ԿՐՈՆԱԿԱՆ ԱՆՀԱՆԴՈՒՐԺՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՈՐՊԵՍ ՄԻՏՈՒՄՆԱՎՈՐ ՍԱՆՁԱԶԵՐԾՎՈՂ ԵՐԵՎՈՒՅԹ



ԿՐՈՆԱԿԱՆ  ԱՆՀԱՆԴՈՒՐԺՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ  ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՈՐՊԵՍ  ՄԻՏՈՒՄՆԱՎՈՐ  ՍԱՆՁԱԶԵՐԾՎՈՂ  ԵՐԵՎՈՒՅԹ

Աշոտ Թորոսյան
հոգեբան

Կրոնական անհանդուրժողականության երևույթը օտար չէ ներշնչվողականությամբ և ստացվող տեղեկատվության նկատմամբ թույլ քննադատական մտքի որակներով աչքի ընկնող մեր ներկայիս հասարակության համար, հատկապես եթե հաշվի առնելու լինենք այն հանգամանքը, որ պատկան մարմինները հասարակական գիտակցության մեջ փոխադարձ հանդուրժողականության և հարգանքի արժեքներ ամրակայելու փոխարեն, իրենք են ԶԼՄ-ների և սոցիալական ներգործության այլ լծակների օգնությամբ ձևավորում հասարակության մեջ կրոնական թշնամանքի և անհանդուրժողականության մթնոլորտ

Հասկանալի է, որ մեր երկրի աշխարհաքաղաքական դիրքը և թշնամական պետությունների հարևանությամբ գտնվելու հանգամանքը լուրջ մտավախությունների տեղիք է տալիս` կապված ազգային և պետանվտանգության համար իրական կամ ենթադրաբար սպառնալիք ներկայացնող գործոնները դիմագրավելու հետ: Սակայն, ոչ այնքան խորը վերլուծությունն իսկ բավական է նկատելու համար, որ, այսպես կոչված, քայքայիչ տոտալիտար կրոնական աղանդների  դեմ պայքարի պլանում ՀՀ ազգային անվտանգության հայեցակարգ մշակողները լուրջ բացթողումներ են թույլ տալիս դրանց նկատմամբ համապատասխան ռազմավարության ընտրության և դրա իրականացման մեխանիզմների հստակության առումով: Կոնկրետ <<Եհովայի վկաներ>> կրոնական կազմակերպության նկատմամբ վերջին մի քանի տարիների ընթացքում կազմակերպված հակաքարոզչության վերլուծությունը տողերիս հեղինակին թույլ է տվել առանձնացնել սկզբունքային նշանակություն ունեցող մի շարք խոցեր, որոնք բնութագրական են հակապրոպագանդայի կազմակերպիչների ընտրած մարտավարության համար:
1. Եհովայի վկաների գործունեության` որպես ազգային անվտանգության համար սպառնալիք ներկայացվող գործոնի ուռճացումը: Այս ստրատեգիայի կիրառման դեպքում Եհովայի վկաները սոսկ <<քավության նոխազ>> են ծառայում` խուսափելու մեր երկրի իրական անվտանգության շահերի տեսանկյունից առավել առաջնային մի շարք խնդիրների վրա պատշաճ ուշադրություն դարձնելուց: Կրթության և առողջապահության ոլորտների գերկոռումպացվածությունը, արտագաղթի մտահոգիչ ծավալները, երկրի պատասխանատու պաշտոններում արկածախնդիր և ոչ մտահաս գործիչների առկայությունը, ՀՀ խոշոր պարտքերը միջազգային ֆինանսական կառույցներին, սրանք պակա՞ս կարևորություն ունեցող հիմնախնդիրներ են: Մինչ պոպուլիստները փորձում են ազգային անվտանգության հիմնախնդիրների ողջ ծանրությունը տեղափոխել Եհովայի վկաների վրա` դրանով իսկ բացահայտելով ռազմավարագիտական մտքի իրենց ողորմելի մակարդակը, իրական հայրենասերները ջանում են ի հայտ բերել  տոտալիտար կրոնական կազմակերպությունների գաղափարախոսության նկատմամբ ընկալունակության սոցիալ-հոգեբանական պայմանները: Եվ, պատկերացրեք, բավականաչափ հետաքրքրական են այդ ուսումնասիրությունների արդյունքները: Պարզվում է, որ այնպիսի