Զգացմունքների մեխանիզացիա կամ աստվածահաճո բարդույթավորումը տոտալիտար կրոնական կազմակերպություններում



«Տրամաբանել այնտեղ, որտեղ հարկավոր է զգալ, հատուկ է սլացում չունեցող հոգիներին» - Բալզակ



Ես նկատել եմ, որ որոշ կրոնական խմբերում, ուր Սատանայի ներգործություններին տրվելու նկատմամբ վախը մշտական հոգեվիճակ է, և որտեղ մարդկային սիրտը գնահատվում է որպես «խորամանկ խաբեբա», սիրո ռացիոնալացման, տրամաբանացման բավական զորեղ միտում կա: Նմանատիպ հասարակություններում ամուսնությունները կայանում են մոտավորապես հետևյալ սկզբունքով: Ի պատասխան ընկերության և փոխադարձ ճանաչողության առաջարկին` կինը (տղամարդը) հայտնում է, որ կմտածի դրա շուրջ և որոշ ժամանակ հետո կտեղեկացնի իր որոշման մասին: Դրական պատասխանի դեպքում սեռերի ներկայացուցիչները սկսում են հանդիպել: Շփման մեջ զուգընկերները պահպանում են ընդգծված տարածություն. նրանք խուսափում են ֆիզիկական շփման այնպիսի ձևերից, ինչպիսիք են ձեռք բռնելը, գրկախառնվելը, համբուրվելը և այլն: Ճիշտ է, համբույրը գեղագիտական տեսակետից միանգամայն դրական երևույթ է, սակայն, «հոգևոր» մարդու պարագայում այն պետք է ունենա որոշակի իրավաբանական նշանակություն:  Տվյալ դեպքում համբույրը ոչ այլ ինչ է, քան, պարզապես, մաշկամկանային շփման ձևով հանդիսավոր մի երդում, որն առաջին անգամ տրվելով զույգերի կողմից ամուսնության պաշտոնական գրանցման փաստաթղթերը ստորագրվելուց անմիջապես հետո, ազդարարում է իրավական պատվերով ստացվելիք բոլոր այն զգացողությունների ի հայտ գալը, որոնք, դատական կատարածուի համառությամբ, պետք է հսկեն ապագա ամուսինների սեռական մերձեցման ընթացակարգը` խթանելով ամուսնական պարտքը հատուցելու փոխադարձ իրավական պարտավորությունների կատարմանը: Նույնիսկ նշանված վիճակում զույգը պարտավոր է զերծ մնալ շփման մեջ ֆիզիկապես մինյանց  մոտ գտնվելուց: Հակառակ դեպքում առկա է պոռնկություն գործելու վտանգ, չնայած որ «սերն անվայել վարմունք չի ունենում» (Ա. Կորնթ. 13:6): Հանդիպումների ժամանակ գլխավոր ուշադրությունը կենտրոնացվում է միմյանց, այսպես կոչված, «հոգևոր հասունությունը» ստուգելուն: Ինչ վերաբերում է զգացմունքներին, ապա հոգևորապես «հասունների» մոտ դրանք ծնվում են սոսկ այն ժամանակ, երբ վերջիններս տնտեսապես բավարար կայացած են` պատասխանելու այն հարցին, թե իրենցից «ո՞ր մեկը որ ուզում է աշտարակ կառուցել, նախ չի նստում և չի հաշվում ծախսը` տեսնելու թե բավականաչափ միջոցներ ունի՞, արդյոք այն ավարտելու համար»: Այնուհետև, երբ զուգընկերները եզրակացնում են, որ արդեն բավարար չափով ճանաչում են իրար, նշանվում են և, շատ չանցած, օրինականապես գրանցում իրենց ամուսնությունը:


