Աշոտ Թորոսյան
Եթե մարդիկ զարգացնեն հումանիստական խիղճը,
ապա արտաքին իշխանությունը նվազ ազդեցություն կունենա իրենց վրա։ Այս դեպքում, բարոյական նշանակություն
ունեցող երևույթները մենք կընկալենք ու կգնահատենք ոչ թե ճշտի ու սխալի, սև ու սպիտակի,
կարելիի և չի կարելիի՝ կրոնական կամ կենցաղային իմաստասիրության նեղ կաղապարների, այլ՝ հոգևոր գիտակցության, երևույթների էության հասկացման մակարդակում։ Այդպես, մենք կդառնանք
ավելի լայնախոհ, խորաթափանց, հանդուրժող, ներողամիտ, ներքնապես խաղաղ և ինքներս մեզ
հետ ներդաշնակ։ Հակառակ դեպքում, խիղճը ասվածը կմնա զուտ ներքին լրտես, արտաքին իշխանության
գործակալը մեր ներսում։ Մեր խիղճը կլինի ոչ այլ ինչ, քան վարքի ստանդարտ հակազդումներով և լուծումներով հրահանգավորված մի համակարգ, որն արտահայտում է այս կամ այն կրոնի, կուսակցության, կազմակերպության շահերը։ Այդպիսի բարոյականության մեջ, ինչպես նշում է Ֆրոմը, կա միայն մեկ մեղք՝ անհնազանդությունը, և միայն մեկ առաքինություն՝ հնազանդությունը։
Կոնկրետ անձի մոտ հումանիստական խղճի զարգացման մակարդակի վերաբերյալ
պատկերացում կարելի է կազմել, օրինակ, նրանով, թե որքանով է նա հասկանում սևակյան հետևյալ
տողերի նշանակությունը․
․․ կույս օրենքը բռնաբարում է
Ո՛չ թե հատուկենտ անձ-անհատների,
Այլ նաև ամբողջ ժողովուրդների՜:
Իսկ եթե այլ կերպ սա ձևակերպենք`
Բացառությունն է կուսություն խախտում,
Եվ դրանից է
Ծնվում մեր մանուկ Արդարությունը:
Եթե ոչ` գիտե՞ք, թե ի՛նչ կստացվի.
Երբ մենք արթուն ենք` մեր խիղճն է քնած,
Երբ խիղճն է զարթնում` մենք ենք քուն մտել...․
Комментарии
Отправить комментарий