Նևրոտիկ հասարակություններում, որոնց անդամները, իմաստություն ձեռք բերելու փոխարեն, առավել մտահոգված են՝ ինչպես հիմար չլինել, անհամարժեք ընկալումները ավելի շուտ օրինաչափություն են, քան պատահականություն: Իսկ ուրիշների հետ շփումներում ցածր սոցիալական մտահասությունը, որը դրսևորվում է աննրբանկատությամբ, անբավարար ճկունությամբ, անհանդուրժողականությամբ, հաճախ նաև մեծամտությամբ, մարդուն հակում է ճանաչողական սխալների, մասնավորապես՝ վերագրման: Վերջինս հոգեբանական բառարաններում ներկայացվում է որպես այլ մարդու վարքի պատճառները բացատրող հոգեբանական մեխանիզմ: Վերագրման էությունը կայանում է նրանում, որ այն <<հաստատում>> է անմիջական դիտման համար մատչելի կամ երրորդ անձի կողմից ներկայացվող տեղեկության արժանահավատությունն ու հավաստիությունը՝ այն դեպքում, երբ այդ ամենը բավարար չէ իրավիճակի ամբողջական և համարժեք գնահատման համար:
Վերագրման ժամանակ մեկնաբանվում են դիմացինի դրդապատճառները, նկատառումները, հույզերը, վարքի պատճառները, անձնային որակները և այլն: Վերագրման արդյունքները հետագայում կարող են զանազան կարծրատիպերի առաջացման պատճառ դառնալ և հին խնդիրների հիմքի վրա նորերը կառուցել: Եթե ընդհանրացնենք, վերագրումն անցնում է երեք հիմնական փուլերով.
1. մարդու վարքի դիտում
2. նրա մտադրությունների վերաբերյալ <<տրամաբանական>> եզրակացությունների կազմում
3. մարդուն վարքի դրդապատճառների վերագրում:
Եթե իսկապես ցանկանում ենք օբյեկտիվ լինել մարդկանց հետ լապված մեր գնահատումներում կամ ավելի լավ ճանաչել ուրիշներին, ապա նախևառաջ մենք ինքներս մեզ պետք է լավ ճանաչենք: Հարկավոր է ի մտի ունենալ, որ <<каждый думает в мере своей испорченности>>, և ուրիշների վարքի վերաբերյալ մեր գնահատումները ավելի շատ մեզ են բացահայտում, քան նրանց, ում ցանկանում ենք բացահայտել կամ մերկացնել՝ կախված մեր դրդապատճառներից: Եթե դիմացինի վարքում որևէ բան մեզ թյուրիմացության մեջ է գցում, և մենք իսկապես անկեղծորեն ցանկանում ենք հասկանալ, թե դիմացինը ինչու է տվյալ բանն ասում կամ անում, խելամիտ է նախևառաջ պարզել դա տվյալ մարդու հետ: Բացի այդ, մարդկային հարաբերություններում խորը ճանաչողությունը ժամանակ է պահանջում: Դա անվերջ, անընդհատ գործընթաց է: Ընդ որում ժամանակի ընթացքում շատ բան է փոխվում և վերակառուցվում յուրաքանչյուրիս մոտ: Ճանաչողության գործիքները, ինչպես, օրինակ, զարգացած ինտելեկտը և համապատասխան կենսափորձը նույնպես կարևոր են ուրիշների վարքը համարժեք ընկալելու հարցում: Պետք է սովորել իրավիճակները և դրանցում հայտնված մարդկանց դիտարկել ինչպես առանձին, այնպես էլ՝ փոխկապակցված, զանազան փոխկապակցվածությունների ու հարաբերակցությունների համատեքստում: Այդպիսի մոտեցումն էլ իր հերթին պահանջում է համապատասխան հոգեբանական գիտելիքներ: Ի վերջո, ուրիշների վարքի գնահատումը ինչ-որ տեղ նաև բարոյական իրավունքի խնդիր է: Այնպես որ, այլոց վարքի դրդապատճառների վերաբերյալ եզրահանգումներ կատարելուց առաջ, հարկավոր է լրջորեն խորհրդածել վերոնշյալ հանգամանքների շուրջ: Այդպես կխուսափենք ուրիշներին սխալ շարժառիթներ վերագրելուց, ինչպես նաև կպահպանենք առողջ փոխհարաբերություններ մեր հարազատների, մտերիմների, գործընկերների և շրջապատող մարդկանց հետ:
Комментарии
Отправить комментарий