«ԵՍ ԱՅԴՊԵՍ ԷԼ ԳԻՏԵԻ» ՖԵՆՈՄԵՆԸ ՀԱՅ ԱՊԵՐՈՆԵՐԻ ՄԱԿԱՐԴԱԿՈՒՄ

Աշոտ Թորոսյան


Մեր հայրենակիցների շրջանում քիչ չեն պատահում մարդիկ, 
ովքեր ասում են, թե դիմացինի դեմքի վրա թռուցիկ հայացք նետելով կարող են կարդալ նրա թաքուն մտահղացումները, ինչպիսի անձ լինելը և այլն. Փորձելով սրամիտ երևալ, նրանք հայտարարում են, որ խորաթափանց լինելու համար կարիք չկա «ինստիտուտ ավարտել», այնպես որ մարդկային փոխհարաբերություններին առնչվող շատ ու շատ երևույթեր պարզից էլ պարզ են:

Նշանակու՞մ է դա արդյոք, որ սոցիալական հոգեբանությունը ոչ մի էական օրինաչափություն չի բացահայտում, որ մինչ այդ պարզագույն «ողջամտությունն» իսկ բացահայտած չլիներ: Իսկապե՞ս ճշմարտացի է այսպես կոչված կյանքի մեծ փորձ ունեցող մարդկանց այն պնդումը, համաձայն որի, հոգեբանությունը սոսկ որոշակի ձև է հաղորդում այն ամենին, ինչի բովանդակությունը ցանկացած մարդ իր «քթածակերի» միջոցով էլ կարող է հասկանալ: Նախքան այս հարցին պատասխանելը եկեք տեսնենք, թե երբ են մարդիկ հայտարարում, որ այսինչ կամ այնինչ երևույթը իրենց համար պարզ էր կամ որ իրենք սպասում էին, որ ինչ-որ բան այդպես էլ պետք է լիներ:

Եթե ուշադիր լինենք, ապա կնկատենք, որ իրադարձությունները մարդկանց ակնհայտ և կանխատեսելի են թվում միայն բանից հետո, երբ դրանք արդեն տեղի են ունեցած լինում: Դուք ինքներդ էլ կարող էք դրանում համոզվել հետևյալ փորձի օգնությամբ:
Վերցրեք մի խումբ և նրա կեսին ծանոթացրեք հոգեբանական հետազոտության արդյունքներից մեկի հետ, իսկ մյուս կեսին տրամագծորեն հակառակ արդյունքի հետ: Օրինակ, մի խմբին ասացեք հետևյալը. «Հոգեբանները հայտնաբերել են, որ մենք ավելի հաճախ ընկերանում ենք նրանց հետ, ովքեր նման չեն մեզ, այսինքն` ապացուցվում է այն հին ասացվածքի ճշմարտացիությունը, ըստ որի` «ձկնորսը ձկնորսին ճանաչում է հեռվից»»:
Սկզբում գիտափորձի մասնակիցներին խնդրեք մեկնաբանել արդյունքը: Այնուհետև հարցեք` զարմացնում է այն իրենց կամ ոչ: Անկախ այն հանգամանքից, թե ինչպիսի արդյունք է ստացվել, ամենայն հավանականությամբ, այն ոչ մեկին չի զարմացնի:
Եթե, օրինակ, հոգեբանն ասի, որ բաժանումն ուժեղացնում է ռոմանտիկ զգացմունքները, ապա, որպես կանոն, կգտնվի ինչ-որ ապերո, ով կասի. «Դու էլ նենց ասիր էլի, տղետ էլ պտի ասի հերս գորձի ա գնացել… Էտ ո՞վ չգիդի, որ «արգելված պտուղը քաղցր ա»»: Իսկ եթե հոգեբանն ասի, որ բաժանումը սառեցնում է սերը, ապա մեկ ուրիշ լավ ապեր կասի, որ «էտ ջոգելու մար կարիք չկա ակադեմիկոս ըլնես ընգեր ջան, աչքից հեռու, սրտից հեռու»:

Մի խոսքով, անկախ հոգեբանական հետազոտության ադյունքներից, միշտ կգտնվի մեկը, ով կիմանա, որ այդպես էլ պետք է լիներ:
Հայ երիտասարդության որոշակի զանգվածի հոգեկանում խոր արմատներ գցած ամենիմացության բարդույթը, որի կրողները հակված են հեգնելու հոգեբանության նվաճումները, ցցուն է դարձնում ոչ համարժեք բարձր ինքնագնահատականի պրոբլեմը: Մի՞թե չեն պատահում այնպիսիք, որոնց հետ օդից խոսելիս` օդաչու են, ջրից խոսելիս` սուզանավորդ, և որոնք մարգարեական ճշգրտությամբ կանխատեսում են տեղի ունենալիքը, սակայն խոսում դրա մասին կատարումից հետո միայն:

Մյուս կողմից, քանի որ արդյունքները երևում են այնպես, ասես, դրանք հնարավոր էր կանխատեսել, մարդիկ հակված են լինում մեղադրել իրենք իրենց «հայի վերջին խելքն» ունենալու մեջ:

Այս պարագայում կոնսուլտատիվ հոգեբանության և հոգեթերապիայի խնդիրը կայանում է նրանում, որպեսզի, հնարավորության դեպքում, օգնեն խնդիրը կրողներին, հասկանալու, որ նրանք հեշտությամբ խաբում են իրենց, կարծելով, որ գիտեին կամ գիտեն ավելին, քան իրականում գիտեին կամ գիտեն: Այդ օգնությունը միտված է վերացնելու կենցաղային ողջախոհության սահմանափակումները և ցույց տալու, որ ասացվածքներն ու առածները արտացոլում են իրերի և երևույթների միայն առանձին կողմերը: Ցանկացած ժողովրդական ասացվածքին ի պատասխան կարելի է բերել մի ամբողջ շարք մեծ ժողովրդականություն վայելող ասացվածքների ժողովածու: Հենց այդ պատճառով է մեզ հարակավոր գիտական հոգեբանությունը, որպեսզի տարբերենք իրականությունը պատրանքից և խոր կանխատեսումները` կանխակալ կարծիքներից.

Комментарии

Популярные сообщения