ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆԵՎՐՈՏԻԿ ՄՈՏԻՎԱՑԻԱՆ

Սույն հարցի հետ կապված, նևրոտիկ դրդապատճառների մասին մենք խոսում ենք այն դեպքերում, երբ տվյալ անձի ակտիվության հիմքում ընկած շարժիչ ուժերը գլխավորապես արտաքին պայմանավորվածություն ունեն։ Այստեղ կարող է լինել ծնողների, հարազատների, բարեկամների և այլոց սպասելիքներն արդարացնելու ձգտումը և այլ։ Դրանց լուծն առավել ծանր են իրենց ուսերի վրա զգում հատկապես ընտանիքի մինուճար զավակները։ Երբ ծնողները կամ խնամող մեծահասակները հաշվի չեն առնում երեխայի անհատական ռեսուրսները, նրա զարգացման առանձնահատկությունները, ընդունակությունները և պարտադրում նրա ներքին բնությանը օտար ակտիվություն, ապա դա կարող է չափազանց բացասաբար անդրադառնալ երեխայի անձնավորության կայացման վրա։ Ցելույկոն այդպիսի ընտանիքները համարում է սոսկ պայմանականորեն բարենպաստ։ Թվում է թե ամեն ինչ կա երեխայի ներդաշնակ զարգացման համար, բայց․․․
Ծնողների կողմից երեխայի մեջ հավակնությունների անհամարժեք բարձր մակարդակի ձևավորումը հող է ստեղծում ոչ միայն գոռոզամտության, ամբարտավանության, «անհաջողակների» նկատմամբ քամահրանքի և այլ բացասական անձնային որակների առաջացման համար, այլև նպաստում այսպես կոչված կոմպուլսիվ պահանջմունքների զարգացմանը։ Վերջիններս ոչ մի ընդհանուր բան չունեն այն ամենի հետ, ինչ մարդը ցանկանում և զգում է իրականում, այլ որոշվում են նևրոտիկ կառուցվածքի ներքին անհրաժեշտությամբ, որը մարդուն հակում է մոլեռանդության: Ուստի, երբ մենք խոսում ենք կոմպուլսիվ հակումների և պահանջմունքների մասին, ապա նկատի ունենք այն միտումները, որոնք հակադիր են անհատի ինքնաբուխ ցանկություններին և ձգտումներին։ Այլ խոսքով՝ կոմպուլսիվության և ինքնաբուխության միջև տարբերությունը` դա «ուզում» եմ-ի և «պետք է անեմ»-ի միջև տարբերությունն է: Թեպետ, հնարավոր է, որ անհատը ժխտի իրենում կոմպուլսիվ պահանջմունքների կամ ներքին հարկադրանքի առկայությունը՝ բացատրելով իր բոլոր քայլերը գիտակցական նպատակադրմամբ, թե, իբր, նա ինքն է ցանկանում հասնել այս կամ այն ոլորտում հաջողությունների, սակայն, իրականում, նա ստիպված է դրանց հասնել: Արդյունքում, քննաշրջանի մեկնարկին պես, մենք տեսնում ենք՝ մտավոր գերծանրաբեռնվածություն քնի խանգարումներ, ախորժակի խանգարումներ, նյարդային գրգռվածություն և այդ ամենից բխող խնդիրներ։

Комментарии
Отправить комментарий