        Պետք է ասել, որ «սիրո» այս կաղապարն արտացոլում է չոր արևմտյան պրագմատիզմը, որտեղ մարդկային հարաբերություններում ամեն ինչ որոշվում է անհրաժեշտաբար և չոր հաշվարկների հիման վրա: Մինչդեռ, իսկական սիրո դեպքում զգացմունքները չեն ծնվում բանակցային ճանապարհով: Սիրելու ընդունակ մարդկանց մոտ կա զարմանալի ներքին տեսողություն: Նրանք անսովոր ճշգրտությամբ վերծանում են միմյանց մտքերը և երբեք չեն ճղճիմանում` քննարկելով մանր հարցեր, ինչպես, օրինակ, ձեռք բռնել թ՞ե ոչ, համբուրվել թ՞ե ոչ:  Նրանց մոտ ամեն ինչ ստացվում է բնական և օրինաչափ կերպով, իսկ զգացմունքները ծնվում են միաժամանակ` ճանաչողության և ոչ թե տնտեսագիտական հոտառության կամ դիվանագիտական հեռանկարայնության հիմքի վրա: Ընդ որում, անբարոյականություն է ագարակ կառուցելու համար անհրաժեշտ հաշվենկատությունը, որը Քրիստոսը, ամենայն հավանականությամբ, կարևորել էր պատասխանատվության զգացման դաստիարակման նկատառումներով, շահարկել` սերը որպես խելամիտ հաշվարկի արդյունք մեկնաբանելու օգտին: Աստվածատուր կամքն, իր հերթին, երբեք զսպաշապիկ չի հագցնում նույնքան աստվածատուր զգացմունքներին, որոնց դեմ «օրենք չկա» (Գաղատացիս 5:23): Բայց, քանի որ տոտալիտար-կրոնական հայեցակարգերում մարդը գլխավորապես ներկայացված է որպես իրադրային ներգործությունների և իր կենսաբանական ակտիվության թիրախ, ապա այստեղից միանգամայն հասկանալի է դառնում «մեղքի» նախականխման բնագավառում գերզգուշավորության քարոզչության մշտական հեղեղը: Սակայն հարց է առաջանում: Եթե մարդը անհուսալիորեն խոցելի է իրադրությունների նկատմամբ, ապա ի՞նչը «սովորելու համար գրվեցավ» Հովսեփի օրինակը, որը պոռնկանալու իմաստով չափազանց բարդ իրադրության մեջ դիմադրեց Պետափրեսի կնոջ գայթակղությանը: Իսկ ի՞նչ կարելի է ասել Իսրայելի Դավիթ թագավորի մասին, որը թեպետև անմիջականորեն գայթակղեցնող իրադրության մեջ չէր գտնվում, սակայն շնացավ իր հավատարիմ զինակցի կնոջ հետ ու սպանել տվեց նրա ամուսնուն: Այս օրինակները հստակ ցույց են տալիս, որ մարդկային կամքը չի կարող դիվային ուժերի քմահաճույքների առարկա հանդիսանալ: Չէ՞ որ երկնային ուժերի ազդեցություններին տրվելու առումով, անգամ իրենց կրոնական գրականության մեջ բազմիցս նշվում է. «թու´յլ տվեք, որ սուրբ ոգին ազդի ձեր կյանքի և որոշումների վրա», կամ «թույլ մի´ տվեք, որ սատանան կուրացնի ձեր մտքերը» և այլն: Այսքանից հետո միայն XVII-րդ դարի իռացիոնալիստ փիլիսոփաները կարող էին ենթադրել, որ մարդն անհրաժեշտաբար գործում է իր կամքից անկախ գոյություն ունեցող օրինաչափությունների թելադրանքով, իսկ այդպես մտածել` նշանակում է ընդհանրապես բացառել ընտրության հնարավությունը: Ի վերջո, իրադրությունները չեն, որ գտնում են մարդկանց, այլ մարդիկ իրենք են գտնում այն իրադրությունները, որոնցում փորձում են բավարարել իրենց ապօրինի ցանկություններն ու հոռի կրքերը, ինչը հաստատվում է հենց Իսրայելի Դավիթ թագավորի հետ պատահած դեպքով:  Կամքի զարգացման խնդիրը թերևս այն է, որ այն ապահովի մարդկանց և աշխարհի հետ գոյության նոր, որակապես ավելի բարձր մակարդակ, որում ազատությունն ու ինքնուրույնությունը կուղղորդեն բանական մարդու քայլերը: Ի վերջո, եթե զարգացած կամքը հասուն սիրո կարևորագույն երաշխիք է, ապա սերն էլ, իր հերթին, չի հանդուրժի բանականության մետաֆիզիկական ուրվականը:

Ա․Թ․ 08․09․2012

Комментарии

Популярные сообщения