ԻՌԱՑԻՈՆԱԼԻԶՄԸ ԵՎ ՍԵՐԸ

Աշոտ Թորոսյան

Ինչպես հայտնի է, մարդկանց հոգեբանական խնդիրները, որպես կանոն, սկիզբ են առնում որոշակի մտայնությունից, որևէ կեղծ կարծիքից, կատեգորիկ, միակողմանի և իռացիոնալ պատկերացումներից, որոնք իրենց հակասական բնույթով պառակտում են մարդու ներաշխարհը և հանգեցնում նևրոզի: Եվ մասնավորապես էրոս տեսակի սիրո ոլորտում այդ պատկերացումներն ունեն խիստ ուրույն բովանդակություն : 
“...Սերը մշտական էեթե անգամ խոր հիասթափություն ապրի”
Հիասթափությունը` դա սիրո մահն է: Այն երբեմն համեմատվում է “աչքերը բացվելու”, “որևէ մղձավանջից սթափվելու” հետ: Այլ խոսքով, սիրո հարցում խորապես հիասթափված մարդը` դա ամենից առաջ սիրելի մարդու հետ կապված իր սպասելիքների ու պատկերացումների կեղծության մեջ համոզված մարդն է: Ինչպես ցանկացած ճշմարտություն ազատարար է, այնպես էլ հիասթափված մարդը ազատ է իր պատրանքներից: Այլ բան է, երբ մարդը, հիասթափություն ապրելուց հետո, ինչ-ինչ նկատառումներից ելնելով, փորձում է քարշ տալ հարաբերությունները տվյալ մարդու հետ:
Այդպես հիմնականում պատահում էր տարիներ առաջ Հայաստանում և արևելքի որոշ երկրներում առատորեն բազմացող անբարենպաստ ընտանիքների դեպքում, երբ կինը, անփորձ և երիտասարդ գտնվելով, ընդառաջ գնալով ծնողների և մերձավոր ազգականների հորդորներին, ամուսնանում էր իրեն համարյա անծանոթ տղամարդու հետ: Այնուհետև, երբ քիչ ժամանակ անց հայտնաբերում էր նրա հոգևոր-բարոյական նկարագրի` իր համար անընդունելի կողմերը, խաբում էր իրեն տարաբնույթ կեղծ դատողություններով` փորձելով սեփական հրեշի մեջ տեսնել ցանկալի արքայազնին: Սակայն, երբ դառնապես համոզվում էր, որ միայն հեքիաթներում է հրեշը վերածվում գեղեցիկ արքայազնի, արդեն օգնության էին գալիս մյուս մխիթարիչները` երեխաները` այդ անմեղ արարածները, որոնք անողոքաբար ծառայեցվում էին որպես չհաջողված ամուսնության և խորտատկված պատրանքների փոխհատուցողներ: Մեր օրերում էլ քիչ չեն կանայք, ովքեր չեն ամուսնալուծվում զուտ այն պատճառով, որպեսզի իրենց երեխաներից չզրկեն “միասնական ընտանիք” ունենալու երանությունից:  Հետևաբար, դատողությունը և դրան համարժեք դիրքորոշումը, թե սերը … մշտական է, եթե անգամ խոր հիասթափություն ապրի, ըստ էության, մոլորություն է և կարող է ծառայել միայն որպես սեփական դժբախտության անկյունաքար: Թերևս դրանով է պայմանավորված, որ շատերը դժվարանում են տարբերակել սերը կապվածությունից:
Սիրուց կապվածություն հնարավոր է, մինչդեռ հակառակը` խիստ անհավանական: Ահա թե ինչ է գրում այս մասին հայտնի սեռաբան Կազիմեժ Իմելինսկին. “Եթե զուգընկերները ժամանակից շուտ են սեռական հարաբերության դիմում, այսինքն` մինչև միմյանց նկատմամբ սիրո զգացում տածելը, նրանք իրար հետ կապվում են առաջնային զգացմունքներով /բնազդներով/: …Իսկական սերը չափազանց հազվադեպ է առաջանում այն պայմաններում, երբ սեռական հակումը միակ բանն է, ինչ միացնում է զուգընկերներին: Ժամանակի ընթացքում երբեմն այդպիսի դաշինքի հողի վրա ծնվում են բարձրագույն զգացմունքներ` բարեկամություն, կապվածություն, փոխադարձ հարգանք, բայց սիրո զգացումը, որպես կանոն, հազվադեպ է ծնվում” (Իմելինսկի Կ. Սեռական կյանքի փսիխոհիգիենա, Երևան, <<Հայաստան>> 1983, 280 էջ):
Երբեմն կապվածության հիմքում ընկած է լինում մեղքի զգացումը պոտենցիալ լքվող կողմի նկատմամբ: Մարդիկ, որոնց հարաբերությունները բնութագրվում են սոսկ կապվածությամբ, հաճախ պարզապես խղճում են իրենց կողակցին կամ զուգընկերոջը և չեն լքում վերջինիս, որպեսզի ցավ չպատճառեն: Հարաբերությունների այս ոճը առավել մոտ է սիրո “ագապե” տեսակին: Առավել հաճախ “սիրո” կապվածություն մոդելը հանդիպում է բնավորությամբ անվճռական և երկչոտ անձնանց մոտ: Վերջիններս խուսափում են հարաբերությունների խզման նախաքայլն անելուց` կամ զուգընկերոջ սպառնալիքների, կամ նոր կյանք սկսելու հարցում անվստահության և անօգնականության զգացման պատճառով: 
“Կարծում եմ հաճախ սերը խանգարիչ է հանդիսանում բանականության համար”: Շատերը կարծիքով, օրինաչափությունը պահանջում է, որպեսզի սերն ու բանականությունը <<մի դռան շան պես յոլա չգնան իրար հետ>>: Այնինչ, իրականում դրանք լրացնում են միմյանց, քանզի բանականությունն օգնում է ճշտորեն գնահատել սիրելի մարդու արժեքը, իսկ սերն արտահայտում է գնահատանքը տվյալ անձի հանդեպ: Վերջինս որպես խոչնդոտ կարող է դիտարկվել բանականության համար միայն այն դեպքերում երբ`
Ø  անձը բավարար հասուն չէ, և կրքերը մթագնում են դատողությունը
Ø  երբ սերը “արգելված պտուղ է”, որին հասնելու համար մարդը պետք է շրջանցի իր հասարակությունում կամ կրոնական խմբում ընդունված պատկերացումները
Մնացյալ դեպքերում սերն (հուզական ոլորտը) ու բանականությունը ապահովում են մարդկային հոգեկանի ամբողջականությունն ու լիարժեքությունը: 

