ԲԱՄԲԱՍԱՆՔԸ ԱՇԽԱՏԱՎԱՅՐՈՒՄ։ ԻՆՉՊԵ՞Ս ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՀԱԿԱԶԴԵԼ
Աշոտ Թորոսյան
«Առողջը նա չէ, ով զերծ է խնդիրներից, այլ նա, ով կարողանում է լուծել դրանք։» Ահա այսպես է հնչում պոզիտիվ հոգեբանության կենտրոնական հիմնադրույթներից մեկը։ Սակայն, եթե հաշվի առնենք, թե որքանով են մեր երկրում մարդիկ կամ նրանց արժեհամակարգերի բովանդակությունը հոգեբանորեն առողջ, ապա կարելի է հստակ պատկերացում կազմել կոնֆլիկտածին իրավիճակներում նրանց վարքի առանձնահատկությունների վերաբերյալ։ Իհարկե, լիովին խուսափել կոնֆլիկտներից մի միջավայրում, որտեղ որոշակի գործունեություն են ծավալում՝ ըստ սոցիալական ծագման, ստացած դաստիարակության, անձնային գծերի, տարբեր մարդիկ, փաստացի անհնար է։ Պարզապես պետք է կարողանալ գտնել կոնֆլիկտների հաղթահարման կառուցողական ուղիներ և իրացնել դրանք։ Սույն հոդվածում մենք կանդրադառնանք աշխատաքային միջավայրում կոնֆլիկտածին գործոններից մեկին՝ բամբասանքին։
Բամբասանքը
կործանարար թույն է ցանկացած սոցիալական կառույցի գործունեության արդյունավետության համար։ Դրա պատճառները
կարող են տարբեր լինել։ Հաճախ, մարդիկ բամբասում են ուրիշների հետ սոցիալական համեմատության ֆոնի վրա իրենց առավել
դրական գույներով ներկայացնելու համար։ Այդպիսիք, ըստ էության, ինքնահաստատման խնդիրներ
ունեն և հակված են՝ որոնելու կամ ստեղծելու իրավիճակներ, որոնցում հակադրում են իրենց
կարծեցյալ առավելությունները ուրիշների կարծեցյալ թերություններին։ Վարքում նմանատիպ
դրսևորումները բացահայտում են մանկական տարիքում նշանակալի մեծահասակների (ծնողների,
մանկավարժների, խնամակալների) կողմից հուզական ջերմության, խրախուսանքի բացակայությունը
և երեխայի անձի նկատմամբ հնարավոր նվաստացումները, որոնք առաջ են բերում թերարժեքության բարդույթ։ Դա անխուսափելիորեն
հանգեցնում է նրան, որ արդեն հասուն տարիքում մարդիկ հոգեբանորեն անառողջ ձևերով են
փոխհատուցում այդ ամենի պակասը։ Դրանցից մեկը բամբասանքն է։ Եթե վերծանենք բամբասանքի
բուն էությունը, ապա ստացվում է այսպես․ «Տեսեք, ես ավելի լավն եմ, քան նա»։ Իհարկե,
թերաժեքության բարդույթը դրանից չի վերանում, և անձը բամբասանքով այն փոխհատուցելու
միջոցին վերադառնում է կրկին ու կրկին։ Խմբի մակարդակում բամբասասիրությունը դրսևորվում
է կեղծ կոլեկտիվիզմը ներկայացնող արժեքները պաշտպանելու և ենթադրյալ անհատապաշտներին
հալածելու միջոցով։ Վերջին դեպքում, բամբասանքի պատճառը սեփական կյանքը, սեփական անհատականությունը
չունենալն է և տագնապը՝ դա գիտակցելու։
Բամբասանքները,
բնականաբար, որոշակի բացասական դիրքորոշում են ստեղծում գործընկերների նկատմամբ։ Առաջանում
է միջանձնային քողարկված լարվածություն, որի դրսևորումը պարզապես ժամանակի խնդիր է։ Թե ինչ հետևանքների կարող է դա հանգեցնել, դատեք ինքներդ։
Արդյունավետ հակազդեցությունը։ Ինչպես հայտնի է, բամաբասասերները լսարան
են փնտրում։ Հետևաբար, բամբասանքին արդյունավետ հակազդելու համար,
ոչ թե պետք է «խոսողի լեզուն կտրել, այլ՝ լսողի ականջները»։ Կարելի է հարցնել բամբասողին,
թե նա ինչու է մեզ մոտ քննարկում տվյալ անձին։ Հավատացեք, դա շատ գործուն մեթոդ է։
Պետք է հիշել նաև, որ եթե որևէ մեկը մեզ մոտ բամբասում է ուրիշից, նույն հաջողությամբ,
ուրիշի մոտ կարող է բամբասել մեզանից։ Կարող ենք փոխել զրույցի թեման, խոսել բամբասանքի
զոհ դարձած անձի դրական կողմերի մասին, որոնք մեզ հայտնի են և բամբասողի ուշադրությունը
հրավիրել դրանց վրա։
Հորդոր ընկերությունների ՄՌԿ բաժնի պետերին։ Աշխատանքային
միջավայրում խմբի անդամների միջև արդյունավետ սոցիալական փոխներգործության ապահովման
և կոնֆլիկտները կանխարգելելու նկատառումներով՝ խիստ հանձնարարելի է հոգեբանների ակտիվ
ներգրավվածությունը ՄՌԿ ոլորտում։ Խմբի սոցիալ-հոգեբանական կլիմա, աշխատակիցների դրդապատճառների
խթանում, նրանց բավարավածության գնահատում և այլն՝ սրանք պարզապես հասկացություններ
չեն։ Առաջատար եվրոպական երկրներում արդեն վաղուց հասկացել են դա։ Ժամանակն է, որ Հայաստանում
ևս, ըստ արժանավույն կարևորվեն հոգեբանի դերն ու գործառույթները ՄՌԿ համակարգում։ Սակայն,
եթե ձեր ընկերությունը սեփականատերերի ձեռքում պարզապես փող լվալու միջոց է, ապա
սույն հորդորը ձեզ չի վերաբերում․․․
Комментарии
Отправить комментарий