ՉՏՎՈՂ ՉԿԱ… ՎԱՏ ՈՒԶՈՂ ԿԱ…


Աշոտ Թորոսյան

       Դժվար չէ նկատել, որ մեր իրականության մեջ «լավ տղու» պատրանքներով ապրող արական սեռի ներկայացուցիչների մի ստվար զանգվածի մոտ լայն տարածում են գտել այնպիսի արտահայտություններ, ինչպիսիք են` «վիզ դնել», «իրանին հասնել», և այլն: Այս անհայտ հայ փիլիսոփաններն այն կարծիքին են, որ աշխարհի բոլոր կանայք և աղջիկները` բացառությամբ իրենց մայրերի և քույրերի, տառապում են մազոխիստական բարդույթներով, որ նրանց «չէ-ն»  իրականում «հա-ն» է, և որ լավ «համոզելու» դեպքում կարելի է կոտրել ցանկացած կնոջ դիմադրություն: <<Չտվող չկա, վատ ուզող կա>>,-տրամաբանում են նրանք:

       Պետք է կարծել, որ հայախոս <<որցերի>> մոտ նմանատիպ զառանցանքների առկայությունը, ըստ ամենայնի, հետևանք է կնոջ սեռական բնության վերաբերյալ պոռնկագրական նյութերից ստացված, մեղմ ասած, ոչ իրատեսական տեղեկությունների: Այսպիսի ֆիլմերի դասական սցենարներից մեկի համաձայն` կինը սկզբից դիմադրություն է ցույց տալիս, սակայն, երբ տղամարդը «համառություն» է դրսևորում, ի վերջո հասնում է իր համար ցանկալի արդյունքի:      Զննելով մեր հասարակության «վիզ դնողների» վարքագիծը, որոնք նույնիսկ քառասուն տարեկան հասակում դուրս չեն գալիս դեռահասության տարիքից, դուք կտեսնեք, որ նրանց համառությունը` դա կամակորություն է, քաջությունը` հանդգնություն, զգուշությունը` երկչոտություն, վեհանձնությունը` խորամանկություն, արդարությունը` ոճրագործություն, ազնվությունը` հիմարություն, ուղղամտությունը` շրջահայացություն և այլն: 
       Սակայն, այստեղ առավել կարևոր մի հարց է առաջանում: Մի՞թե առաքինի ու արժանապատիվ հայ աղջիկը կտրվի առաջին իսկ խաբեբային, որը կմտադրվի սիրահարի դեր խաղալ, մի՞թե կհանձնի իր սրտի վերջին, ամենաթանկարժեք գանձերը, մի՞թե կփչացնի իր կյանքը կասկածելի հաճույքների մի ակնթարթի համար: Շատ տղամարդիկ են Հայաստանում փորձում կայացած և ուժեղ անհատականության տպավորություն գործել: Դրա համար շատ բան պետք չէ. ունենալ մեծ փոր, ուռած գլուխ, <<բագաժնիկում ավտոմատ>>, հանրապետականների ու <<գողագանների>> խաչասերումից ստացված բոսյակների շրջապատ, <<քուչում մի քանի ջահելներ>> և որ ամենակարևորն է… համապատասխան բժշկական փաստաթղթեր, որ էս տղեն արդեն էնքանով ա տղա, որ հասցրել ա մի քանի անգամ բուժվի տարբեր վեներական ախտերից: Էտ ոնցոր <<ուդո>> ըլնի, որ ինքը <<տղայա>>: Սակայն, այդ <<վկայականները>>, բարեբախտաբար, ոչ բոլոր մեր աղջիկների մոտ են անցնում: Մեր քույրերը հասկանում են, որ լավ տղան` դա արական սեռի երեխան է, որը դեռ փոքր է, գտնվում է ծնողների խնամակալության տակ, լավ է սովորում դպրոցում, հարգանքով է վերաբերվում մեծահասակներին, հետո մեծանում է ու դառնում լավ պատանի, որը, հաջողությամբ դիմագրավելով տարիքային այդ շրջափուլի մարտահրավերները, կարողանում է ինքնորոշվել, ինքնահաստատվել իր կյանքի ուղու և մասնագիտության ընտրության մեջ: Այնուհետև, լավ պատանին դառնում է լավ երիտասարդ` իր պետության և հասարակության համար պիտանի մարդ և քաղաքացի, լավ զավակ իր ծնողների համար, լավ մարդ իր հարազատության, բարեկամության և հարևանության համար, լավ եղբայր, լավ ամուսին, լավ հայր և բարեխիղճ աշխատող: Իսկ մնացած <<լավերը>>, … դրանք մեր հասարակության <<ատբռոսկեքն են>>, որոնց համար ազգովի ամաչելու բան ունենք: Ամեն դեպքում, <<չտվող կա… >> ու էտ ուզողներին իրենց պատասխանը տվող էլ կլինի…  

Комментарии

Популярные сообщения