ԼԻՆԵԼ ԱՆԿԵՂԾ ԻՆՔԴ ՔԵԶ ՀԵՏ
Աշոտ Թորոսյան
Արմինե Քոչարյան
Մի շտապեք տալ պարզունակ պատասխաններ բավականաչափ բարդ հարցերի: Այս առումով ինքդ քեզ հետ անկեղծ լինելը ենթադրում է հարցերը ժամանակավորապես անպատասխան թողնելու կարողություն: Բարդ,
կենսական հարցերին տրվող շտապողական պատասխանները (հատկապես, երբ դրանք վերաբերում
են կյանքի ծագման խնդրին, Աստծո գոյությանը, մահվան և տառապանքի պատճառներին) սոսկ
ժամանակավոր թեթևացում են բերում, բայցև աննկատ մեզ հեռացնում են իրականությունից:
Երբեմն, հարազատներն ու մտերիմները, միանգամայն դրական մղումներից ելնելով, կարող
են ասել, օրինակ, որ ճշմարտությունը պարզ է: Չէ° որ Եբրայեցիների նամակում
չափազանց տրամաբանական է հնչում այն միտքը, որ “ամեն տուն շինող ունի, բայց նա,
որն ամեն բան արարեց` Աստված է” (Եբր. 3:4): Սակայն փոքր-ինչ խորաթափանցություն
գործադրելու դեպքում մենք կնկատենք, որ առավել հաճախ կրոնում խույս են տալիս
տրամաբանությունից, երբ լուրջ հակասություններ են ծագում, ասենք, տիեզերական
“Պատվի համար”-ի հետ կապված: Նման պարագաներում մեզ ասում են .“Տիրոջն ապավինիր քո
բոլոր սրտով, և քո հասկացողությանը մի վստահիր”, (Առակաց 3:5) կամ “Այս աշխարհի
իմաստությունը հիմարություն է Աստծո առաջին” (Ա. Կորնթ. 3:19) և այլն: Իսկ ահա,
լուրջ կասկածների հանդիպելիս, “ետս գնա, սատանա” կողմնորոշումը, որը ենթադրում է
ցանկացած կասկածի արտամղում գիտակցությունից, ի վերջո հանգեցնում է նևրոզի:
Ինքն իր հետ անկեղծ լինելու տեսանկյունից, նախևառաջ պահանջվում
է սեփական կասկածները խոստովանելու խիզախություն: Հավատացյալ մարդու համար գուցե
տարօրինակ թվա կասկածներ ունենալու մարդու իրավունքի հաստատումը: Այնուամենայնիվ,
դա ինքդ քեզ հետ անկեղծ լինելու կարևորագույն պայման է: Իսկապես անկեղծ մարդիկ
զերծ են կուրադավանությունից: Ահա թե ինչ է Նոր կտակարանում ասվում մ. թ. առաջին
դարում ապրող բերիացի քրիստոնյաների մասին. “Այս վերջինները ավելի ազնվամիտ էին,
քան նրանք, որ Թեսաղոնիկեում էին, որովհետև մեծ հոժարամտությամբ ընդունեցին խոսքը,
և ամեն օր ուշադիր քննում էին գրությունները, թե արդյոք այդ բաներն այդպես էին” :
(Գործեր 17:11): Այստեղից հետևում է, որ անկեղծ է իր հետ այն մարդը, ով բավարար
խիզախություն ունի սեփական համոզմունքները քննության տակ առնելու, երբ դրանց
վերանայման համար ծանրակշիռ հիմքեր են առաջանում: Մնացյալ դեպքերում կասկածներ
ունենալու վախը, դրանք սերմանողների նկատմամբ անհանդուրժողականությունը կամ մեր
աշխարհայացքին սկզբունքորեն հակասող նոր տեղեկատվության շուտափույթ որակումը որպես
ստահոդ, ըստ էության, պայմանավորված է ոչ այնքան ճշմարտությունը պաշտպանելու կամ
նրան ամեն գնով թիկունք կանգնելու ուժգին ցանկությամբ, որքան` իր կրոնական խմբում
ստատուս-քվոն պահպանելու և սեփական նախապաշարմունքները շոյող “ողջամիտ խոսքերի
օրինակը” լսելու իռացիոնալ պահանջով: Կասկածները
թերևս կարելի է ընդունել այսպես.
