ԵՐԲ ՀԱԿԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՕԳՆՈՒՄ ԵՆ "ԻՆՔՆԱՀԱՍՏԱՏՎԵԼ..."

Աշոտ Թորոսյան

«Ոմանց էլ, որ իրանցում վստահ էին, թէ արդար են եւ ուրիշներին ոչինչ էին համարում, այս առակն ասեց. Երկու մարդ վեր ելան տաճարն աղօթք անելու. Մէկը Փարիսեցի եւ միւսը մաքսաւոր։ Փարիսեցին առանձին կանգնած այս էր աղօթք անում. “Ով Աստուած, գոհանում եմ քեզանից, որ չեմ ինչպէս ուրիշ մարդիկը՝ յափշտակող, անիրաւ, շնացող, կամ ինչպէս էլ այս մաքսաւորը. Շաբաթը երկու անգամ ծոմ եմ պահում, եւ իմ բոլոր ստացուածքներիցը տասանորդ եմ տալիս”։ Եւ մաքսաւորը հեռու կանգնած իր աչքերն էլ չէր կամենում դէպի երկինքը բարձրացնել. Այլ իր կուրծքը ծեծում էր եւ ասում. “Ով Աստուած, ողորմիր ինձ մեղաւորիս”։ Ասում եմ ձեզ, թէ սա արդարացած իջաւ իր տունը քան թէ նա. որովհետեւ ամեն ինքն իրան բարձրացնողը կխոնարհուի, եւ ինքն իրան խոնարհեցնողը կբարձրանայ:» (Ղուկաս 18:9-14)

Մենք հակված ենք հակադրել մեզ ուրիշներին: Դա, ինչ խոսք, նորմալ է և հանդիսանում է անձի կայացման ֆունդամենտալ մեխանիզմներից մեկը: Համեմատելով մեզ այլ մարդկանց հետ, երբեմն, մենք փորձում ենք հասկանալ` ճիշտ ենք արդյոք վարվում, թե` ոչ:  Նույնը վերաբերում է նաև  ինտելեկտին,  արտաքին տեսքին, ընդունակություններին, այս կամ այն ոլորտում մեր մտահասությանը և այլն: Ուրիշները, փաստորեն, ծառայում են իբրև չափանիշ սեփական վարքի, հույզերի և դիրքորոշումների գնահատման համար: Դա է, ըստ երևույթին, պատճառը, որ մեզ համար հաճախ ավելի հեշտ է խոսել, թե ինչպիսին չենք, քան` ինչպիսին ենք:
Չնայած, որ վերը նշվածը, ինչն, ի դեպ, գիտական հոգեբանության մեջ կոչվում է սոցիալական համեմատություն, միանգամայն նորմալ երևույթ է, այնուամենայնիվ, այն կարող է հոգեբանական դժվարությունների և շրջապատում անարդյունավետ հարմարման պատճառ դառնալ: Պատահում է այնպես, որ մարդիկ վարքով կամ խոսքով արտահայտում են իրենց համեմատությունները` վիրավորելով ուրիշների արժանապատվությունը: Դա իր հերթին կարող է միջանձնային կոնֆլիկտների պատճառ դառնալ: Այդպիսի վարքագիծն, ըստ էության, պայմանավորված է տվյալ անձի մոտ առկա արժեքային և գնահատման համակարգերով, որոնք նա  ձեռք է բերել մանկական հասակում, իսկ անհամարժեք բարձր  գնահատականը կամ գերարժեքության բարդույթը խթանում է դրանց դրսևորումը:
Եթե, օրինակ, փոքրիկ աղջնակին իր ծնողները կամ շրջապատող մեծահասակները շռայլում են գովեստի խոսքեր` անկախ կոնկրետ իրադրություններից, երբ փոքրիկը որևէ կերպ դրանք չի վաստակել կամ, երբ վերջինիս վերագրվում են տաղանդներ, հատուկ ընդունակություններ, որոնք իրականում նա չունի, ապա երեխայի մոտ կարող է ձևավորվել ոչ համարժեք բարձր ինքնագնահատական: Ծնողները, մասնավորապես պապիկն ու տատիկը կարող են հիանալ փոքրիկ աղջկա գեղեցկությամբ, ասելով, օրինակ, <<Այ մարդ, էս իմ աղջկան ոչ մեկի չեմ տալու, էնքան լավն ա, որ տենաս էտ որ մի տղեն ա արժանի լինելու էս իմ գանձի հետ կյանքը կիսելու բախտին>>, կամ <<վաա ՜յ, խելքի կճուճ, ուղեղ ա, է՜, ուղեղ, իմ բալեն ամենախելացինա, իրա պես չկա սաղ խմբում, նկատել եմ մենակ էսի ա կենտրոնում, իրա ոտանավորը ամենալավն էր, ամենալավն ինքն ասեց, մնացածները մի տեսակ դմբլո են>> և այսպես շարունակ:
Անցնում է ժամանակ, աղջիկը դառնում է օրիորդ և սկսում հաճոյախոսություններ մուրալ շրջապատողներից իր կասկածելի պարգևների համար: Այդպիսի պատանուհիները մշտապես խոնարհվում են, որպեսզի իրենց վեր բարձրացնեն: Նրանք շարունակ խոսում են իրենց կարծեցյալ ֆիզիկական թերությունների, արտաքնապես ոչ այնքան գեղեցիկ ու գրավիչ լինելու մասին, և դա այն դեպքում, երբ, ասենք, սոցիալական կայքերում նրանց տեղադրած անձնական լուսանկարները թերթելու համար մի ամբողջ օր է հարկավոր: Համեմատությունները այս մակարդակում ձեռք են բերում միանգամայն նոր որակ. հայրենասերները չեն կարողանում յոլա գնալ առանց ազգադավների, Հայ Առաքելական եկեղեցու հայորդիները` առանց զոմբիացված աղանդավորների, թմբլիկները` առանց <<չխոտկեքի>>, <<լավիկները>>` առանց <<վատիկների>> և այլն:
Ինչևէ, հոգեպես առողջ հասարակության կառուցելու տեսանկյունից, հանձնարարելի է հոգեբանին դիմելու կուլտուրայի պրոպագանդումը Հայաստանում: Դա հնարավորություն կտա ծնողներին` ստանալու անհրաժեշտ մասնագիտական օգնություն` տարիքային տարբեր շրջափուլերում երեխայի անձնավորության կայացման հիմնախնդիրները առավել արդյունավետ կերպով դիմագրավելու համար: Մասնագիտական հոգեբանական խորհրդատվությունը կօգնի զարգացող անհատին վեր կանգնել ամեն տեսակ համեմատություններից և  հակադրություններից, ձեռք բերել ինքն իր հետ ներդաշնակություն, կառուցել առողջ հարաբերություններ մարդկանց և շրջապատող աշխարհի հետ, գտնել իր տեղը այս անծայրածիր տիեզերքում  և լուծել սեփական գոյության գերխնդիրը…       


Комментарии

Популярные сообщения