популярные сообщения