Դիմավորեցեք... կասկա~ծը: Նա է
թակում ձեր դուռը:
նա է, հենց ի՛նքը:
Դիմավորեցեք և մի՛ վախեցեք.
Ես նրան արդեն ընդունել վաղո~ւց
Եվ մինչև անգամ ճամփել եմ կրկին:
Դիմավորեցեք նրան ծիսաբա~ր`
Նոր ու հնօրյա Տերընդառաջո՛վ`
Ձեր իսկ կրծքի տակ վառելով խարույկ.
Որպեսզի ... եթ ընդմիշտ չչքվի,
Ապա գեթ ճեղքվի մութը ձեր հոգու:
Դիմավորեցեք նրան գեթ հիմա՛,-
Ես նրան վաղո~ց ճամփել եմ արդեն:
Դիմավորեցեք ... կասկա~ծը:Ես իր
Ո՛չ մունետիկն եմ,ո՛չ էլ մարգարեն:
Իր երախտապարտ փրկյա~լն եմ ես լոկ:
Դիմավորեցե՛ք,քանզի ամենքիս
Լոկ հավա~տք է պետք ,ո՛չ հավատալիք:
Լոկ հավա~տք է պետք, ո՛չ հավատալիք:
Պ. Սևակ
Գիտակցեք Ձեր իրական զգացումները:
Մեր խնդիրը այստեղ կայանում է նրանում, որ սովորենք
գիտակցել մեր զգացումներն այնպիսին, ինչպիսին դրանք իրականում կան: Միայն այս
դեպքում մենք ի վիճակի կլինենք հաղթահարել հուզական բնույթի մեր խնդիրները: Եթե
մարդը չի կարող խոստովանել իր սեփական զգացմունքները նույնիսկ իրեն, ապա նա կիսով
չափ մեռած է: Իսկական դժոխքը, այս դեպքում, կարելի է բնորոշել որպես սեփական
իրական բնությունից հավերժ օտարվածություն:
Զգացումները զսպանակի տակ պահելը ամենևին էլ չի խոսում
ոգու արիության մասին: Իսկական արիությունը` դա այն է, երբ մենք մեզ ներկայացնում
ենք այնպիսին, ինչպիսին իրականում կանք, նույնիսկ, եթե շրջապատողները միանգամայն
այլ սպասումներ ունեն մեզանից: Ինչևէ, եթե յուրաքանչյուր պարագայում չունենանք մեր
զգացումներն ազատորեն արտահայտելու հնարավորություն, ապա դա չի խանգարի անկեղծ
լինել ինքներս մեզ հետ:
Խանգարել կարող են միայն անքննադատաբար ընդունված վարքի
նորմերն ու կանոնները, որոնք կաթվածահար են անում ազատորեն ինքնորոշվելու մեր
ունակությունն ու ենթարկում մեզ հեղինակություններին կուրորեն հնազանդվելու
սկզբունքին:
Եթե մեր վարքը մեծապես պայմանավորված է շրջապատողների
գնահատականների ու սպասումների ճնշումից, ապա մենք ներքին ազատության խնդիր ունենք:
Կախված այն հանգամանքից, թե ինչպես կզարգանա մեր հասկացողությունը և կփոխվի
իրականության մեր ընկալումը, համապատասախանաբար փոփոխության կենթարկվեն նաև այսպես
կոչված “անպարկեշտ” կամ “սխալ” զգացումները: Դրանք կփոխվեն ավելի արագ, եթե մենք մեզ
թույլ տանք դրանք վերապրել: Զգացումների ժխտումը մեզ զրկում է վերջիններս ըստ
էության ճանաչելու հնարավորությունից: Գուցե դրանք ինչ-որ բան են ուզում մեզ
“ասել”:
Բացի այդ, ոչինչ այնպես չի նպաստում “անպարկեշտ”
զգացումների արմատավորմանը, որքան դրանցից ձերբազատվելու անճկուն
մարտավարությունը: Երբ մեր գիտակցությունը արտամղում է ինչ-որ զգացում, դա անհետ
