ԴՈՆ ԺՈՒԱՆԻ ԿԵՐՊԱՐԸ ԲԱԼԶԱԿԻ ԲՆՈՐՈՇՄԱՄԲ
Մի՞թե չեն պատահում տղամարդիկ, որոնց խորունկ ոչնչությունը գաղտնիք է նրանց ճանաչող մարդկանց մեծամասնության համար: Բարձր դիրքը կամ թե քաղաքավարության որոշ փայլը նրանց համար կարծես պահակներ լինեն, որոնք արգելում են քննադատներին թափանցել նրանց ինտիմ գոյավիճակի մեջ: Այդ մարդիկ նման են թագավորների, որոնց իսկական բնավորությունը և բարքերը կարծես երբեք էլ չեն կարող ոչ լավ ճանաչվել, ոչ էլ ճշտորեն գնահատվել: Նրանք տեսանելի են կամ շատ հեռվից կամ շատ մոտիկից: Շինծու արժանիքներով օժտված այդ մարդիկ ոչ թե խոսում, այլ հարցեր են տալիս, հմտություն ունեն ուրիշներին բեմ հանել, որպեսզի խուսափեն իրենք իրենց հանդես բերելուց:

Դուք ձեզ սիրված եք կարծում, իսկ նա ձեզ ատում է, ինչու, չգիտեք ինչի համար: Վերջապես անհոգ է ծափահարությունների նկատմամբ: Ուզում է ամեն ինչի նմանվել և ամեն ինչ ծաղրում է, ձևացնում է և' ուրախություն, և' տխրություն: Այդ բոլորը նրան հրաշալի կերպով է հաջողվում: Երբ նրան սիրում են, կարողանում է հիացմունք պատճառել, երբ ուզում է: Նրա համոզիչ ձևերը աստծուն էլ կխաբեն: Պետք է նրա հետ երկար ապրել այդ կեղծ բարեմտության գաղտնիքը իմանալու և նրա խաբեությունների անտեսանելի նշտարը ճանաչելու համար: Այնպես որ դուք պարտված կլինեք նրա կատվային ձևերից և երբեք չեք հավատա նրա թաքուն մտքերի խոր ու արագ հաշիվներին:
Երբ Դոն Ժուանը կռահում է, որ կարողացել է իր զոհի սրտում սիրո սերմեր աճեցնել, ապա այդ խեղճի հոգում մոլեգնող անվճռականություններն ու սարսափները փարատում է իր շոյիչ սոփեստություններից մեկին դիմելով, ինչպես, օրինակ, <<սերն ավելի պահանջկոտ տեր է, քան ամուսնությունը>> և այդպիսով վերջ դնում իր ճիրաններում բարոյապես կիսամեռ զոհի` առաքինության և կրքի փոխադարձ բախումներով ուղեկցվող հոգեվարքին:
Եթե Դոն Ժուանը ամուսնացած է և չի սիրում իր կնոջը, նրա սերը վերստին բռնկվում է, երբ տեսնում է, որ ախոյան ունի: Ուզում է թողնել կնոջը, բայց չի ուզում նրա կողմից լքվել: Երբ նա հասնում է այդ կետին, աշխատում է պահել առաջնությունը, քանի որ շատ խորն է ինքնասիրության վիրավորանքը: Իսկ թե լքել է ուզում, կրակ ու բոց է արձակում, աղմուկով է բաժանվում կնոջից, թեև նրանցից ավելի խելացիները իրենց հեռացնել են տալիս և ընդունում են նվաստացածի դեմք, որը կանանց թողնում է ափսոսանքի և իրենց առավելության անուշ զգացումը: <<Աստվածության աչքից ընկնելը անուղղելի չէ, այնինչ ուրացումն անդարմանելի է>>,-տրամաբանում են նրանք:
Комментарии
Отправить комментарий