"...Սիրել կարող է յուրաքանչյուր ոք, քանզի դա ի վերուստ մարդուն տրված Աստծու պարգև է: Մարդն ստեղծված է Աստծու պատկերով, իսկ Աստված ՍԵՐ է:  Այստեղից հետևում է, որ սերը առանձին մարդկանց տրված ինչ-որ մենաշնորհ չէ, այլ յուրաքանչյուր մարդուն ներհատուկ վեհ զգացմունք:" 

Ցավոք, կյանքը գրեթե ամեն քայլափոխի փաստում է, որ սիրելն ամեն մարդու տրված չէ: Դրա վառ ապացույցը մենք տեսնում ենք աշխարհում տիրող ընդհանուր սոցիալ-քաղաքական իրավիճակի, պատերազմների, ազգամիջյան բախումների, էթնիկ զտումների, սոցիալական անարդարության, մերձավորի հանդեպ ատելության և անհանդուրժողականության և բազմաթիվ այլ բացասական երևույթների մեջ: Մասնավորապես Հայաստանում գոյություն ունեցող հասարակական հարաբերությունների պայմաններում, ուր առավել ցայտուն են արտահայտված մարդկային բնության իռացիոնալ կողմերը` կապված սեփական ժողովրդին հարստահարող իշխանությունների և դրանց հարող օլիգարխների կամայականությունների, քաղաքացիների իրավունքների և ազատությունների պաշտպանության երաշխիքների բացակայության և այլ անբարենպաստ գործոնների հետ, պետք է որ առավել ակներև դառնար սիրո ձևավորման պոտենցիալ անհնարինությունը: Մշտապես գովաբանվում է անաշխատ եկամուտը, գրեթե միշտ և ամենուրեք ծաղրված է կրթությունը, պրոպագնդվում են սին արժեքներ, ցածր է ժողովրդի ընդհանուր կենսամակարդակը. այս ամենը վիժեցնում է սերը (բովանդակային պլանում) հենց իր սաղմնավորման փուլում:

Այնպես որ, սիրել սովորում են: Մարդը, լինելով նորածին, ընդամենը կենսաբանական էակ է: Կախված տվյալ երկրում գոյություն ունեցող հասարակական հարաբերությունների տիպից, տվյալ հասարակությունում պրոպագանդվող արժեքներից և կենսաձևից (կեցությունը որոշում է գիտակցությունը), պետական իշխանությունների շահագրգռվածությունից, որ կրթված և ուսյալ լինեն իր քաղաքացիները, ընտանեկան իրավիճակից, որտեղ ձևավորվում և զարգանում է ապագա անհատը, ընտանիքում տիրող բարոյա-հոգեբանական մթնոլորտից, կարելի է ախտորոշել` կարո՞ղ է այդ անհատը սիրել, թե` ոչ: Ինչու՞
Բանն այն է, որ ռոմանտիկ սիրով սիրելուց առաջ մարդը սովորում է մարդ լինել առհասարակ` հասարակության, հարևանների, ազգականների ու բարեկամների, իր մերձավորի հանդեպ սիրո պլանում, ինչը նշանակում է, որ նախքան էրոսին անցնելը, անձը պետք է յուրացնի ագապեի հիմնարար սկզբունքները: Այս իմաստով, սերն ածանցյալ է և կախում ունի կոնկրետ անհատի անձնային բնութագրերից: Եթե բացակայում են սիրո ձևավորման համար անհրաժեշտ պայմանները, անհնար է դառնում սիրո առաջացումը: Այլ խոսքով, եթե սերը դիտարկենք որպես համակարգչային ծրագիր, իսկ անհատին` որպես համակարգիչ, ապա անհատը պետք է լինի բավարար հզորություն ունեցող այն համակարգիչը, ինչը թույլ կտա տեղադրել իր ներսում բարձր պարամետրեր պահանջող այն ծրագիրը, որը կոչվում է սեր: Պատահական չէ, որ ասում են, թե մեծ սերերը հատուկ են մեծ մարդկանց…
"...Տղամարդը պետք է ջանա ամեն գնով նվաճել իր սիրելի կնոջը և չզիջել: Նա պետք է ձեռնարկի հնարավոր և անհնարին բոլոր միջոցները իր սիրած էակին հասնելու համար: Չտրվող կին չկա, վատ ուզող տղամարդ կա... Ի վերջո, նպատակն արդարացնում է միջոցները":
Եթե այստեղ նկատի ունենանք փոխադարձ իսկական սիրո դեպքում, որոշակի խոչնդոտների հանդիպելիս, սիրող զուգընկերների կողմից փոխադարձաբար և միասին պայքարելը սեփական երջանկության համար, ապա, ապա այս կողմնորոշումը միանգամայն ռացիոնալ է: Այո, իսկական սերը չի ընկրկում դժվարությունների դիմաց, այլ, ինչպես, ավետարանում է գրված, <<ամեն ինչ հաղթահարում է, ամեն ինչի տոկում է>>: Բայց եթե մենք հնարավոր ու անհնարին միջոցների տակ հասկանում եք միակողմանի սիրո դեպքում տղամարդու կողմից կնոջ <<խելքն ուտելը>>, ապա նման հայացքը իրերի նկատմամբ խնդրահարույց է: Ինչու՞:
1. նպատակին հասնելու միջոցները կարող են սահմանափակվել իրավական և բարոյական նկատառումներով: Քաջ հայտնի է, որ Հայաստանում երբեմն կոնկրետ հանցագործություններ են կատարվում <<սիրո>> հողի վրա:
2.      Չտվող կին, անխոս, կա: Յուրաքանչյուր կին, ով ունի սեփական ես-ի գիտակցում, զգում է իր անհատականությունը, ունի հստակ պահանջներ` ներկայացվող հակառակ սեռին, նրա դիմադրությունը պարզապես անհնար է կոտրել, եթե վերջինս առաջարկություն է ստանում տղամարդու կողմից, ով չի համապատասխանում իր իդեալներին և ում հետ նա ընդհանուր ոչինչ չունի: Այդպիսի կնոջը չեն նվաճում: Փոխարենը, արժանանում են նրա սիրուն: Նա՛ է ընտրողը բոլոր դեպքերում: Հակառակ սրան` անփորձ աղջիկներին են ընտրում` ինչպես զոհի: Թերևս հենց դա է պատճառը, որ Հայաստանում իրենց կատարած ընտրության համար գովասանքներ են հնձում ավելի շատ տղամարդիկ, քան` կանայք: Ամեն դեպքում, եթե Ձեզ ասում են, որ շատ համապատասխան զույգ եք, և Դուք դրանից չեք վիրավորվում կամ ներքին անհարմարավետության զգացում ապրում, նշանակում է նորմալ է…
