ԾԵԾՈՒՄ Է, ՆՇԱՆԱԿՈՒՄ Է՝ ՍԻՐՈՒՄ Է՞
Աշոտ Թորոսյան

Այն, որ ամենուրեք կանանց նկատմամբ բռնությունը դատապարտվում է՝ դա պարզ է։
Պարզ է նաև այն, որ գրեթե բոլոր հասարակություններում բռնության ենթարկված կանանց
կողմից իրավապահ մարմիններին դիմելուց հետ կանգնելը կարող է պայմանավորված լինել
իրենց երեխաներին հորից չզրկելու, «չարին բարիով հաղթելու», մեղավորին ուղղվելու
հնարավորություն տալու, վախի, «սիրո» և այլ նկատառումներով։ Բայց որ բռնության ենթարկված հայ կանանցից շատերը այդ փաստը բացատրում են զուգընկերոջ կողմից իրենց
նկատմամբ սիրով՝ դա այդքան էլ պարզ չէ, և այդպիսի փաստարկներ, հավատացեք,
երկրագնդի վրա ամեն անկյունում չես լսի։ «Եթե ծեծում է, նշանակում է՝ սիրում է»։ Կարծում
եմ, էթնիկական հոգեբանները դեռ շատ գլուխ պետք է ջարդեն էթնոսի մակարդակում այս
երևույթի խորքային պատճառները ի հայտ բերելու ուղղությամբ։ Իսկ մենք փորձենք անձի
մակարդակում հասկանալ անհասկանալի այս դատողության էությունը։ Դրա համար նախևառաջ
հարկավոր է պարզել, թե ինչ կապ են տեսել մեր կանայք բռնության և սիրո միջև, որ
դեռևս անհայտ է հասարակական գիտությունների համար և այդքան օտար՝ առողջ
բանականությանը։
Առողջ բանականության դիրքերից խնդրին հայացք նետելու դեպքում, մենք
անխուսափելիորեն կձախողվենք՝ սիրո և բռնության միջև որևէ կապ հայտնաբերելու մեջ։
Ավելին, բանականությունը մարդուն հուշում է՝ սիրել կողակցին ինչպես սեփական անձը։
Քրիստոնեական բարոյախոսությունը նույնպես հորդորում է դա։ «Ամուսիննե՛ր, շարունակե՛ք սիրել ձեր կանանց,
ինչպես որ Քրիստոսը սիրեց եկեղեցին և իր անձը տվեց նրա համար.... նույն ձևով էլ
ամուսինները պետք է սիրեն իրենց կանանց ինչպես, իրենց սեփական մարմինները։ Նա, ով
սիրում է իր կնոջը, ինքն իրեն է սիրում, որովհետև ոչ ոք երբեք չի ատում իր
մարմինը, այլ կերակրում ու քնքշորեն խնամում է նրան․․․» (Եփեսացիներ 5։25, 28, 29)։ Պարզ է, եթե մենք հարվածում ենք մեր կողակցին,
ապա, այդպիսով, ամենից առաջ հարվածում ենք մեր իսկ ընտրությունը։
Գիտական հոգեբանությունը ևս որևէ կապ չի հայտնաբերել սիրո և բռնության միջև։ Փոխարենը
բացահայտել է բռնությունը սեր ընկալելու և հոգեկան խանգարումների միջև կապը: Այսպես, եթե մարդը բռնության երևույթը ընկալում է որպես սիրո դրսևորում, ապա դա, ըստ
էության, սադոմազոխիզմ է։ Համաձայն Առողջապահության համաշխարհային
կազմակերպության կողմից մշակված՝ Հիվանդությունների
միջազգային դասակարգման՝ (МКБ 10, F65.5)
վերջինս իրենից ներկայացնում է սեռական ակտիվության նախընտրություն, որը ներառում
է ցավ և նվաստացում պատճառելը։ Եթե անհատը նախընտրում է ենթարկվել այդպիսի
ներգործության՝ դա մազոխիզմ է, եթե նա ինքն է ցանկանում այդպիսի ներգործության
աղբյուր հանդիսանալ, ապա դա արդեն սադիզմ է։ Հաճախ անհատը սեռական
բավարավածություն է ստանում և՛ սադիստական, և՛ մազոխիստական գործողություններից։ Այստեղ
ամենևին էլ պարտադիր չէ, որ բռնությունը գործադրողը սեռական սադիստ լինի։ Կինը
կարող է պարզապես հրահրել նրան։
Բռնությունը կարող է ռացիոնալիզացվել (կեղծ
տրամաբանական փաստարկման ենթարկվել) նաև ներքին կոնֆլիկտների դեպքում։ Ինչպես նշում է Ֆրոմը, մանկական հասակում
ծնողների՝ միմյանց միջև անտարբերության մթնոլորտում մեծացած աղջիկը հասուն
տարիքում ուժգին տագնապ է ապրում, երբ բախվում է ամուսնու լռությանը։ Նա անգիտակցաբար
հաճախ հրահրում է իր ամուսնուն, որպեսզի վերջինս խոսի, բղավի, նույնիսկ հարվածի, միայն