բացասական հասարակական երևույթներ, ինչպիսիք են` ՀՀ իշխանությունների կողմից սեփական ժողովրդին հարստահարող հարկային և մաքսային վարչարարությունը, ծախված դատական իշխանությունները, ոչ թափանցիկ ընտրությունները, մարդկային նկարագրից զուրկ հայ օլիգարխների կամայականությունները, վերջիններիս նկատմամբ ամենաթողտվության և անպատժելիության մթնոլորտը, մեր երկրում սոցիալական անարդարության զազրելի իրականությունը պատկերող հար և նման մյուս իրողությունները անօգնականության և հուսահատության սուր զգացումներով են համակում մեր հայրենակիցների որոշակի զանգվածին, և, օրինաչափորեն հակում նրանց դեպի Եհովայի վկաների կողմից հրամցվող այն լուսավոր ապագան, երբ <<երկնքի Աստվածը մեկ թագավորություն է վեր կացնելու,… որը պիտի փշրե ու վերջացնե այս բոլոր թագավորությունները>> (Դանիել 2.44)
2.   Ծավալվող պայքարի իրադրային և անհետևողական դրսևորումները:  Հակական ԶԼՄ-ներում <<աղանդների քայքայիչ գործունեության>> վերաբերյալ նյութերի ու հրապարակումների անհետևողականությունը, ընդ որում, դրանց խիստ իրադրային պոռթկումները հաճախ բացահայտում են հեղինակների կողմից սեփական նախաձեռնությունների մեջ ունեցած անբավարար լրջությունը: Վերջիններս կրոնական աղանդների թեմային անդրադառնում են միայն այն բանից հետո, երբ սպառվում են ռեյտինգային թեմաները:  Լրագրողների մեկ այլ խմբի մոտ Եհովայի վկաների թեմային անդադառնալու անհաղթահարելի մարմաջ է արթնանում, երբ այդ չարչրկվող <<աղանդի>> շուրջ հասարակական հնչեղություն հարուցած հերթական հերյուրանքի լուսաբանումների ժամանակ իրենց գործընկերներից մի քանիսին հաջողվում  է սովորականից փոքր-ինչ ավելի սրամիտ երևալ: Դա մեր սնափառի ինքնասիրությունը, բնականաբար, խոցում է, և վերջինս որոշում է դուրս գալ պասիվության ստորադաս վիճակից:  Այս արատավոր երևույթը իր դիպուկ բնորոշումն է գտել մեծն Բալզակի` <<Խոտակված պատրանքները>> վեպում. <<Թերթը չի ստեղծված հասարակական կարծիքը ղեկավարելու համար, այլ նրան երես տալու համար: Թերթն ընդունակ կլինի իր հորն անգամ կրակի վրա տապակել և իր կատակախոսությունների աղով համեմել, միայն թե հասարակությանը հետաքրքիր երևա և կարողանա նրան զվարճացնել>>:  Վերոնշյալը ցույց է տալիս, որ ինչպես անձի, այնպես էլ մասնագիտական պլանում ինքնահաստատման խնդիրներ ունեցող լրագրողները, որոնք, իրողությունները չեզոք և անկողմնակալ լուսաբանելու փոխարեն,  կողմնորոշվում են <<որտեղ հաց, այնտեղ կաց>> կարգախոսով կամ նևրոտիկ կախվածություն ունեն ընթերցողների արձագանքներից, գործնականում չեն կարող պիտանի լինել մեր ազգային ինքնագիտակցությանը սպառնացող ազդեցություններին արդյունավետ հակազդելու տեսանկյունից:
3. ԶԼՄ-ների միջոցով վկաների գործունեության, նրանց կրոնական համոզմունքների և դավանաբանական հիմնադրույթների մասին ապատեղեկատվության տարածման հնարքի կիրառումը, իրողությունների միակողմանի լուսաբանման ավանդույթը: Այդ ո՞վ է ասել, որ սուտը, ապատեղեկատվությունը, նենգափոխումը, ապակողմնորոշումը սոցիալ-հոգեբանական ներգործության տեխնիկաներ չեն: Դրանք նույնպես տեխնիկաներ են, միայն թե, այս պարագայում, ոչ արդյունավետ: Նմանատիպ տեխնիկաների դիմելու նախապատվությունը, որպես կանոն, բացահայտում է կամ Եհովայի վկաների նկատմամբ հակապրոպագանդան իրականացնող անձանց անբավարար մտահասությունը կամ խնդրի հրատապության աստիճանի նվազ գնահատումը, որը պատասխանատուներին հակում է զերծ մնալ լայնածավալ ռեսուրսների ներդրումից և սահմանափակվել վկաների մասին հերյուրանքներ տարածելու էժանագին մարտավարությամբ: Հայկական մամուլը լեցուն է ամեն տեսակ անհեթեթություններով և ծիծաղաշարժ դրվագներով, որոնցից հյուսված է հայ ազգային ինքնությունը Եհովայի վկաների կազմակերպած <<սպիտակ եղեռնից>> կամ <<հոգևոր սպանդից>> փրկելու` դարի առասպելը: 
Ասում են` թշնամուդ հաղթելու համար նախևառաջ պետք նրա լեզուն իմանաս: Ինչպե՞ս կարող է որևէ պետական կամ հասարակական կառույց արդյունավետ պայքար մղել Եհովայի վկաների դեմ` այն դեպքում, երբ իր տրամադրության տակ գտնվող հետաքննիչ լրագրողները լայաղ չեն անում գոնե հպանցիկ ծանոթանալ խնդրո առարկա կրոնական կազմակերպության վերաբերյալ ընդհանուր տեղեկությունների, օրինակ, նրա ստեղծման ճշգրիտ տարեթվի, կամ, ասենք, դավանաբանական հիմնադրույթներին առնչվող որոշ էական մանրամասների հետ, որպեսզի իրենց հոդվածներում խուսափեն երեխայական սխալներ թույլ տալուց:
Իրողությունն այն է, որ ստի վրա հիմված քարոզչությունը ոչ միայն չի երաշխավորում նախատեսվող ցանկալի արդյունքի ստացումը, այլև առանձին դեպքերում միանգամայն հակադարձ միտումներ է առաջ բերում, քանզի ընթերցողների շրջանում, ի դժբախտություն վկաների մասին ապատեղեկատվություն տարածման հնարքի կողմնակիցների, պատահում են նաև այնպիսիք, ովքեր սուր վերլուծական մտածողություն ունեն` երևույթից էությանն անցնելու աստիճան և կարողանում են բավականին ճշգրտորեն վերծանել ստացվող տեղեկատվության մեջ ստի և կեղծիքի տարրերի առկայությունը: Հավատացե՛ք, այսօրվա Եհովայի վկաների շարքերում քիչ չեն նախկին <<սողոսները>>, ովքեր <<պողոսներ>> են դարձել <<շատ մի ատի, սիրել կա>> ժողովրդական իմաստության մոտիվներով:
 Ապատեղեկատվության հնարքը կիրառելիս, երբեմն էլ պատահում է այնպես, որ լրագրողները, ընկնելով ստեղծագործական տարերքի մեջ, չափն անցնում են և վիրավորական արտահայտություններ ուղղում Եհովայի վկաների հասցեին, ինչի արդյունքում հայտնվում են ավելորդ դատական քաշքշուկների մեջ: Դրա վառ օրինակը հայտնի լրագրող Գևորգ Ալթունյանի հետ պատահած տխրահռչակ միջադեպն էր: Կարելի էր, իհարկե, այդ ամենից խուսափել: Ի՞նչ է նշանակում` հարևաններն ասում էին: Չէ՞ որ <<Եհովայի վկաներ>> կրոնական կազմակերպությունը պաշտոնապես գրանցված է Հայաստանում: Ընդամենը պահանջվում էր հարցում կատարել դեպքի առնչությամբ Եհովայի վկաների գրասենյակ` բան, ինչն անելու հարցում սովորաբար չեն զլանում հարգարժան մեր լրագրողները, երբ այլ իրադարձությունների վերաբերյալ համապատասխան մարմինների կողմից պաշտոնական տեղեկատվություն ստանալու անհրաժեշտություն է առաջանում: Այս ամենի հետ կապված թերևս մնում է պարզել` չե՞ն եղել արդյոք մեր <<հարևանները>> պատահաբար ԱԱԾ  աշխատակիցներ: Իսկ միգուցե <<շենքու՞մ էին խոսում>>, որ Արման Խաչիկի Թորոսյանը Եհովայի վկա է: Մի բան է անհասկանալի. մի՞թե