3. Ինչ վերաբերում է ուզող տղամարդկանց, ապա նրանք առանձնացնում են ցանկալիին հասնելու կամակոր ձգտմամբ: Իսկ ցանկալիին հասնելու ձգտումը որևէ առնչություն չունի սիրո հետ: Ցանկալիին հասնելու ձգտումը ընդամենը ցանկալիին հասնելու ձգտում է: Այդ ձգտմամբ սովորաբար աչքի են ընկնում ցածր ինտելեկտուալ մակարդակ ունեցող և քրեածին վարքով տղաները, ովքեր նույնիսկ քառասուն տարեկանում դուրս չեն գալիս դեռահասության տարիքից: Այդպիսի անձանց բնորոշ է ներքին շոշափելի դատարկությունը և արտահայտված ագրեսիվությունը: Վերջիններս, նպատակին հասնելուց հետո, իրենց դրսևորում են այն մանկահասակ երեխաների նման, որոնք նախքան տենչալի խաղալիքի ձեռք բերելը ուժգին լացում են, մինչև անգամ ընկնում հիստերիայի մեջ, բայց հենց ունենում են, արագ կորցնում են հետաքրքրությունը նրա նկատմամբ կամ կոտրում այն` ժամանակին իրենց այդպես դառնորեն լացացնելու համար: Ի վերջո, ուզող տղամարդկանց միջոցները կենսունակ են, երբ անփորձ աղջիկները չգիտեն ինչ են ուզում:  
4.    Վատ ուզող տղամարդիկ ըստ ամենայնի նրանք են, ովքեր բավարար անձնային հասունություն ունեն գիտակցելու համար, որ սիրո հարցում պայքարը ավելի հաճախ վերաբերում է արդեն իսկ կայացած հարաբերությունները փրկելուն, երբ զույգը հայտնվել է ճգնաժամի մեջ: Մինչդեռ փոխադարձություն մուրալը ինքնասիրության, ինքնահարգանքի և ռացիոնալ կողմնորոշման խնդիր է... Բացի այդ, նորմալ հարաբերությունների դեպքում, տղամարդը և կինը ասես միաժամանակ են սիրահարվում և ամրապնդում իրենց կապը: Այդպիսի սերը զերծ է ավելորդ պայմանականություններից, թե առաջինը ով պետք է նախաքայլ առնի հարաբերությունները սկսելու համար: Հարաբերությունները զարգանում են այնքան սահուն և գեղեցիկ, որ այդ պահը նույնիսկ չի էլ զգացվում:
5.    Ոչ ոք չի ժխտում, որ կինն իր բնությամբ հակված է <<հենվելու>> տղամարդու վրա: Դա, ինչ խոսք, նորմալ է: Հենվելու հակումը իռացիոնալ է միայն այն դեպքերում, երբ սեփական ոտքերի վրա կանգնել չես կարողանում... Հարկավոր է սովորել տարանջատել սեփական խնդիրները ընդհանուր խնդիրներից: Այդպես գործելը պահանջում է ուժեղ կամք և համբերատարություն: Այլապես կարող ես մի դժբախտությունը փոխարինել մեկ այլ դժբախտությամբ: Այս պլանում, սոցիալական հոգեբանության տեսանկյունից, խրախուսվում է նաև կնոջ ֆինանսական անկախությունը, որպես նրա ինքնահաստվածության և կայացվածության նշան: Հակառակ դեպքում, <<ուժեղ տղամարդու>> տիտղոսը կդառնա մենաշնորհային շատ փող և մեծ փոր ունեցողների համար:


Շարունակելի...





Комментарии

Популярные сообщения