Ոչ ավանդական կրոնական կազմակերպությունների քարոզչության նկատմամբ արդյունավետ հակազդեցության համար մասնագիտական մոտեցում է հարկավոր


Լրատվամիջոցները վերջին շրջանում բավականին հաճախ են անդրադառնում կրոնական աղանդների թեմային։ Հասկանալի է, որ մեր երկրում ստեղծված ներկա իրավիճակով մտահոգված մի շարք ուժեր, տարբեր շարժառիթներից ելնելով, փորձում են ինչ-որ կերպ պայքարել «տոտալիտար աղանդների» դեմ։ Սակայն, ոչ ավանդական կրոնական կազմակերպությունների դեմ իրականացվող «պայքարը», տողերիս հեղինակի դիտարկումներով, չի կարող արդյունավետ լինել մի շարք հանգամանքների բերումով, որոնք շարադրված են ստորև։ 

1Բացակայում են քայքայիչ կրոնական կազմակերպությունների նկատմամբ արդյունավետ հասարակական հակազդեցության՝ հոգեբանորեն հանձնարարելի մոտեցումներն ու ռազմավարությունը։ 
2Քայքայիչ կրոնական կազմակերպությունների դեմ հակաքարոզչության ոչ համարժեք մեթոդների ընտրությունը բացի այն, որ չի երաշխավորում նախատեսվող ցանկալի արդյունքի ստացումը, այլև հաճախ հանգեցնում է հակադարձ միտումների առաջացմանը, ինչպես նաև` հասարակության մեջ կրոնական թշնամանքի և անհանդուրժողականության մթնոլորտի ձևավորմանը: Դրանց թվում են՝ ակնհայտ սուտը, կես ճշմարտությունները, լրատվամիջոցներով ոչ ավանդական կրոնական կազմակերպությունների մասին ապատեղեկատվության տարածումը, փաստերի նենգափոխումը, ապակողմնորոշումը, հեռուստատեսությամբ հեռարձակվող հաղորդումներում, տեսանյութերում, քննարկումներում ընդգծված հուզական ֆոնի առկայությունը, հակաքարոզչության մեջ «ատելության քարոզչության» (hate speech) տարրերի առկայությունը, սադրիչ գործողությունների դիմելը և այլն։ Պետք է նկատել, որ այդ քննարկումները կամ թոլկ-շոուները գործնականում այլ խնդիր չեն լուծում, քան թեմայի հետ կապված բացասական հուզականությունը լիցքաթափվելու հնարավորություն տալը: Ցանելով համաժողովրդական հուզումներ` պայքայրի հեղինակները հնձում են քաղաքացիների սահմանադրական իրավունքների դեմ հանցագործություններ և արժանանում միջազգային իրավապաշտպան կառույցների ուշադրությանը:
3Ծավալվող պայքարի իրադրային և անհետևողական դրսևորումները:  Լրատվամիջոցներով «աղանդների քայքայիչ գործունեության» վերաբերյալ նյութերի ու հրապարակումների անհետևողականությունը, ընդ որում, դրանց խիստ իրադրային պոռթկումները հաճախ բացահայտում են հեղինակների կողմից սեփական նախաձեռնությունների մեջ ունեցած անբավարար լրջությունը: Վերջիններս կրոնական աղանդների թեմային անդրադառնում են միայն այն բանից հետո, երբ սպառվում են մյուս վարկանիշային թեմաները: Իրողությունների՝ չեզոք և անկողմնակալ լուսաբանելու անկարողությունը, «որտեղ հաց, այնտեղ կաց» կարգախոսով կողմնորոշումը կամ ընթերցողների արձագանքներից նևրոտիկ կախվածությունը, հազիվ թե կարող է պիտանի լինել քայքայիչ կրոնական պաշտամունքի նկատմամբ արդյունավետ միջոցառումների զինանոցում:

      Քայքայիչ կրոնական կազմակերպությունների «դեմ պայքարի» համար հարկավոր է ստեղծել նրանց գործունեությունից տուժածների օգնության և վերականգնողական աշխատանքների կազմակերպման ու իրականացման համապատասխան ծառայություն, որի շրջանակներում համակողմանի աջակցություն կցուցաբերվի։ Ամենից առաջ պետք է հասկանալ, որ քայքայիչ կրոնական պաշտամունքի մեջ ներքաշվելը սոցիալ-հոգեբանական խնդիր է, հետո միայն՝ ազգային անվտանգության նշանակության։ Ուստի, պետք է մշակել հանրային հոգեսոցիալական առողջության ամրապնդմանն ուղղված միջոցառումների ծրագիր, գնահատել քայքայիչ կրոնական կազմակերպությունների քարոզչության նկատմամբ առանձին սոցիալական շերտերի խոցելիությունը և ստեղծել արդյունավետ հակազդեցության ռեսուրսներ, ապահովել հասարակության լայն շերտերին անհրաժեշտ հոգեբանական գիտելիքներով ոչ ավանդական կրոնական կազմակերպությունների գործունեության առանձնահատկությունների, վերջիններիս կողմից կիրառվող հոգեբանական ձեռնածության մեթոդների, նրանցում ներգրավվելու սոցիալ-հոգեբանական նախադրյալների, կրոնական պաշտամունքի հոգեբանական գործառույթների վերաբերյալ։ Միջոցառումները պետք է իրականացնեն համապատասխան պետական մարմնի կողմից լիազորված անձինք, ովքեր կունենան բարձրագույն հոգեբանական կրթություն և անցած կլինեն համապատասխան վերապատրաստում կրոնի հոգեբանության և քայքայիչ պաշտամունքից բխող խնդիրների ու կախվածության ոլորտում աշխատելու համար: Հակառակ դեպքում, պարարտ հող է ստեղծվում ոլորտում համապատասխան մտահասություն չունեցող անհատ անձնանց, քաղաքական կուսակցությունների, ՀԿ-ների և շահագրգիռ այլ  ուժերի անհարկի միջամտության համար, որոնք հաճախ «աչքը սարքելու տեղը ունքն էլ հետն են հանում»։

Աշոտ Թորոսյան

Комментарии

Популярные сообщения