Եհովայի վկաների գրականությունը լայնորեն չի տարածվում մեր հասարակության մեջ ամենատարբեր եղանակներով, այնպես որ մեր ժողովուրդը քչից շատից ծանոթ է վերջիններիս կրոնական ուսմունքներին, գաղափարախոսությանը և այլն: Այդ դեպքում ինքներդ դատեք` որքանո՞վ է ներքոնշյալ հայտարարությունը արտացոլում վկաների պաշտոնական գաղափարախոսության էությունը. <<Ես կատարում եմ Եհովա Աստծու հրամանները։ Իմ հայրը Եհովա Աստվածն է։ Ես նրա հրամանով սպանում եմ սատանաներին և առաջին սատանաներին արդեն սպանել եմ>>:  Ինչպես երևում է, տվյալ դեպքում, մենք գործ ունենք ա) շիզոֆրենիայով տառապող Արման Խաչիկի Թորոսյանի հետ, բ) շիզոֆրենիայով կամ այլ համախտանիշերով տառապող Արման Խաչիկի Թորոսյանի հարևանների հետ, գ) ԱԱԾ հատուկ ծառայության աշխատակիցների հետ, որոնք այս դժբախտ պատմության մեջ հանդես են գալիս Արման Խաչիկի Թորոսյանի հարևանների դերում, ինչն էլ, ըստ երևույթին, մոլորեցնում է <<Առավոտ>> թերթի թղթակցին և հարուցում ապատեղեկատվության շղթայական ռեակցիա հայկական ԶԼՄ-ների և բլոգերի մակարդակով:
4. Եհովայի վկաների մասին հեռուստատեսությամբ հեռարձակվող հաղորդումների, տեսանյութերի և թոք-շոուների ժամանակ քննարկումներում ընդգծված հուզական ֆոնի առկայությունըԿան մարդիկ, որոնք կյանքի մասին դատում են հարբած վիճակում, իսկ մարդկանց և իրերը` մարսողության ժամանակ: Այս դիրքորոշումը, ըստ էության, լիովին համահունչ է Եհովայի վկաների վերաբերյալ ծավալվող հասարակական քննարկումների տրամաբանությանը: Իրականում հազիվ թե հնարավոր լինի կշռադատվածության նշույլ հայտնաբերել <<քայքայիչ տոտալիտար աղանդների>> դեմ իրականացվող այն հուսահատ ձեռնարկումների մեջ, որոնք կատակասերները <<պայքար>> են անվանում, մասնավորապես, եթե վերջինս ուղղված է մեր հայրենակիցների սոսկ այն խավի ոգեկոչմանը, ուր մարդկանց սիրտը եռում է, իսկ ուղեղը չի գործում: Պետք է նկատել, որ այդ քննարկումները կամ թոք-շոուները առայժմ այլ խնդիր չեն լուծում, քան` նյարդային անձանց մի լավ լիցքաթափվելու հնարավորություն տալը: Ցանելով համաժողովրդական հուզումներ` ստրատեգները հնձում են սոցիալական անկարգություններ, հասարակական կարգի խախտումներ, քաղաքացիների սահմանադրական իրավունքների դեմ հանցագործություններ և, իհարկե, արժանանում միջազգային իրավապաշտպան կառույցների ուշադրությանը:
5. Եհովայի վկաների դեմ հակապրոպագանդայի մեջ <<ատելության քարոզչության>> (hate speech) տարրերի առկայությունըԱյն, թե որքանով է  հայկական մամուլը ողողված վկաների մասին զազրախոսություններով և կրոնական անհանդուրժողականության կոչերով` դա նորություն չէ: Ովքեր կցանկանան այդ մասին առավել հանգամանալից տեղեկատվություն ստանալ կարող են այցելել հետևյալ վեբ կայք. www.osce.org/hy/yerevan/74895: Կցանկանայի պարզապես մեկ բան նշել: Եթե ՀՀ ԱԱԾ-ն, Հայ Առաքելական եկեղեցին, ՄԵԿ ԱԶԳ կազմակերպությունների դաշինքը, հայտնի և անհայտ մյուս ուժերը, օգտագործելով իշխանությունների քամակը մտած ԶԼՄ-ներին, նպատակամետ են հայ ժողովրդի մնացյալ հատվածից <<նոր սափրագլուխներ>> ստանալ և ուղղորդել Եհովայի վկաների դեմ, ապա, այս տեսանկյունից որոշակիորեն իրատեսական