չի կորչում: Մնալով անգիտակցական ոլորտում, այն շարունակում է ազդել մեր վարքի և
գործողությունների վրա: Լինելով ինչպես հարկն է չճանաչված, չհասկացված և
չիմաստավորված` այդ զգացումները մեր անգիտակցական ոլորտից պարտիզանական կռիվներ են
մղում գիտակցության տիրույթ ներխուժելու համար: Իսկ երբ մարդը շարունակում է
ղեկավարվել սեփական զգացումները ճնշելու կուռ տրամաբանությամբ, ապա երկարատև ու
հյուծիչ այդ պայքարի պայմաններում նրա գոյությունը դառնում է տառապալից, վարքը`
բռնազբոսիկ, գործողությունները` ավտոմատացված, դիմախաղը` հուզականորեն ժլատ,
ժպիտը` հոլիվուդյան, ահա և այն գինը, որ մենք վճարում ենք թույլ
ինքնաճանաչողության դիմաց:
Բայց, եթե զգացմունքներն ընդունվում են, մեզ համար
անհամեմատ հեշտ է դառնում դրանք կառավարելը կամ փոխելը: Չընդունելով մեզ և
կաղապարելով մեր գոյությունը անհարկի ու անտեղի սահմանափակումներում, մենք
ինքնաբերաբար նույնպիսի կաղապարներ ենք պարտադրում նաև ուրիշ մարդկանց: Իսկ հետո,
երբ նրանք շրջանցում են այդ կաղապարները, առաջանում է հիսաթափության,
անբավարարվածության, հաճախ նաև նեղացածության զգացում: Բալզակի գնահատմամբ` նման
մարդիկ երբևէ գոհ չեն լինում իրենց դրությունից, իրենց խաբված են զգում կյանքի
“մեծ տոնավաճառում” և բոլորին հյուրասիրում են խայթիչ խոսքերում, ճիշտ այնպես,
ինչպես չճանաչված տաղանդները:
Եթե մարդն այնքան բարեհաճ չէ ինքն իր նկատմամբ, որպեսզի
ազատագրի սեփական գոյությունը ստրկացնող ազդեցություններից, ապա, պատկերացրեք, թե
նա ինչպիսի անողոք վերաբերմունք կարող է հանդես բերել իր բնորոշմամբ`
“ազատամիտների” նկատմամբ:
Ճանաչիր ինքդ քեզ: Աշխարհի
իմաստությունը հեգնող “վերին իմաստունների” մի ստվար զանգված ջանքեր չի խնայում ապացուցելու
այս հին ասույթի անիրատեսական լինելը: Դա անելու համար նրանք վկայակոչում են
նույնքան վաղեմություն ունեցող Երեմիա մարգարեի խոսքերը. “Խորամանկ է սիրտն ամենից
ավելի և ապականված, ո°վ կարող է հասկանալ նրան” (Երեմիան 17:9): Իր սեփական
էության խորքերը թափանցելու, ինքնաճանաչվելու և ինքնահասկացվելու մարդու
հնարավորությունների նմանօրինակ վիճարկումը թվում է թե արտահայտում է մարդկային
անկատար մտքից անհամեմատ ավելի բարձր խելքի հոգածությունը, որպեսզի, հաշվի առնելով
“վերջին օրերում” ժամանակի սղաճը, զուր չվատնենք այն, ճգնելով բացահայտել
անբացահայտելին:
Բոլոր նրանք, ովքեր անկեղծ են իրենց հետ և հասել են
ներքին ներդաշնակության, հասկացել են, որ սրտի խորամանկության գործակիցը որոշվում
է ինքնիմացության մեջ մարդու ունեցած տգիտությամբ և չափվում կեղծ բարեպաշտության
սանդղակով: Եղե´ք անկեղծ ինքներդ ձեզ հետ…
Комментарии
Отправить комментарий