ՍԵՔՍԸ ԵՎ ԻՆՔՆԱԶԱՐԳԱՑՈՒՄԸ։ ԻՆՉՊԵ՞Ս ԼԻՆԵԼ ԱԶԱՏ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ․․․
Հարց։ «Ինչպե՞ս մենք կարող ենք օգտագործել մեր սեռական էներգիան ինքնազարգացման համար»։
Սեքսը ինքնին էներգիա է։ Ուստի ես կնախընտրեի չօգտագործել «սեռական էներգիա» հասկացությունը, քանզի այլ էներգիա չի էլ կարող լինել։ Սեքսը միակ էներգիան է, որ մենք ունենք։
Այն պարզապես կատարելագործվում է դեպի առավել բարձր մակարդակներ։
Այսօր, մարդիկ սեքսի հողի վրա խելագարության աստիճանի սևեռված են քրիստոնեության պատճառով։ Այն ավելի քան երկու հազար տարի ճնշել է մարդու սեռականությունը, նրա էներգիան, ինքնաբուխ դրսևորումները։ Թերևս հենց դա է արևմտյան մշակույթում գոյություն ունեցող հաճոյապաշտության պատճառը։
- Օշո
Այո, շուրջ երկու հազարամյակ քրիստոնեական աշխարհում փորձել են ոչնչացնել լիբիդոն։ Ահա թե ինչ է գրված նոր կտակարանում․ «Ուրեմն սպանեցէք ձեր անդամները որ երկրի վերայ են» (Կողոսացիս 3։5) Բայց մի՞թե հնարավոր է սպանել էներգիան։ Ինչպե՞ս կարելի է շրջանցել էներգիայի պահպանման օրենքը։
Ընթերցելով քրիստոնյա սրբերի մասին պատմությունները, կարելի է նկատել, որ նրանք խախտված են եղել սեքսի հողի վրա։ Մեր ժամանակներում պատկերն էապես չի փոխվել, և արևմտյան մամուլը ողողված է մանկապիղծ քահանաների մասին հոդվածներով։

Ինչևէ, որքան ճնշենք սեռականությունը,
այնքան ավելի կհամակվենք սեռականությամբ։ Այդ անպտուղ մարտավարությամբ մենք պարզապես արտամղում ենք կրքերը գիտակցությունից, որոնք, ապաստան գտնելով ենթագիտակցության տիրույթում, պարտիզանական կռիվներ են մղում ես-ի տիրույթում իրենց տեղն ունենալու համար։
Միակ
ելքը սեռական էներգիայի ձևափոխումն է դեպի գիտակցության ավելի բարձր
մակարդակներ։ Չկա էներգիայի ոչնչացման որևէ միջոց։ Հնարավոր է միայն փոխակերպել և ածանցյալ դարձնել բարձրագույն զգացմունքներից։
Գաղտնիք չէ, որ սեռական գործողությունը կարող է լինել․
· ռելաքսացիայի միջոց, սեռական լարվածության լիցքաթափում: Դա ֆիզիոլոգիական պահանջմունքների բավարարման ամենապարզունակ ձևն է: Զուգընկերոջ անձնային որակները գրեթե չեն կարևորվում. զուգընկերները հարաբերություն են ունենում, քանի որ այդ պահին սեռապես գրգռված են։
· որդեծնության կամ օրգազմ ապրելու միջոց: Այստեղ կարևոր է ոչ այնքան բուն սեռական հարաբերության գործընթացը, որքան` նրա արդյույքը` օրգազմը կամ բեղմնավորումը: Էրոտիկ մտահղացումները այստեղ բացակայում են:
· հաճույքի ստացման միջոց: Այս դեպքում կարևորվում են սեքսի խաղային ասպեկտները: Առանձնահատուկ նշանակություն է տրվում նորույթներին, էրոտիկ տեխնիկաների ու մտահղացումների բազմազանությանը: Հոգևոր մտերմությունն այս պարագայում նույնպես պարտադիր չէ, իսկ զուգընկերոջ սեռական բավարարվածությունը խաղի հիմնական կանոնն է:
· ճանաչողության, սեռական հետաքրքրասիրության բավարարման միջոց: Որոշակի իմաստով` սեռական հարաբերությունը մշտապես ենթադրում է ճանաչողություն: Իզուր չէ Աստվածաշնչում «գիտաց կնոջը» արտահայտությունը կիրառվում սեռական հարաբերությունը նշանակելու համար: Այս դրդապատճառներով սեռական կապերը հատուկ են հիմնականում դեռահասներին, որոնց հետաքրքրում է, թե «ինչպես է դա ընդհանրապես լինում»: Մեծահասակների մոտ հարցը փոքր-ինչ հստակ է դրված. «Ի՞նչ է տվյալ մարդը իրենից ներկայացնում սեքսուալ պլանում»: Ամեն դեպքում, զուգընկերը հանդես է գալիս որպես ճանաչողության օբյեկտ:
· ինքնահաստատման միջոց: Այստեղ առաջնային պլան է մղված անհատի պահանջմունքը` ստուգելու կամ ինքն իրեն և ուրիշներին ապացուցելու, որ ինքը կարող է հրապուրել, դուր գալ, սեռապես բավարարել: Այս դրդապատճառը առանձնապես կարևոր է դեռահասների ու պատանիների համար, իսկ մեծահասակների դեպքում այն կարող է կապված լինել սեփական ուժերի հանդեպ անվստահության, միայնության և տագնապի զգացման հետ:
· ոչ սեռական նպատակների հետապնդման միջոց (նյութական շահ կամ ուրիշների մոտ իր սոցիալ-հոգեբանական կարգավիճակի և վարկանիշի բարձրացման միջոց): Այսպես, գեղեցիկ կնոջ հետ մտերմությունը բարձրացնում է տղամարդու պատիվը, իսկ երկրպագուների քանակը` կնոջ վարկանիշը: Առաջատար կողմորոշումը այստեղ շրջապատողների կարծիքն է և կեղծ սոցիալական արժեքները:
· նևրոտիկ փոխհատուցման միջոց: Կպչուն ձեռնաշարժությունը դեռահասների մոտ և մեծահասակների դոնժուանիզմը (զուգընկերների հաճախակի փոփոխությունը) հաճախ ծառայում են որպես սեփական հոգեկան աղքատության փոխհատուցում: Փոխհատուցողական սեքսուալության բնութագրական գիծը` դա նրա հարկադիր, կամային հսկողության չենթարկվող բնույթն է և արդյունքից մշտական անբավարարվածությունը: Ինչպես փոխհատուցողական վարքի մյուս ձևերի դեպքում, այս դեպքում ևս անհատը ջանում է փոխհատուցել կա՛մ մանկության շրջանում հուզական ջերմության պակասը, կա՛մ պարպել սեփական ագրեսիվ իմպուլսները:
· հաղորդակցման միջոց։ Սեռական հարաբերությունը հանդես է գալիս որպես հոգևոր մտերմության արտահայտման ձև, զուգընկերոջ հետ ամբողջության կազմելու ձգտում: Սա հարաբերությունների ամենաբարդ, բարձրակարգ ձևն է: Հաղորդակցական սեքսուալությունը ենթադրում է ընտրականության բարձրագույն աստիճան: Կարևոր է ոչ թե ինչը, այլ ով, ում հետ արվում է այդ ինչը։ Հենց այս դեպքում կարելի է խոսել իսկական «էրոս սիրո մասին:
Կախված այն հանգամանքից, թե ինչպիսին է սեռական պահանջմունքի բավարարմանն ուղղված գործողության ներհոգեկան բովանդակությունը, դրդապատճառը, դա էլ կկանխորոշի դրա նշանակությունը անձի ինքնազարգացման համատեքստում։ Մենք, իհարկե, ազատ ենք մեր ընտրություններում, սակայն, անխուսափելիորեն կրելու ենք կատարված յուրաքանչյուր ընտրության հետևանքները։ Եթե մեր գործողությունները բխում են իսկական սիրուց և համաձայնեցված են մեր խորքային համոզմունքների, արժեհամակարգի, իդեալների, սկզբունքների, մեր ես-պատկերների, մեր բարոյագիտակցության հետ, եթե գործում ենք ինքներս մեզ հետ ներդաշնակ և հանձն ենք առնում պատասխանատվություն կատարվելիք քայլերի համար, ապա այդպիսով նպաստում ենք մեր անձնային աճին և ինքնազարգացմանը։ Հակառակ դեպքում, երբ մենք չենք հասկանում մեր գործողությունների հիմքում ընկած շարժիչ ուժերի բնույթը, գործում ենք տարրերային, ներքին անվերահսկելի ազդակների, լիովին չգիտակցված դրդապատճառների թելադրանքով, անում ենք ոչ թե այն, ինչն իսկապես ցանկանում ենք, այլ այն, ինչը պարզապես չենք կարողանում չանել, և այդ բանն անելուց հետո ուժգնորեն տառապում ենք, ուրեմն ժամանակն է կանգ առնել․ մենք ընթանում ենք ինքնաքայքայիչ ուղով։

Ա․Թ․ 04․10․2015
Комментарии
Отправить комментарий