կարելի է գնահատել շահագրգիռ կողմերի նկրտումները: Նրանք, ըստ երևույթին, ցանկանում են կիսել <<հայ ժողովրդին խավարամիտ ամբոխի վերածելու>>` Եհովայի վկաներին վերագրվող մենաշնորհը: Այս պլանում, սակայն, կարծում եմ, պայքարելու հարկ ամենևին էլ չկա. նույնիսկ կենցաղային մակարդակի դիտումները աներկբայորեն փաստում են, որ մեր ժողովուրդը հայկական հեռուստատեսությամբ հրամցվող ժամանցային պրոյեկտներից հիմնովին բթացել է և չտարբերակված հակազդումներ է տալիս Եհովայի վկաների մասին նույն այն լրատվամիջոցների հաղորդած ապատեղեկատվությանը, որոնք ոչ վաղ անցյալում լուսաբանում էին մարտի 1-ի իրադարձությունները…   
6. Ուղղակի հալածանքը, սադրիչ գործողությունների դիմելը: Եթե մեր բանիմաց ստրատեգները կարդացած լինեին մեծ խմբերի սոցիալական հոգեբանություն, ապա, հավանաբար, կհասկանային, որ ցանկացած արտաքին վտանգի պայմաններում խմբի ներքին կյանքում դրսևորվում են համախմբման ինքնապաշտպանական միտումներ, որոնք է՛լ ավելի անսասան են դարձնում խումբը արտաքին սպառնալիքի դիմաց: Իրենց դեմ կազմակերպված յուրաքանչյուր ճակատային հարձակման պարագայում Եհովայի վկաները ևս մեկ անգամ համոզվում են, որ <<ճշմարիտ քրիստոնյաները հալածանք պիտի կրեն>>: Ինչ արած, էժանագին հնարքների սպառվող զինանոցում մնում է միայն սադրանքների դիմելը, ինչի դրսևորումը տեսանելի եղավ Սուրբ Երրորդություն եկեղեցու հոգևոր հովիվ տեր Եսայի քահանա Արթենյանի հետ պատահած դեպքի մեջ, ում նկատմամբ, ինչպես հաղորդում է հայկական ԶԼՄ-ների ճնշող մեծամասնությունը, վկաների կողմից բռնություն է կիրառվել: Այս ամենի մեջ միակ հանճարեղ լուծումը թերևս կայանում էր նրանում, որ սադրիչներին հաջողվել է դուրս գալ տաքարյուն Անդրանիկ Մակվեցյանի վրա: Սակայն, պատկերացնու՞մ եք, թե ինչ կարող է տեղի ունենալ, եթե հանկարծ Հայաստանում գտնվի իր մասնագիտական պարտքին բարեխիղճ մոտեցող մի հետաքննիչ լրագրող, ով կհանդգնի հանդես գալ այս անգամ Հայ Առաքելական Եկեղեցու քահանաների կողմից Եհովայի վկաների նկատմամբ հարձակումների մասին  վիճակագրությամբ:
Ինչևէ, ընդհանրացնելով վերոգրյալը, կցանկանայի նշել, որ բազմաթիվ անչափ ավելի էական հիմնախնդիրներից հյուծված մեր ժողովրդի մեջ կրոնական անհանդուրժողականության սանձազերծումը լավագույն լուծումը չէ նրա ինքնագիտակցության համար սպառնալից ազդեցությունների չեզոքացման համար: Ո՛վ ներքուստ պառակտված և բարոյալքված ուժեր, <<հայոց սրբազան աշխարհը>> զոմբիացումից փրկելու վեհ առաքելությունը չի կարող հանդուրժել ցինզիմի և մաքիավելիզմի սկզբունքների վրա կառուցված նողկալի մարտավարություն: Դուք տանուլ եք տալիս և դեռ տանուլ եք տալու պայքարը, քանի դեռ շարունակում եք գործել ձեր էությանը հարիր այդ ձևաչափով: Ձեր ողորմելի հնարքներից իրենց պաշտպանվածությունը խորհդանշելու համար Եհովայի վկաները շարունակելու են կիրառել Եսայիա մարգարեի հետևյալ խոսքերը. <<Բորոր քեզ դեմ շինած գործիքը պիտի չհաջողվի, եվ ամեն լեզու, որ վեր կկենա քեզ դեմ դատաստանի, պիտի դատապարտվի: Սա է Տիրոջ ծառաների ժառանգությունը, և նրանց արդարությունը ինձանից է, ասում է Տերը>> (Եսայիա 54.17):  




Комментарии

Популярные сообщения