ԻՆՉՊԻՍԻ՞ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԸՆՏՐԵԼ


Աշոտ Թորոսյան

Ապրում ենք այնպիսի աշխարհում, որը բնութագրվում է ապանձնայնացմամբ, նյութապաշտությամբ, որտեղ տպավորություն գործելու մոլուցքը, անառողջ մրցակցությունը, կոռուպցիան, առկա են մարդու կենսագործունեության գրեթե բոլոր ոլորտներում։ Մարդիկ հաճախ մասնագիտություն են ընտրում ոչ թե սեփական ցանկությամբ, այլ՝ արտաքին հանգամանքների ազդեցության տակ՝ հաշվի առնելով ընտանիքի, մտերիմների կարծիքը, տվյալ մասնագիտության «փողաբերությունը», վարկանիշը և այլն։ Տպավորությունն այնպիսին է, որ մասնագիտություն ըտրելիս, հաշվի է առնվում ամեն ինչ, բացի մի բանից․ որքանո՞վ է տվյալ մասնագիտությունը համապատասխանում կոնկրետ անձի անհատական-հոգեբանական առանձնահատկություններին, նրա ընդունակություններին, պահանջմունքներին, հակումներին, հետաքրքրություններին և այլն։ Ընդ որում, աշխատանքը այլևս դադարել է սոցիումում ինքնորոշման, ինքնահասկացման, սեփական հնարավորությունների իրացման, ինքնաբացահայտման, աշխարհում իր տեղը գտնելու, հոգևոր պահանջմունքների բավարարման միջոց ծառայելուց։
Մասնավորապես Հայաստանում, դժվար չէ նկատել, որ պատանիներն ու երիտասարդները ոչ հազվադեպ կատարում են պարտադրված ընտրություն՝ չունենալով զորեղ դրդապատճառներ։ Դա հատկապես տեղի է ունենում, երբ ծնողները փորձում են զավակների աշխարհայացքում ներդնել «պրագմատիզմի» իրենց մոդելը՝ կապված հետագայում «փողոտ» գործ ունենալու, «փող բռնելու» հարցում արագ կողմնորոշվելու ունակությունների զարգացման, կամ, պարզապես, Հայաստանում գոյատևման խնդիրը լուծելու հետ։ Եթե զավակներն ընկալունակ են նմանատիպ դաստիարակչական ներգործության նկատմամբ, և նրանց անհատական հոգեկերտվածքը, ներուժը, անձնային առանձնահատկությունները թույլ են տալիս կենսագործել հաջողված ապագայի հետ կապված՝ ծնողների պլանները, ապա հազիվ թե կարող է որևէ խնդիր ծագել։ Սակայն, եթե, ի հեճուկս կողմնորոշման պրագմատիկ մոդելի կողմնակից ծնողի, զավակին քիչ է մտահոգում նյութականը, և, որն ավելի վատ է, ունի այն, ինչ մենք անվանում ենք անհատականություն, կենսական, մասնագիտական ինքնորոշման պահանջմունքներ և այդ ամենն իրացնելու վճռականություն, ապա ծնող-զավակ փոխհարաբերություններում առճակատումներն անխուսափելի են։ Այո, կան երիտասարդներ, որոնց համար աղքատության հարստությունները գերադասելի են հարստության աղքատություններից։
Ամեն դեպքում, մասնագիտություն ընտրելիս պետք է հաշվի առնելը հետևյալը․
Ø  մասնագիտությունը դա կենսական ինքնորոշում է, մարդու կողմից սեփական կենսուղու ընտրություն։ Այն պահանջում է գիտակցվածություն և պատասխանատվություն։ Ցանկացած փոխզիջում արտաքին ճնշմանը՝ լինի դա ծնողների, նշանակալի մարդկանց, կրոնական կամ այլ սոցիալական խմբերի կողմից, կարող է ներքին կոնֆլիկտի պատճառ դառնալ և առաջ բերել տարաբնույթ հոգեբանական խնդիրներ։
Ø  Մասնագիտական ինքնորոշումը՝ դա կենսական տարածության մեջ իրեն գտնելու և կոնկրետ մասնագիտական գուծունեության մեջ իր համար նշանակալի արժեքները, սեփական ներուժը ստեղծագործաբար իրացնելու պատրաստականություն է։ Ընդ որում, դա աշխատանքից ստացվող բավարարվածության կարևորագույն պայման է։
Ø  Հոգեկան ցնցումներից խուսափելու համար հարկավոր է սթափ և իրատեսորեն գնահատել սեփական հնարավորությունները, ընդունակությունները, օբյեկտիվորեն գոյություն ունեցող հանգամանքները։ Մարդը պետք է ունենա համարժեք ինքնագնահատական, կայուն հետաքրքրություններ, կարողանա օբյեկտիվորեն գնահատել իր ճանաչողական և անձնային առանձնահատկությունները՝ տվյալ մասնագիտական գործունեության ոլորտում հաջողությամբ ինքնիրացվելու համար։
Մասնագիտական ընտրությունը՝ դա սեփական կյանքը կառուցելու ինքնուրույն և պատասխանատու քայլ է։ Ուստի, պետք է խուսափել շտապողականություն հանդես բերելուց։ Հարկավոր է ի մտի ունենալ, որ այս կամ այն մասնագիտության հիմքում մշտապես առկա է որոշակի կենսաձև, որը կառուցվածք է հաղորդում մարդու կյանքին և մեծապես կանխորոշում նրա հետագա ընթացքը։ Եթե մեզ համար կյանքի որակը թանկարժեք իրերով ու առարկաներով շրջապատված լինելու մեջ չէ, եթե մենք զգում ենք մեր ուժերի կենտրոնը, մեր անհատականությունը, մեր հոգևոր պահանջմունքները և ցանկանում ենք պատասխանատվություն ստանձնել ազատորեն ինքնորոշվելու համար, ապա մասնագիտության ընտրության հարցում մենք կողմնորոշման դժվարություններ, ըստ էության, չենք ունենա։ Ինչպես ցանկացած կենսակարևոր որոշում ընդունելիս, այնպես էլ այստեղ՝ առանցքայինը իրեն որպես ազատ, ակտիվորեն գործող սուբյեկտ գիտակցելն է։   
           


Комментарии

Популярные сообщения