թե չլռի։ Ոմանք էլ, կողակցի կողմից ուշադրության սղաճ զգալով, բարկացնում են
նրանց, որ գոնե թեկուզ բռնության ենթարկվելու ճանապարհով ուշադրության արժանանան։
Մի որոշ մասն էլ, ովքեր հասկացել են, որ սխալ ընտրություն են կատարել, («նախրի մեջ
էշի ճակատն են պաչել») բայց անվճռական են և սեփական կյանքը վերակառուցելու վախեր
ունեն, հոգեբանական ինքնապաշտպանության այլ մարտավարությամբ են հատկանշվում։
Այդպիսիք ժխտում են իրականությունը։ Օրինակ,
երբ հնազանդությունը ենթադրում է զրկանքներ, ապա կարող են առաջ գալ վրդովմունքի և
ատելության զգացումներ, բայց, քանի որ այդպիսի կանայք ջանում են ամեն կերպ
խուսափել կոնֆլիկտներից ու լարվածությունից, վրդովմունքին, ըմբոստությանը կամ
ատելությանը փոխարինման է գալիս կույր հիացմունքը։ Այդ հիացմունքը, ըստ Ֆրոմի, իրականացնում է
երկու գործառույթ. առաջին` չեզոքացնում է ատելության հիվանդագին և վտանգավոր զգացումը,
և երկրորդ` մեղմացնում է նվաստվածության զգացումը: Ստացվում է այսպես, եթե իմ
ամուսինը թաղում լուրջ հեղինակություն է վայելում, կարող է հանցագործություններ
կատարել և չենթարկվել քրեական պատասխանատվության, օգնում է թույլերին, «հարցեր է
լուծում», ապա ես միայն պետք է ուրախ լինեմ դրա համար և վայելեմ իմ
պաշտպանվածությունը (միայն թե այստեղ իր համար հստակ չէ, թե ումից և ինչից պետք է պաշտպանվել)։
Իրականության ժխտման պաշտպանական հոգեբանական մեխանիզմի պարագայում, «երբ մարդու
երեսին թքում են, նա ասում է, թե անձրև է գալիս»։ Այդպիսի վարքագիծը սևակյան
տողերում նկարագրվում է հետևյալ կերպ․
Չեմ հարգում շանն էլ, որին չար տերը
Անտեղի տեղը որքան ծեծում է,
Այնքան նա լիզում տիրոջ ոտերը՝
Իրեն տրորո՜ղ-ջարդո՜ղ ոտերը,
Եվ կծելու տեղ լոկ կաղկանձում է.
Ինչևէ, ինչպես էլ և ինչու էլ ոմանք փորձեն փաստարկել, թե սերը յուրաքանչյուր մարդու
կողմից յուրովի է ապրվում, միևնույն է
դա չի զրկում այս վեհ երևույթը իր օբյեկտիվ բովանդակությունից։ Իհարկե,
յուրաքանչյուր ոք ազատ է իր նախապաշարմունքների ընտրության մեջ։ Դարեր առաջ ինկվիզիցիան
ազատամիտ գիտնականներին կտտանքների էր ենթարկում՝ նրանց մոլորված հոգիների հանդեպ սիրո պատճառաբանությամբ։ Ենթադրվում էր,
որ այս աշխարհում մարմնական տառապանքներով փոխհատուցվում էր հանդերձյալ աշխարհում
նրանց հոգու երանությունը։ Այսօր էլ կարելի է սիրել կնոջը և, սուբյեկտիվ անհրաժեշտության
դեպքում, կացնահարել նրան, սիրել երեխաներին, ամեն ինչ նրանց համար անել և ծեծել
նրանց։ Նշանակու՞մ է արդյոք, որ եթե «սիրո» դրսևորումները սահմանափակվում կամ
պատժվում են սոցիալական սանկցիաներով, ապա դրանք մշակողները չեն հասկացել, որ
«սերը յուրովի է ընկալվում»։ Հազիվ թե․․․ Օրենքները մշակվում են անձնանց համար, ոչ
թե այն երևույթների, որոնք նրանք կրում են։ Եթե այդ երևույթները անձի վարքագծում
դրսևորվում են այնպես, որ վնաս են պատճառում ուրիշների, ապա դրանց համար սահմանվում է համապատասխան պատասխանատվություն։
Այլ բան է, եթե այդ վնասը համապատասխանաբար չի ընկալվում և գնահատվում այն կրողի կողմից։ Իսկ եթե անձը համարժեք է ընկալում այն
իրավիճակը, որում հայտնվել է, սակայն դժվարություններ ունի՝ կապված արդյունավետ
կողմնորոշման հետ, ապա կարող է դիմել մասնագետի։ Ամեն դեպքում, յուրաքանչյուր մարդ ինքն է պատասխանատվություն կրում իր վիճակի և որոշումերի համար։
Комментарии
Отправить комментарий